«Այն ամենը, ինչ տեսնում եք այստեղ՝ պատերին փակցված սիրո և ազատության մասին է». Ռոս Էյզեն

Սեպտեմբերի  4-ին   Ժամանակակից արվեստի թանգարանում   մեկնարկեց գերմանաբնակ հայ լուսանկարչուհի Ռոս Էյզենի ՝ «Ուտելիքը՝ որպես արվեստ» խորագրով  ցուցահանդեսը, որտեղ ներկայացված  էին  մրգերով և բանջարեղենով նատյուրմորտներ՝  հիմնականում  պոետիկ անվանումներով:  Ըստ Ռոս Էյզենի՝ իր ստեղծագործական նպատակն առօրեականի մեջ պոետիկ լեզու մտցնելու  արվեստն է, որն ավելի հաճախ ընկալվում է՝ որպես  գեղանկարչություն,  քան լուսանկարչություն:

Լուսանկարչուհի Ռոս Էյզենը ծնվել  է Երևանում,  երկար տարիներ աշխատել է «Ռադիո Երևանում»:  Վերջին  20  տարիների ընթացքում լուսանկարչուհին  ապրում  և ստեղծագործում է Բեռլինում: Աշխատել է «Galerie Bremer i Berlin» ցուցասրահում՝ որպես  գեղարվեստական  տնօրեն: Լուսանկարի հանդեպ հետաքրքրությունը հայտնաբերելուց առաջ Ռոս Էյզենը զբաղվել է թղթե կոլաժով: Էյզենի արվեստը բազմիցս հանդիսացել է քննադատների և տեսաբանների քննարկումների թեմա՝  գրավելով վերջիններիս իր նրբագեղությամբ, բարձր ճաշակով և, բառի լավ իմաստով,  հատուկ շքեղությամբ:

Rosee (4)

168.am-ը զրուցեց լուսանկարչուհու հետ՝ պարզելու՝ ինչո՞ւ են նրա  լուսանկարներն այդքան սահմանակից  գեղանկարչությանը, ի՞նչ ազդեցություններով է պայմանավորված արվեստում՝  նրա բերած բոլորովին նոր խոսքը, և դեռ ի՞նչ գործունեություն է նա ծավալում հեռավոր Բեռլինում, բացի արտասովոր լուսանկարներ հեղինակելուց:

Կարդացեք նաև

 – Տիկին Էյզեն,  ուզում եմ հասկանալ՝ Ձեր լուսանկարները միայն ի՞նձ են գեղանկար հիշեցնում, թե՞ դա հատուկ է արված:

– Այո,  սա իսկապես  լուսանկարչություն է, որը շատ նման է գեղանկարչությանը, որովհետև  ակադեմիական, փաստագրական ֆոտոգրաֆիա չի, սրանք պատմություններ են, որոնք ես փորձում եմ փոխանցել լուսանկարի միջոցով:   Ես իմ կոմպոզիցիաները ստեղծում եմ  ճիշտ այնպես, ինչպես նկարիչն է աշխատում,  ինքս եմ  կառուցում   դրանց,  այսպես ասած, սյուժեն և լուսանկարում եմ:  Իմ աշխատանքներում ես  բացարձակ ոչ մի տեխնիկական միջոց չեմ օգտագործում՝ ֆոտոշոփ հատուկ մշակումներ, և այլն: Դրանք այնպիսին են, ինչպիսին եղել են իրականում լուսանկարելու պահին՝ իրենց գույներով, իրենց թերի ու բաց   կողմերով նույնիսկ: Այս լուսանկարները նայելուց ասպեդանտը կարող է հանգիստ նկատել և  ասել, որ այսինչ հատվածում, օրինակ,  ինչ-որ բան այնպես չէ: Ես նախընտրում եմ ամեն ինչ թողնել  բնական՝ նատուրալ վիճակների մեջ:

Rosee (8) Rosee (7)

 – Ի՞նչ ազդակներով եք  ստեղծում նոր  լուսանկարը:

Երբ աշխատում եմ՝  աչքս,  ձեռքս և սիրտս  գործում են իրար հետ՝ միաժամանակ: Աշխատում եմ  հիմնակում առավոտյան, որովհետև համարում եմ, որ վաղ առավոտյան և արևի բնական լույսն ամենապրոդուկտիվ ժամանակահատվածն է այս  աշխատանքի համար: Երբ  տեսնում եմ առավոտվա  արևը,  արդեն  անկախ ինձանից՝ գիտեմ՝ ինչ եմ անելու:

– Կոմպոզիցիաները նախապե՞ս եք մտածում:

Rosee (6)

–  Ոչ, այսպես ասած՝ մուսան կարող է գալ  ինձ համար ամենափոքրիկ դետալներից կամ  ոգեշնչումից անգամ:   Օրինակ, ես  ապրում եմ  Բեռլինի կենտրոնում,  բայց միևնույն է,  պատուհանագոգիս հաճախ եմ  հյուրընկալում դիմացի ծառի վրա բնակվող  գեղեցիկ սկյուռին: Երբ առաջին անգամ նրան տեսա,  մտքերն անկախ ինձնից եկան: Ես նաև շատ եմ կարդում: Երևի դրա պատճառն այն է,  որ տանը հեռուստացույց  չունեմ, ու ընթերցանությունը  նոր գաղափարների հիանալի շտեմարան է ծառայում ինձ համար:

– Ի՞նչ եք կարդում:

