Մեկնարկում է «Ֆիլմ խմբակի» նոր ուսումնական տարին
Եթե դուք սիրում ու հետաքրքրված եք կինոյով և եթե դուք ցանկություն ունեք իմանալու՝ ինչպե՞ս են իրականում նկարահանվում ֆիլմերը, ապա «Ազգային առաջնորդության ինստիտուտ» հ/կ-ի և ամերիկյան Inside/Out Global ընկերության համատեղ կազմակերպված յոթամսյա կինոդասընթացը հենց ձեզ համար է:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ 168.am-ը հանդիպել և զրուցել է «Ֆիլմ խմբակ» ծրագրի ղեկավար Նինա Խաչատրյանի և ուսումնական մասի պատասխանատու Արևիկ Ավանեսյանի հետ, պարզելու՝ ի՞նչ պայմաններ են գործում խմբակում ուսուցանել ցանկացող դիմորդների համար, ի՞նչ չափանիշերով են քննվում այստեղ դիմող ուսանողի մասնագիտական գիտելիքները, ու ի՞նչ կարող է ակնկալել այս խմբակում ուսուցանել ցանկացող երիտասարդն ուսումնական տարվա ավարտին:
– Նինա, ինչպե՞ս ծագեց «Ֆիլմ խմբակ» ստեղծելու գաղափարը:
– Այս գաղափարն ի հայտ եկավ «Ֆիլմ ճամբարներից» հետո, որը Հայաստանում կազմակերպվում է դեռևս 2013թ. և տևում է 8 օր: Հաշվի առնելով ճամբարին մասնակցող կամ մասնակցել ցանկացող երիտասարդների քանակն ու ոգևորությունը, մտածեցինք, որ կարելի է նույն ֆորմատի ծրագիր իրականացնել նաև ճամբարի շրջանակներից դուրս, միայն այն տարբերությամբ, որ ուսուցման տևողությունն ավելի երկար կլինի՝ մասնակցել ցանկացողներին հնարավորություն տալով ավելի լայն ծավալի գիտելիքներ ստանալ և պրակտիկ աշխատանքներին մասնակից դառնալ: Այսպիսով «Ֆիլմ խմբակ» ուսումնական ծրագիրը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերից: Ազգային առաջնորդության ինստիտուտում մենկարկեցինք առաջին «Ֆիլմ խմբակի» դասընթացները, որին մասնակցեց և ավարտեց թվով 8 ուսանող:
– Ի՞նչ սկզբունքով ընտրեցիք այդ երիտասարդներին:
Արևիկ Ավանեսյան.- Մենք հայտարարություն տարածեցինք, որով «Ֆիլմ խմբակը» հայտարարում էր նոր ուսումնական տարվա ընդունելության մասին: Ընդհանուր հաշվարկով՝ դիմողների քանակն անցնում էր 30-ի սահմանը, որոնցից վերջնական արդյունքում մնացին 8 ուսանող: Ընդունելությունը կազմակերպվում է մի քանի սկզբունքներով: Առաջին հերթին ու, երևի, ամենակարևոր պայմանը՝ որ մարդը հետաքրքրված լինի կինոյով, նվիրում ունենա, որպեսզի հետագայում ևս զբաղվի այս աշխատանքով: Խնդրեցինք ուղարկել մեզ իրենց կենսագրությունը ու ազատ թեմայով մի պատմություն՝ հասկանալու համար՝ ինչ ստեղծագործական պոտենցիալ ունեն դիմորդներից յուրաքանչյուրը:
Նույնը նախատեսում ենք անցկացնել այս տարի: Ի դեպ, նախնական մասնագիտական կրթության առկայությունը պարտադիր չէ, և նույնիսկ շատ ավելի լավ կլինի, որ դիմորդներն առհասարակ մասնագիտական կրթություն չունենան, որովհետև այստեղ նրանք սովորում են կինոյի այբուբենը: Սա հիանալի բազային գիտելիքներ ստանալու տարբերակ է, և մենք չենք էլ հավակնում, որ լիակատար կրթություն ենք տալու նրանց կինոյի մասին: Մենք ուսանողին փոխանցում ենք կինոյի հիմունքները, և իրենք այդ բազայի վրա հեշտությամբ կարող են շարունակել կրթությունը մասնագիտական բուհերում:
– Որքա՞ն է ուսումնառության տևողությունը, ու ի՞նչ հիմունքներով է այն իրականացվում:
Արևիկ Ավանեսյան.- Կրթությունը տևում է 7 ամիս, գործում է վճարովի համակարգ, թեև ուսման վճարը բավականին մատչելի է և հասանելի ուսանողի գրպանին: Դասընթացներն անցկացվում են շաբաթական 2 օր՝ 2 և 3 ժամ տևողություններով, որի ընթացքում նրանք սովորում են ինչպես՝ տեսական գիտելիքներ, այնպես նաև՝ ստանում են ամենօրյա պրակտիկ հանձնարարություններ՝ նկարահանման, մոնտաժի, սցենարական աշխատանքների, վերլուծության, քննարկումների, ներառյալ՝ նաև ֆիլմերի դիտման հատուկ ծրագրով:
– Տարիքային սահմանափակումներ կա՞ն:
Նինա Խաչատրյան.- Այո, դիմողները պետք է լինեն 17-22 տարեկան:
– Ուսումնական ի՞նչ ծրագիր է նախատեսված յոթամսյա դասընթացի ընթացքում:
Արևիկ Ավանեսյան- Ուսումնական ծրագիրը կազմել ենք համապատասխան մասնագետների հետ՝ երկար քննարկումների արդյունքում: Երկար ենք մտածել՝ ի՞նչը ներառենք ծրագրի մեջ և ի՞նչը բացառենք: Մենք փորձում ենք մեր ուսանողներին համապարփակ գիտելիքներ փոխանցել կինոյի հետ առնչվող բոլոր ենթամասնագիտությունների վերաբերյալ՝ օպերատորության, լույսի մոնտաժի, սցենարի, արտադրական պրոցեսի, ռեժիսուրայի, պրոդյուսերական դպրոցի մասին, և այլն: Ուսումնական պրոցեսի ողջ ընթացքում նրանք մասնակցում են արտադրության պրոցեսին՝ բուն նկարահանումներին և ուսումնական ծրագրի ավարտին խմբի բոլոր մասնակիցները միասին ֆիլմ են նկարում:
– Սա համատեղությա՞մբ իրականացվող ծրագիր է:
Նինա Խաչատրյան.- Այո, ծրագիրն իրականացվել է ամերիկյան պարտնյոր ընկերության՝ Inside/Out Global կազմակերպության հետ համատեղ, որի ներկայացուցիչներն անմիջականորեն մասնակցում են նաև ուսումնական պրոցեսի իրականացմանը: Կրթական մասում իր անմիջական մասնակցությունն ունի, օրինակ, Inside/Out Global ընկերության ներկայացուցիչ և կազմակերպության անդամ Բեթ Ֆասները, ով՝ հասուն ու հետաքրքիր կին է և զբաղվում է թիմային աշխատանքներում ուսանողի մեջ սեփական պոտենցիալի և ուժեղ կողմերի բացահայտմամբ:
Այս ուղղությամբ ուսումնական պրոցեսի ողջ ընթացքում նա պարբերաբար աշխատում է ուսանողի հետ, կապվում նրանց հետ սկայպի օգնությամբ,անհատական զրույցներ ունենում, և այլն: Ուսումնառության պրակտիկ մասում համագործակցում ենք նաև ամերիկյան պարտնյոր ընկերության թիմում ներգրավված այլ կինոգործիչների հետ: Inside/Out Global կազմակերպությունը «Կինո ճամբարի» շրջանակներում մասնաճյուղեր ունի նաև Ֆինլանդիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, և այլն: Դպրոցը հագեցած է նաև ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ թվային տեխնիկայով, որը տրամադրվում է ուսանողներին՝ պրակտիկ և ավարտական աշխատանքները նկարահանելու համար:
– Կարծեմ՝ արդեն իսկ հայտարարություն եք տարածել՝ նոր ուսումնական տարվա ընդունելության մասին: Ի՞նչ նոր ձեռքբերումներ եք ակնկալում այս տարի:
Արևիկ Ավանեսյան.– Սկսենք նրանից, որ անցյալ տարի՝ որպես ավարտական աշխատանք, մեր ուսանողները երկու կարճամետրաժ ֆիլմ նկարահանեցին՝ «Աղի սեր» և «17 ժամ»: Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել այս ֆիլմերի պրեմիերաները, որովհետև դրանք մինչ այժմ ունեցել են միայն աշխատանքային ցուցադրություններ: Բացի այդ, ենթադրվում է, որ այս ֆիլմերը կապրեն ինքնուրույն փառատոնային կյանքով, և, եթե հաջողվի՝ գուցե գնահատվեն այս կամ այն փառատոնում:
Նինա Խաչատրյան. – Այս տարի ամռանը Inside/Out Global պարտնյոր կազմակերպությունից այստեղ ժամանեց կինոգործիչ Ահարոն Ֆասները, ով ուսանողների հետ վարպետության դաս անցկացրեց, ինչի արդյունքում՝ նկարահանվեց սոցիալական հոլովակ, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներն էր վերհանում, քանի որ տեղի՝ «Ազգային առաջնորդության ինստիտուտը» մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամության խնդրին և այս շրջանակներում տարբեր ծրագրեր է իրականացնում:
Այս առումով անդրադարձը սոցիալական գովազդի թեմային շատ ուսուցանելի էր ուսանողների համար, որովհետև մենք ցույց տվեցինք, թե ինչպես է իրականանում պատվեր հասկացությունը: Մենք ստեղծեցինք իրական իրավիճակ, որտեղ ուսանողները հանդիպում են պատվիրատուի հետ, որ այս պարագայում «Ազգային առաջնորդության ինստիտուտն» էր, ով տվեց իր պատվերի հիմնական գաղափարը, որը, ինչպես արդեն ասվեց՝ հաշմանդամության թեմային էր վերաբերում: Նա նշեց, թե կոնկրետ որ կետերը կուզենար ակցենտավորել տեսահոլովակի մեջ, և նրանց հնարավորություն տրվեց ներկայացնել սոցիալական գովազդի մի քանի տարբերակներ: Երիտասարդների ակտիվ քննարկումների և գովազդատուի վերջնական որոշմամբ՝ հաջորդ առավոտյան մենք մեկնեցինք նկարահանումների, որը տևեց մոտ 6 ժամ, և արդյունքում՝ նկարահանեցինք 2 րոպե տևողությամբ սոցիալական գովազդ, որտեղ ուսանողներից մեկը ռեժիսորն էր, մյուսը՝ օպերատորը, մյուսը լույսի հարցերով էր զբաղվում, սցենարով և այլն, որի ցուցադրման իրավունքը մենք սիրով տրամադրում ենք նաև 168.am-ին:
Պետք է ասեմ, որ ես՝ որպես կազմակերպիչ և ղեկավար, ոչ մի բանի չեմ խառնվել: Պարզապես ներկա եմ եղել նկարահանման պրոցեսին և լուծել եմ միայն այդ ընթացքում ծագած չնախատեսված խնդիրները: Նկարահանման պրոցեսին ներկա էր նաև ամերիկյան պարտնյոր Ահարոն Ֆասները, ով տեղում՝ նկարահանման հրապարակում, հանդես էր գալիս կոնսուլտանտի դերում:
Արևիկ Ավանեսյան.- Այս դասընթացը յուրահատուկ է նաև նրանով, որ ավարտին մենք ուսանողներին՝ որպես ավարտական վկայական, հավաստագրեր չենք տալիս, այլ իրենց իսկ մասնակցությամբ ֆիլմի DVD-ն, որտեղ տիտրերում նրանցից յուրաքանչյուրի անունը նշված է: Ցանկացած տեղ, որտեղ հետագայում մեր ուսանողը կհայտնվի, կարող է ցույց տալ ոչ թե թղթե հավաստագիր, այլ իրական ֆիլմ:
– Ե՞րբ է նախատեսվում այս տարվա ընդունելությունը:
Արևիկ Ավանեսյան.– Ընդունելությունն արդեն սկսված է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: