Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը վերջին թունավորման դեպքերի ժամանակ հանդես է գալիս՝ որպես «հրշեջ»

Այս տարի, իրոք, շատ են եղել թունավորման դեպքերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում մեծ աղմուկ բարձրացրած՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում գրանցված թունավորման դեպքերին՝ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ 46 աշակերտ թունավորման արդյունքում հոսպիտալացվել էր: Թունավորման պատճառը եղել էր դպրոցից գնած նրբերշիկը:

«Բայց նրանց բուժումը անգամ մեկ օր էլ չտևեց, բոլորին բարեհաջող դուրս գրեցինք»,- նշեց Ա. Ասոյանը՝ տեղեկացնելով, որ առայժմ թունավորման արդյունքում չկան հետևանքներ, որովհետև թունավորումն այդքան «ծանր և խորը» չէր:

Ա. Ասոյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունն այս վերջին դեպքերին հանդես է գալիս՝ որպես «հրշեջ». «Լինում են դեպքեր, մենք գնում ենք, տեղում աշխատում ենք, որպեսզի վերացնենք այդ արդյուքները, բայց այդ դեպքերը ես կբաժանեի երկու խմբի՝ որտեղ կա մարդկային գործոն, մարդու սխալը, և որտեղ կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ չափազանց շոգ օրերը, ջրի խողովակների մաշվածությունը և այլն»:

Ինֆեկցիոնիստի խոսքով՝ օրինակ, Թալինում և Շիրակի մարզում թունավորման պատճառ էր հանդիսացել ջրատարների մաշվածությունը. «Դրանց պատասխանատվությունը հիմնականում դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, և ոչ թե՝ Առողջապահության նախարարության»:

Ա. Ասոյանը նկատեց, որ այս տարի, իրոք, շատ են եղել թունավորման դեպքերը՝ պայմանավորված մի քանի գործոններով, բայց հատկապես նշանակություն է ունեցել շատ շոգ եղանակը. «Մեզ մոտ ընդունված է, որ շոգ ամիսներին, երբ գնում են Սևան կամ ուրիշ տեղ, անպայման պետք է խոզի խորոված ուտեն: Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է: Գոնե ամռան ամիսներին կարելի է հաց ու պանիր ուտել, օղիի փոխարեն՝ թան խմել, ուրիշ բաներով զբաղվել»:

Բանախոսը նշեց, որ այս վերջին թունավորումների դեպքում՝ սննդի վերահսկողության տեսչության աշխատողներն իրենց հետ հավասար աշխատել են: Դիտարկմանը՝ բայց իրենք պետք է ոչ թե այդ պահին աշխատեն, այլ մինչ այդ դիտարկումներ անեն, Ա. Ասոյանը պատասխանեց, որ կա մի օրենք, որն արգելում է հաճախակի այդ ստուգումները կատարել:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ սննդի անվտանգության տեսչությունը բավարար ձևով վերահսկողություն կատարո՞ւմ է, թե՞ ոչ, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը պատասխանեց, որ ինքը այդ տեսչության փոխարեն չի կարող պատասխանել:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե այս վերջին թունավորման դեպքերի ժամանակ ո՞վ է երեխաներին հիվանդանոցներից դուրս գրել, ինֆեկցիոնիստը պատասխանեց, որ անձամբ ինքն է դա արել. «Կոնկրետ Արարատի դեպքում՝ դպրոցում թունավորված երեխաներին բոլորին ես եմ դուրս գրել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս