Ի՞նչ են խոսում ադրբեջանական զինվորականները․ մի գաղտնալսման հետքերով. razm.info
razm.info-ն գրում է. Մի քանի օր է սոցիալական ցանցերի հայ օգտատերերը քննարկում են, ենթադրաբար, ադրբեջանական զինվորականների հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք սեպտեմբերի 6-ին հրապարակել է YouTube-ում «Maga Smith» կեղծանունով ոմն մեկը։
Դատելով զրույցների բովանդակությունից՝ խոսքը ադրբեջանական դիրքերին հայկական զինուժի հասցրած հարվածների հետևանքների մասին է։ Խոսակցություններին առանձին «կծվություն» է տալիս այն, որ տուժածները նշվում են «ոչխար» (ադրբ.՝ qoyun) ծածկագրային բառով։
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 8-ին, ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակեց այդ ձայնագրությունների հիման վրա ստեղծած քարոզչական հոլովակ, որն ավելի խթանեց քննարկումները։
Սակայն սոցցանցերի ադրբեջանական օգտատերերը բավականին զուսպ արձագանքեցին ձայնագրությունների հրապարակմանը՝ առաջ քաշելով երեք թեզ.
ձայնագրություններում չոբանների խոսակցություն է, որոնց ոչխարներին հայերը խփել են,
խոսակցություններն «անհայտ բարբառով» են (ըստ այդմ ակնարկելով, որ խոսողներն ադրբեջանցի չեն),
եթե ադրբեջանցիները նկատի ունենային իրենց կորուստներն, ապա չէին օգտագործի «ոչխար» բառը, ըստ այդմ եթե խոսողներն ադրբեջանցի են, ապա խոսքը հայկական կորուստների մասին է։
Ֆեյսբուքում ադրբեջանական ռազմահայրենասիրական էջերից մեկի կառավարիչն էլ իր երկրի պատկան մարմիններին կոչ արեց պարզելու, թե ով է տեղադրել ձայնագրությունները և, եթե ադրբեջանցի է, պատժել նրան, քանի որ իրենց կարծիքով հրապարակման նպատակը խուճապ առաջացնելն է։
Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն և լրատվամիջոցներն ընդհանրապես չեն մեկնաբանել ձայնագրությունները։
Հեռախոսազրույցների բովանդակությունը
Մինչ փորձենք հասկանալ, թե ինչ ձայնագրություններ են սրանք, ու թե ով և ինչ նպատակով կարող էր դրանք հրապարակել, ներկայացնենք դրանց բովանդակությունը (ինչքանով որ հաջողվել է այն թարգմանել Razm.info-ի ադրբեջանագետներին)։ Նշենք նաև, որ ձայնագրություններում ներկայացվում է հեռախոսազրույցների միայն մեկ կողմը, ինչն ունի իր բացատրությունը, որին նույնպես կանդրադառնանք ստորև։ Ըստ այդմ չլսվող կողմի պատասխանները նշել ենք բազմակետով։
1. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Աստված իմ, էս ինչքա՞ն վիրավոր կա»
— Հրամանատար, ստեղարենք «ցխել» են։
— …
— Ստեղ։
— …
— [մեկը մի ձեռից վիրավոր ա]*։
— Ուղիղ ճաշարանին-բան, շտաբը, ճաշարանը, ամեն ինչը։
— …
— Իմ ժամը պրծավ, էտ ընկավ։**
— …
— Աստված իմ, էս ինչքա՜ն են վիրավորները։
— …
— Էն վերակարգերից էլ կան, ամենայն հավանականությամբ կան։
— հավանաբար սա հեռախոսով խոսողի կողքից մեկ այլ մարդու ռեպլիկ է;
— ենթադրում ենք, որ խոսակցությունը վերակարգը («նարյադը») ավարտելու մասին է, այսինքն զեկուցողի հերթապահության ժամը վերջացել է, և դրանից հետո սկսվել է հարձակումը։
2. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Մերոնքական չորս ոչխար վիրավոր է»
— Զանգիր ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ասա, որ չորս հոգի, չորս հատ ոչխար է վիրավոր մեր մոտ:
— …
— Գարըշգա, Գարըշգա (հավանաբար ինչ-որ ծածկագրված տեղանուն է — Razm.info). այնտեղ, որտեղ ՀԱՃԱԽՈՐԴՆ Է:
— …
— Մեր, մեզնից, մերոնցից, մերոնցից չորս հատ ոչխար վիրավոր է:
— …
— Դու զանգիր ՀԱՃԱԽՈՐԴԻՆ։
3. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Տասը հատ ոչխար է խփվել»
— Ալո։
— …
— Բարև, բարև։
— …
— Ապրե´ս, ապրե´ս (շնորհակալության իմաստով — Razm.info)։
— …
— Ըըը, դրությունը վատ է։
— …
— Հը՞։
— …
— Տասը հատ ոչխար է խփվել։
— …
— Վիրավորներ չկան։
4. Աղջաբեդի, օգոստոս 2015. «Հինգ հոգի սպանված է, 16-ը՝ վիրավորված»
Այս մի ձայնագրությունը նախորդ երեքից մեկ օր ավելի ուշ է հրապարակվել և, ի տարբերություն նախորդների, առանց սղագրության։ Խոսողը ադրբեջաներենի ինչ-որ բարբառով է խոսում և հավանաբար խոսքի ինչ-որ դեֆեկտ ունի, քանի որ բառերը լավ չեն արտասանվում։ Ասածի հիմնական իմաստը 5 հոգու (nəfər) սպանվելու և ևս 16-ի վիրավոր լինելու մասին է։
— Բարև։
— …
— Որտե՞ղ ես։
— …
— Տե՛ս, մեկը ձեռքից է վիրավոր կամ ինչ-որ ուրիշ տեղից, վիրավորներից մեկը զոհվել է։
— …
— Քանի՞ վիրավոր է ձեր մոտ։
— …
— Սպանվա՞ծ թե վիրավոր։
— …
— Հա, հա, երկրորդ, երկրորդ վաշտին։
— …
— Զոհվե՞լ է։
— …
— Ո՞ր ուղղությամբ։
— …
— Չորսը, հինգը զոհվել են, տասնվեցը վիրավորվե՞լ
— …
— Վախ, բ*զը․․․
Ի՞նչ ձայնագրություններ են սրանք
Razm.info-ն այս հարցով զրուցեց ռադիոհետախուզությունում նախկինում ծառայած անձանց հետ։ Նրանք նշեցին, որ ամենայն հավանականությամբ սա բջջային կապով հեռախոսազանգերի ձայնագրություն է։ Այս վարկածն անուղղակիորեն հաստատվում է նաև զրույցների ոչ ֆորմալ բնույթով («բարև … ինչպես ես … ապրե´ս … հը՞ …»), ինչը բնորոշ չէ ռազմական ռադիոկապով հաղորդակցմանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: