Քոչարյանն այլևս պատմական ֆիգուր է. Մարկեդոնով

«Չեմ կարծում, որ նույնիսկ Մոսկվայի «դաբրոյի» դեպքում՝ Քոչարյանն ընտրվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը` անդրադառնալով Հայաստանում անցկացվող սահմանադրական բարեփոխումներին, Մոսկվայում անցկացվելիք Սարգսյան-Պուտին հանդիպմանն ու ՀՀ երկրորդ նախագագհ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորություններին:

Ի դեպ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա՝ երբեք»,- այդ մասին հարցին ի պատասխան՝ ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում` միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված: «

Դա, թերևս, ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա՝ երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենն ի՞նչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին՝ այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ»,- ասել է Քոչարյանը:

Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ իրականում Կրեմլի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունը Պուտին-Սարգսյան հանդիպման մասին հաղորդագրության դասական օրինակ էր, որից հնարավոր չէր կոնկրետ կերպով հասկանալ հանդիպմանը քննարկվելիք թեմաների բազմությունը: Ըստ փորձագետի` քննարկվելու են մի քանի կարևոր հարցեր: «Նախագահները կքննարկեն իրավիճակն Ադրբեջանի շուրջ, այսինքն` բացատրվելու է այդ իրավիճակը, իրականում այն պահանջում է որոշակի կոնկրետացում, հստակեցում:

Երկրորդ թեման Հայաստանի ներսում հնչող ելույթներին է առնչվում, քանի որ Ռուսաստանում կան որոշակի մտահոգություններ, թե Երևանում կան հակառուսական տրամադրություններ:

Քննարկումների երրորդ հատվածը վերաբերելու է եվրասիական ինտեգրացիային, քանի որ, հասկանալի է, Հայաստանը միացել է ԵՏՄ-ին, իսկ հիմա պետք է բացատրել, թե ի՞նչ օգուտներ կլինեն այդ անդամակցությունից հետո: Այսինքն` դեկլարացիաներից պետք է անցում կատարել կոնկրետ օգուտներին:

Չորրորդը Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումներն են, դրանք ևս կդառնան Պուտին-Սարգսյան քննարկումների առարկա, այն խոսակցությունների վերաբերյալ, որ Սերժ Սարգսյանը կփորձի հնարավոր պաշտոնի տեսքով մնալ իշխանության ղեկին, հաստատ կլինեն հարցեր: Կլինեն հարցեր նաև այն մասին, թե` եթե ինչ-որ մեկը դուրս գա սահմանադրական բարեփոխումների դեմ, ինչպե՞ս է դրան Մոսկվան վերաբերվելու»,- ասաց Սերգեյ Մարկեդոնովը:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահի հավակնությունների վերաբերյալ հնչող ենթադրություններից և Մոսկվայից աջակցություն ստանալու նրա հնարավորությունից, հեղինակավոր քաղաքագետն ասաց.

«Եթե նույնիսկ ունենա Մոսկվայի «դաբրոն», և ի՞նչ, նա կընտրվի՞: Անկեղծ ասած, ես խիստ կասկածում եմ ընտրվելու նրա հնարավորությունների վրա: 2008թ. իրադարձություններից հետո նրա ընտրվելու հնարավորությունները ցածր են: Մոսկվային հետաքրքիր է, թե ինչ կուրս է որդեգրվելու Հայաստանի հին-նոր ղեկավարության կողմից, սա է առանցքային հարցը: Մոսկվային բնորոշ է գործող իշխանություններին աջակցելը հնարավորության դեպքում, հենց այս պատճառով ևս Քոչարյանն ինչ-ինչ նոր հնարավորություններ չունի: Սարգսյանը Հայաստանը ԵՏՄ բերեց, ի՞նչ խնդիրներ կան: Այլ խնդիր կլինի այն, երբ Մոսկվան տարվի գործող իշխանություններին չափազանց շատ աջակցություն ցուցաբերելով, քանի որ սահմանադրական բարեփոխումները կարող են տարբեր կերպ ընկալվել հայաստանյան հասարակության տարբեր խմբերի կողմից, և այնպես չստացվի, որ հայաստանյան հասարակությունն իշխանությանը նույնացնի ՌԴ իշխանությունների հետ, իսկ ՌԴ իշխանություններն իրենց ոչ միանշանակ գործողություններով աջակցել են նման տրամադրությունների հաստատմանը: Իսկ Քոչարյանի մասով վստահ չեմ, կարծում եմ, որ նա այլևս պատմական ֆիգուր է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս