Բաժիններ՝

«Իրականում «Խորովածի, արվեստի և երաժշտության» փառատոնի հիմքում շատ կարևոր ճանաչողական խնդիրներ կան»

Շաբաթ օրն Աղթալայի Սբ. Մարիամ եկեղեցու բակում կազմակերպվեց «Խորովածի, արվեստի և երաժշտության» 7-րդ փառատոնը, որն անցավ մասնակիցների և Աղթալա ժամանած մեծ թվով տեղացի և արտասահմանյան հյուրերի բարձր տրամադրությամբ, ազգային երգ ու պարի նվագակցությամբ: Փառատոնն այս տարի ներգրավել էր թվով 12 մասնակիցների Հայաստանի տարբեր մարզերից և մեկ պատվիրակություն Վրաստանից:

«Խորովածի, արվեստի և երաժշտության» 7-րդ փառատոնն այս տարի կազմակերպվել և իրականացվել էր Լոռու մարզպետարանի, Աղթալայի քաղաքապետարանի, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տուրիզմի վարչության Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի, Գործարար կանանց միության, ինչպես նաև արտադրությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների մասնակցությամբ:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ-ի հիմնադիր, խոհարար Սեդրակ Մամուլյանը 168.am-ի հետ զրույցում կարևոր համարեց հատկապես արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունն այս փառատոնին.

Xorovac (1)

Annual barbecue festival took place near Akhtala Monastery

Xorovac (5)

«Ես ուրախ եմ, որ արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները հարմար են գտնում մասնակցել միջոցառմանը: Առհասարակ տնտեսական միջավայրի ներգրավման տեսակետից 7-րդ փառատոնն այս տարի լավ արդյունքներ գրանցեց: Այս միջոցառման հիմնական նպատակներից մեկն էլ տնտեսվարող կազմակերպությունների շահագրգռվածությունն է՝ մասնակցել փառատոնին, շահույթ ակնկալել և ստանալ, որովհետև առանց շահույթի, կարծում եմ, միջոցառումը ֆունկցիոնալ առումով թերի կլիներ»:

Մեզ հետ զրույցի ընթացքում խոհարարն անդրադարձավ նաև փառատոնը հենց Աղթալայում կազմակերպելու և անցկացնելու խնդրին. «Իրականում այս փառատոնի հիմքում շատ կարևոր ճանաչողական խնդիրներ կան. նախ՝ ազգային խոհանոցի ճանաչման և տարածման, հետո նաև՝ մեր հայրենիքի տարածաշրջանների համամասնական զարգացման, զբոսաշրջային բարենպաստ միջավայր ստեղծելու խնդիրը: Իհարկե, մեզ շատ են հարցնում՝ ինչո՞ւ հենց Աղթալա, որովհետև շատ հեռու է Երևանից: Այս միջոցառումն իրականում բոլորովին էլ Երևանի համար չէ ու երևանցիներինը չէ, այլ՝ Աղթալայի բնակչության համար: Այստեղ՝ Աղթալայում էլ, նոր-նոր են հասկացել, որ սա հենց իրենց միջոցառումն է, ու իրենք են առաջին շահառուները: Մենք պարզապես սկսել ենք, հիմք ենք դրել՝ տեղում տնտեսական շարժ ստեղծելու նպատակով միայն: Եվ այս տարի ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս առումով մենք հասանք մեր նպատակին»:

Xorovac (6)

Annual barbecue festival took place near Akhtala Monastery

Annual barbecue festival took place near Akhtala Monastery

Սեդրակ Մամուլյանն ընդհանուր առմամբ գոհ էր 7-րդ փառատոնի ձեռքբերումներից և մեզ հետ զրույցում չթաքցրեց իր գոհունակությունը. «Պարզվում է՝ իսկապես որ 7-ը խորհրդավոր թիվ է: Հիմա կարող եմ վստահաբար ասել, որ այս տարվա 7-րդ փառատոնը կայացավ: Մենք բավականություն ստացանք կազմակերպվածության, մասնակիցների համար տոնի ընկալման առումով, տեղի բնակչության սպասելիքների արդարացման տեսակետից, և այլն: Գիտեք, նրանք մեզ սպասում էին և իսկապես մեզ տեսնելով՝ ուրախացան: Տոնը ստացվեց արդեն, և ես վստահ եմ, որ այս միջոցառումն արդեն հարատևելու է»:

Հարցին՝ արդյո՞ք խորովածը կարելի է ազգային ավանդական կերակուր համարել, խոհարար Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «Նախ՝ խորովածն ուտեստ չէ, այլ աշխարհում հայտնի առաջին ջերմային մշակման եղանակը, այն հինգ հիմնական տարբերակներից մեկը, որի միջոցով պատրաստվում են կերակուրները, իսկ այն հայկական ավանդական անվանելու կամ չանվանելու խնդիրն այս փառատոնի նպատակների մեջ չի մտնում: Ի վերջո, մենք միայն խորովածի փառատոն չենք իրականացնում, այլ նաև տոնածիսական կերակուրների, տոլմայի, ձկան և այլ միջոցառումներ նույնպես: Պետք է ասեմ, որ այս իմաստով մենք զերծ չենք մնացել քննադատություններից: Հաճախ են ասում՝ կերակրատեսակն ի՞նչ է, որ մենք դրան նվիրված փառատոն ենք կազմակերպում, փառաբանում ենք և այլն: Իրականում այս միջոցառման հիմքում շատ կարևոր ճանաչողական խնդիր կա, և դա է մեր հիմնական ուղերձը»:

Xorovac (2) Xorovac (3)

Annual barbecue festival took place near Akhtala Monastery

Xorovac (4)

168.am-ի հարցին՝ ունե՞նք արդյոք հայկական ավանդական կերակրատեսակներ, որոնք միջազգային ճանաչման են արժանացել, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «Միջազգային ճանաչողությունը հարաբերական հասկացություն է, և դրան հասնելուց առաջ մենք պետք է նախ և առաջ՝ մեր հասարակության մեջ գնահատենք ու արժևորենք մերը: Ես հակադարձ հարց եմ ուզում տալ՝ իսկ ո՞ր հանրային մեծ ճանաչում և համբավ ունեցող հայ մարդուն կարող եք ինձ մատնացույց անել, ով նախընտրությունը տալիս է հենց հայկական խոհանոցին: Չկան: Ահա այստեղ է մեր մեծ ցավը: Մենք հազարավոր կերակրատեսակներ ունենք, բայց դրանք, մեծ իմաստով, անհայտ են մնացել հենց մեր կողմից՝ ինչ-որ մասով քաղքենիության, օտարամոլության և, ինչո՞ւ չէ, նաև ինֆորմացիայի ոչ բավարար տարածվածության պատճառով: Մարդիկ խոհանոցը կապում են նորաձևության հետ, այնինչ կերակուրն ընդամենը միջոց է՝ առողջ լինելու, կենսունակությունը պահպանելու և տեսակը շարունակելու համար»:

Լուսանկարները՝ Տաթևիկ Զարգարյանի և Ֆոտոլուրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս