Օրենքով կարգելվեն սեռով պայմանավորված հղիության ընդհատումները

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղան՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով:

Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունն էականորեն խախտված է, ինչն ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:

Նման անհամամասնության ձևավորումը պայմանավորված է ինչպես՝ հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում և հասարակությունում տղայի դերի և նշանակության մասին ձևավորված պատկերացումներով, այնպես էլ՝ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ:

Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:

Այսօր ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին, որոնք ուղղված են Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը և ոլորտի կարգավորմանը: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց, որ սեռերի ծնունդների ներկայիս հարաբերակցության պահպանումը լուրջ ժողովրդագրական խնդրի է վերածվել:

Այսպես. 2011 թ. դրությամբ ծնվել է 114 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա՝ 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր):

Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին՝ կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք՝ բնակչության թվաքանակի նվազման:

Ներկայում սեռով պայմանավորված հղիության ընդհատման վերաբերյալ պետական քաղաքականությունն առավելապես հիմնված է քաղաքացիական սեկտորի հետ միասին հասարակության իրազեկմանը, աղջիկների և տղաների հավասար արժևորման խթանմանը, ձևավորված կարծրատիպերը կոտրելուն:

Հղիության արհեստական ընդհատումն ապօրինաբար կատարելը քրեականացված է և առաջացնում է պատասխանատվություն՝ տուգանքից մինչև ազատազրկում: Հղիության արհեստական ընդհատման գործընթացին ներկայացվող պահանջների խախտման համար վարչական պատասխանատվություն սահմանված չէ:

Ըստ փոխնախարարի՝ փոփոխությունների արդյունքում օրենսդրորեն կարգելվեն սեռով պայմանավորված հղիության ընդհատումները (նման դրույթ ներկայումս բացակայում է ՀՀ օրենսդրության մեջ): Նաև կսահմանվեն հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ (կնոջը հղիության արհեստական ընդհատման համար վերջնական որոշման կայացման համար պարտադիր ժամանակահատված, հղիության արհեստական ընդհատման գործընթացների՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության և վերահսկելիության ապահովման նպատակով դիմելու և համաձայնության գրավոր կարգով ներկայացնելու պահանջների սահմանում):

 

Տեսանյութեր

Լրահոս