«Ընդդիմությունը շատ դժվար է միավորվում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ուրբաթ օրը հրավիրված ասուլիսում վերահաստատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող «Ո՛չ»-ի շարժմանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունում քննարկումները դեռևս շարունակվում են, և քաղխորհրդի որոշումը կլինի քիչ ավելի ուշ։

«Այն հետաքրքրասերներին և մարդկանց, որոնք կարող են անընդհատ շեշտադրել, թե ինչո՞ւ նախկինում ձեր կարծիքը կարծր էր, հիմա փոխվել է, ուզում եմ պարզաբանել. գիտեք, որ մինչև փետրվար ամիսը կար թեժ պայքար ոչ իշխանական ուժերի և իշխանությունների միջև` այն հաշվով, որ բավականին լուրջ հարցադրումներ էին դրված` 12 կետեր, և այլն։ Այդ պայքարի տիրույթում, երբ այդ հարցադրումները պետք է գնային հանգուցալուծման, այն երկարատև գործընթացը, որը կոչվում է սահմանադրական բարեփոխումներ, այդ պահին, կարծես, ժամանակավրեպ էր։

Մենք ասում էինք` թող այս հանգուցալուծումը վերջանա, մենք չենք մերժի երբեք սահմանադրական բարեփոխումները, որովհետև դա «Բարգավաճ Հայաստանի» ծրագրային դրույթներում կա։ Հիմա, երբ այդ քաղաքական հանգուցալուծումը տեղի ունեցավ, մեղմացավ այդ դաշտը, չկա այդպիսի հակամարտող լուրջ պայքար, և հայտ ներկայացնող էլ չկա այս պահին, մենք կարծում ենք` եթե պետության քաղաքական օրակարգում կա այդ խնդիրը՝ մնալ անտարբեր, դիտել և ասել` «ոչ-ոչ», կամ` «հեռացեք հեռացեք», ակտուալ չէ, արդիական չէ»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ոչ իշխանական ուժերն ասում էին, որ քաղաքական մենիշխանություն է, և քաղաքական մենաշնորհ կա որոշումների ընդունման մեջ, ու Մ. Մելքումյանը գտնում է, որ այս նոր սահմանադրության դրույթներով առաջին-երեք բարձրագույն պաշտոնյաները` վարչապետը, ԱԺ նախագահը և նախագահը, որևէ լիազորություն չունեն։ «Բայց ոչ ոք չի ասում, որ սա կատարյալ փաստաթուղթ է` խնդիրներ կային ընտրիչների ինստիտուտի, կայուն մեծամասնության, քննիչ հանձնաժողովների ձևավորման կարգի հետ կապված, և այլն։ Բազմաթիվ հարցադրումներ ենք մենք արել, ու սպասում ենք` ինչպիսին կլինի այդ հարցադրումների պատասխանը»,- ասաց պատգամավորը` նշելով, որ անձերի պայքարից Հայաստանն անցնելու է քաղաքական ուժերի պայքարի։

Հիշեցնենք, որ տարբեր քաղաքական ուժեր (ՀԱԿ, «Ժառանգություն», «Հիմնադիր խորհրդարան» և այլն) հայտարարել են, որ պատրաստվում են «ոչ»-ի պայքար սկսել սահմանադրական բարեփոխումների դեմ` այն դեպքում, երբ ԲՀԿ-ական պատգամավորը ոչ հակամարտող լուրջ պայքար, և ոչ էլ այդ պայքարի հայտ ներկայացնող չի տեսնում։

Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կարծում է` ժամանակը ցույց կտա` հակամարտող լուրջ պայքար կա՞, թե՞ ոչ։

Անդրադառնալով Մ. Մելքումյանի այն տեսակետին, թե պայքարի «հայտ ներկայացնողներ» չկան, «Ժառանգության» փոխնախագահը չհամաձայնեց` նկատելով, որ բազմաթիվ ուժեր կան, որ ներկայացրել են այդ «հայտը». «Մի ժամանակ պարոն Մելքումյանը ևս հայտ ներկայացնողների մեջ էր, բայց հայտը հետ վերցրեց, բայց այն, որ հայտ ներկայացրածներ կան, դա արդեն փաստ է»։

Ա. Մարտիրոսյանն ակնկալում է, որ միասնական պայքար կլինի։ Մեր այն հարցին, թե այս իրավիճակում ինչքանո՞վ է դա իրատեսական, Ա. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Շատ բարդ է, որովհետև ընդդիմությունը շատ դժվար է միավորվում, իրապես քաղաքականությամբ է զբաղվում ընդդիմությունը, որտեղ կան տարբեր գաղափարներ, ծրագրեր, կողմնորոշումներ, սկզբունքներ, նախկին անձնական նեղացած պահեր, երբեմն ընդդիմությունն ավելի ակտիվ պայքարում է ընդդիմության դեմ, քան իշխանության դեմ, բայց հույս ունեմ, որ այդ ամենին վերջ կտրվի, և միասնական պայքար կտարվի»։

Տեսանյութեր

Լրահոս