Պուտինի հերթական ավանտյուրան

Վերջին օրերին ռուսական հակահայկական քարոզչությունը կրկին ակտիվացել է: Ռուս չինովնիկները հարցազրույցներ են տալիս ու ակնհայտորեն խառնվելով Հայաստանի ներքին գործերին՝ գնահատականներ են հնչեցնում Երևանում «մայդանի վտանգների» մասին, նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այցով մեկնում է Մոսկվա, որտեղ, թերևս, նրան ինչ-որ բան է ներկայացվում, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված:

Դրա «նախադրյալներն» ադրբեջանցիները ստեղծել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո՝ աննախադեպ կերպով գնդակոծելով հայկական բնակավայրերը: Իսկ ռուսների հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո գնդակոծությունների նվազումը Հայաստանի հասարակությունը կընկալի՝ որպես Ռուսաստանի «նվեր», որպես «անվտանգության երաշխիք»:

Այսինքն՝ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով սպառնալիք է ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, ապա Պուտինի «բարձր հովանու ներքո չեզոքացնում է» այդ սպառնալիքը: Զուգահեռաբար խմորումներ են ընթանում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ձևավորվում է Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ո՛չ»-ի ճակատը, որին մաս կազմող ուժերին, բացի սահմանադրական փոփոխությունների անընդունելիությունից, ու դրանից առաջ ու դրանից ավելի միավորում է «Այո»-ն՝ Ռուսաստան: Ռուսաստանն ակնհայտորեն հերթական ավանտյուրան է նախապատրաստում Հայաստանի հետ կապված, որի իրագործմանը մի կողմից՝ կարող է նպաստել Ադրբեջանը՝ սահմանային դիվերսիաներով, մյուս կողմից՝ ներքաղաքական դաշտում իշխանությունից ավելի ռուսահպատակ ընդդիմությունը՝ Մոսկվային ցույց տալով, որ իշխանությանը որևէ որոշում պարտադրելու համար պատրաստ է ցանկացած «անշրջելի» գործընթացի:

Մի անգամ դա արեն եղել է, և դրա արդյունքը 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումն էր, երբ Հայաստանի ոչ իշխանական ուժերը շունչները պահած սպասում էին, թե երբ իշխանությունը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը՝ Ռուսաստանի օգնությամբ իշխանափոխություն իրականացնելու համար: Իշխանությունն ավելի ճկուն գտնվեց՝ դրանից առաջ 180 աստիճանով փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը:

Սովորաբար ներքին դիմադրությունն իշխանությանը հնարավորություն է տալիս արտաքին հարաբերություններում որոշակի ճկունություն ցուցաբերել՝ պետությանն ինչ-որ բան պարտադրողներին ցույց տալով քաղաքացիների անհնազանդության հեռանկարը: Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է՝ հնարավոր անհնազանդությունը ոչ թե խանգարում, այլ նպաստում է այս կամ որոշումը պարտադրելու հարցում: Որովհետև, ինչպես՝ իշխանությունը, այնպես էլ՝ ընդդիմությունը պայքարում է ոչ թե՝ հասարակության, այլ Ռուսաստանի «քվեն» ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս