Բարեփոխումներ Հայաստանի դեղերի շրջանառության ոլորտում
Դեղերի մասին բարեփոխված օրենքը բնակչությանը հնարավորություն կտա որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղեր ձեռք բերել, կլուծի նաև մատչելիության հարցը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանը: Տիկին Բեգլարյանը, ներկայացնելով դեղերի ոլորտի բարեփոխումները, ասաց, որ դեղերը համարվում են և՛ սոցիալական, և՛ առողջապահական ապրանք, և դրանք պետք է լինեն որակյալ, անվտանգ, արդյունավետ և մատչելի. «Մատչելիությունը երկու տեսանկյունից ենք դիտարկում՝ տնտեսական կամ ֆինանսական մատչելիություն, այսինքն՝ դեղը շուկայում կարող է գոյություն ունենալ, բայց սպառողը չկարողանա այն ձեռք բերել, որովհետև նրա համար տնտեսապես անմատչելի է, և երկրորդ՝ ֆիզիկական մատչելիություն. սպառողը ֆինանսապես պատրաստ է այն ձեռք բերել, սակայն դեղը բացակայում է ՀՀ շուկայում:
Այդ խնդիրն էլ առաջանում է այն պատճառով, որ բժիշկները ցանկանում են շատ ավելի արդյունավետ, նոր դեղեր նշանակել, բայց, ցավոք սրտի, այդ դեղերը գրանցված չեն Հայաստանում: Նման խնդիր ունենում են նաև մեր սփյուռքահայ հայրենակիցները, որոնք արտասահմանից գալիս են Հայաստան և իրենց հետ դեղերը չեն բերում, իսկ այստեղ էլ իրենց անհրաժեշտ դեղերը չեն գտնում: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում գրանցված է դեղերի մոտ 4 հազար անվանում, իսկ Ռուսաստանում՝ մոտ 20 հազար»:
Մարգարիտա Բեգլարյանը հավաստիացնում է, որ ցանկացած երկրի, նաև Հայաստանի համար դեղերի ոլորտի կարգավորումը զգալի հիմնախնդիր է, այդ իսկ պատճառով ցանկացած նախարարություն, և նաև` ՀՀ առողջապահության նախարարությունը, մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին:
Ըստ մեր զրուցակցի, դեղերի գնման մրցույթ անցկացնելիս դեղերի ընտրության տեխնիկական բնութագրերում արդեն նոր չափորոշիչներ են հաստատվում, որոնց շնորհիվ կենտրոնացված կարգով ոչ միայն առավել մատչելի, այլ նաև արդյունավետ դեղեր ձեռք կբերվեն:
Դեղերի մասին օրենքը, որը գործում է մինչ օրս, ընդունվել է 1999 թվականին: Օրենքում առկա թերությունները Մ. Բեգլարյանը պարզաբանում է հետևյալ կերպ.
«Այն ժամանակ օրենքը շատ հապշտապ էր ընդունվել, որովհետև անկախանալուց հետո դեղագործական շուկան կարգավորող օրենք չկար:
Արդեն մշակվել է դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որը կառավարությունից ուղարկվել է Ազգային ժողով: Երբ նոր օրենքը կյանքի կոչվի, կնպաստի ոլորտի զարգացմանը: Նոր օրենքում, բացի շտկումներից, շատ կետեր են ավելացվել, որոնք նախկինում ընդհանրապես ընդգրկված չէին, օրինակ՝ կլինիկական հետազոտություններին առնչվող հոդվածը»:
Մ. Բեգլարյանը, որը նաև «Դեղագործություն և դեղաբանություն, գիտություն և կրթություն» ասոցիացիայի նախագահն է, ներգրավված է ՀՀ առողջապահության նախարարության Էթիկայի կոմիտեի կազմում: Նրա ներկայացմամբ` կոմիտեն պաշտպանում է այն կամավորականների իրավունքները, որոնք համաձայնել են անցնել կլինիկական հետազոտություն, այսինքն՝ փորձարկել որոշ դեղեր. «Էթիկայի կոմիտեի նիստերի ժամանակ քննարկվում է, թե որ դեղն է անցնելու կլինիկական հետազոտություն, և աշխատում ենք այնպես անել, որ ոչ մի բացթողում չլինի, որպեսզի չվնասենք հիվանդին»:
Դեղերի ոլորտում բարեփոխումներից մեկն էլ դեղերի դրոշմապիտակավորումն է:
Չնայած նրան, որ բազմաթիվ մասնագետներ կանխատեսում էին, որ դրոշմապիտակավորմամբ դեղերը կթանկանան, բայց, ինչպես տիկին Բեգլարյանն է հավաստիացնում, դեղերի գինը, դրոշմապիտակավորմամբ պայմանավորված, ընդամենը 2-5 դրամով է բարձրացել: Փոխարենը` այն բերել է դեղերի պաշտպանվածությանը. «Սպառողը կարող է դեղատանը ստուգել դրոշմապիտակի առկայությունը և նույնիսկ հաշիվ-ապրանքագիրը պահանջել, որպեսզի տեսնի, թե դեղատունն այդ դեղն ինչ ճանապարհով է ձեռք բերել: Դրոշմապիտակավորման շնորհիվ պետությունը վերահսկում է արտասահմանյան դեղերի շրջանառությունը և տեղական արտադրության ծավալները»:
Մեր զրուցակիցը մեկ այլ կարևոր բարեփոխում էլ է առանձնացնում. «Որոշ դեղագործական ընկերություններ, մասնավորապես՝ եվրոպական, առողջապահության նախարարի դիմումին արձագանքելով` կատարել են դեղերի գների վերանայում, և դրանք դարձել են ավելի մատչելի, օրինակ՝ սիրտ-անոթային, շաքարային դիաբետի դեղերը»:
Ըստ տիկին Բեգլարյանի, 2015 թ.-ից հանրապետությունում իրականացվում են որոշ կանխարգելիչ և սկրինինգային ծրագրեր, որոնցից է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը. «Այս ծրագրի շրջանակներում կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն, «Գլոբալ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի», «Տուբերկուլյոզի դեմ պայքարին ուղղված» ծրագրերը և սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որի շրջանակներում առ այսօր շուրջ 1000 կյանք է փրկվել: Վերջերս կառավարությունը ևս 500 միլիոն դրամ է ուղղել այդ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար»:
Մասնագետների վերապատրաստման ծրագրի համար էլ կառավարությունը պետբյուջեից 36 միլիոն դրամ է հատկացրել: Մ. Բեգլարյանը գտնում է, որ այս ծրագրում ոչ միայն բժիշկներ, այլև դեղագետներ էլ պետք է ընդգրկել, որովհետև նրանց նույնպես խիստ անհրաժեշտ են վերապատրաստման դասընթացները:
Անդրադառնալով ասոցիացիայի գործունեությանը, մեր զրուցակիցն ասաց, որ, ի թիվս բազմաթիվ դեղագործների, Դեղագետների ասոցիացիայի անդամներ են նաև ԵՊԲՀ-ի ուսանողները: Այս տարի ասոցիացիան, Առողջապահության նախարարության աջակցությամբ, պատրաստվում է դեղագործական համաժողով կազմակերպել: Փորձի փոխանակման նպատակով համաժողովին կհրավիրվեն նաև արտասահմանցի մասնագետներ:
«Արտերկրում այսօրինակ ասոցիացիաները կարևոր և բարձր դիրք են զբաղեցնում, և կառավարությունը հաշվի է առնում այդ հ/կ-ների կարծիքը: Նույնիսկ այն դեղագետը, որն ուզում է մեկնել այլ երկիր աշխատելու, պետք է ունենա մասնագիտական ասոցիացիայի երաշխավորագիրը: Մենք ուզում ենք համագործակցել հանրապետությունում գործող բոլոր այն ուսումնական հաստատությունների հետ, որոնք ունեն դեղագործական ֆակուլտետ:
Ասոցիացիայի անդամներն անդամավճար չեն մուծում: Հույս ունենք, որ, նախարարությունից բացի, դեղագործական ընկերությունները նույնպես կֆինանսավորեն ասոցիացիայի նախաձեռնությունները, որովհետև բոլորը՝ և՛ նախարարությունը, և՛ դեղագործական կազմակերպությունները, և՛ բնակչությունը շահագրգիռ են, որպեսզի մենք ունենանք բանիմաց մասնագետներ»,- ասում է Մ. Բեգլարյանը:
Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