– Արվեստի գրքեր,  արվեստի պատմություն,  նկարիչների մասին պատմող կենսագրականներ եմ շատ կարդում, մասնագիտական գրականություն, և այլն: Ինձ շատ է հետաքրքրում նաև մարդու հոգեկան աշխարհի նկարագրությունը: Հետաքրքրում  է,  թե երբվանից և ինչպես նկարիչները  ձերբազատվեցին անազատության կապանքներից  և սկսեցին նկարել ավելի անկաշկանդ ու ազատ: Ռուբենսը համարվում է այն առաջիններից, ով  համարձակորեն դեն գցեց  մորթին կնոջ ուսերից և հպարտ մերկացրեց  նրան իր արվեստում: Իմ փնտրտուքները բերեցին նրան, որ այս ամենը կապված էր ժամանակի ու ժամանակահատվածների հետ,  երբ  Եվրոպան ազատվեց   30 տարվա պատերազմներից, երբ մարդիկ արդեն հոգնել էին իրար մորթելուց և խոշտանգելուց, երբ մարդկության ստվար հատված  ազատվեց կաթոլիկ եկեղեցու պարտադրած  կապանքներից, ու վերջապես, երբ  վրա  հասան ցանկալի ռեֆորմացիայի արդյունքները,  երբ Մարտին Լյութերը փոփոխություններ մտցրեց ամբողջ եվրոպական տարածքում:

Rosee (2)

– Ձեր բերած յուրաքանչյուր օրինակ բարձրաձայնում է  ազատության գաղափարի մասին:

– Իհարկե: Այն ամենը, ինչ Դուք տեսնում եք այստեղ՝ պատերին փակցված, ամենը սիրո և ազատության մասին է և հատկապես՝ սիրո, որովհետև  խորհուրդն այս ամենի՝ սերն է:

– Ո՞ր տեսակի  սիրո մասին եք խոսում:

– Բոլոր տեսակի սիրո՝ ընդհուպ սերը՝  իմ պատուհանի գոգին հայտնված սկյուռիկի մասին:

– Սերը մեզանում պակասո՞ւմ է:

Rosee (1)

– Մարդկության մոտ  առհասարակ սերը պակասում է, որովհետև բոլորին իշխում են  նյութական արժեքներն ու այդ համակարգը: Պարզապես կա մարդ, որ կարողանում է դրանից ազատվել՝  համարձակորեն հայտարարելով, որ ինքն է իր ազատության տերն ու ինչ ուզենա՝ կանի, մարդ էլ կա, թողնում է, որ  նյութական կյանքն իրեն մանիպուլյացիայի ենթարկի: Այս մասին ես անդրադարձել եմ նաև իմ աշխատանքներում՝ «Ադամ և Եվա» շարքով, որն իր պատմությունն ունի:

Այդտեղ պատկերված խնձորը ես ձեռք եմ բերել  Նուզդոֆից, որտեղ  մի տևական  ժամանակ  ապրել և ստեղծագործել է Բեթհովենը: Իր թանգարանի բակում ես  տեսա խնձորի ծառը, և հենց այդ  ծառի խնձորն է պտտվում այս լուսանկարներում: Ես այդ խնձորը բերեցի իմ տուն,   երկար ժամանակ  պահում էի և հետևում,  թե ի՞նչ է կատարվում դրա հետ: Այդ խնձորով ես  հետագայում փոքրիկ  ինստալացիա արեցի՝  նկարների հետ միասին:  Սկզբում մտածում էի միայն շարք անել՝ տղամարդը, կինը,    խնձորը և  աշխարհը, որ մի քիչ՝  կողքի հետ,  փտել է, հետո մտածեցի շարժման մեջ դնել նրան՝  ցույց տալով, թե  մենք  հույս ունենք, որ  կյանքն անընդհատ շարժման մեջ է, և մեզանից է կախված՝ կյանքի այդ շարժման որակն ի՞նչ  ուղղությամբ կզարգանա: Այսինքն՝  մեզանից է կախված խնձորին առողջ կամ փտած տեսնելը:

– Ձեզ մոտ արվեստի այսօրինակ բացահայտումը Երևանո՞ւմ է եղել,  թե՞ Բեռլինում:

– Բեռլինում, որտեղ ես 3 տարի աշխատել եմ  տեղի լավագույն ցուցասրահներից մեկում` «Galerie Bremer i Berlin»-ում՝  որպես գեղարվեստական ղեկավար:  Գերմանացի արվեստագետների հետ իմ անընդհատ շփումները,  հաղորդակցությունը նրանց աշխարհայացքին մեծ ազդեցություն թողեց սեփական աշխարհայացքիս  ձևավորման վրա: Դրանք պրոցեսներ են, որի մեջ լինելով՝ դու չես կարող ազդեցություններ չկրել, հատկապես,  եթե ինքդ տեսակով ստեղծագործ մեկն ես:

– Ձեր արվեստն ինչքանո՞վ է ազդված այլ նկարիչներից:

– Ինձ դուր եկավ այս հարցը, միգուցե՝ որովհետև ես ժամանակին երազում էի հենց  նկարչուհի դառնալու մասին: Չստացվեց, սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, ինչն ինձ իրականում շատ գրավեց: Այո, իմ արվեստը մեծապես  ազդված է հատկապես  baroque  շրջանի հոլանդացի նկարիչներից: Իմ ենթագիտակցության մեջ տարիներ շարունակ մեծ ազդեցություն է թողել մեր երևանյան տան պատին կախված  Վիլլեմ Հեդդա  անունով նկարչի մի նատյուրմորտ, որի մասին  ենթագիտակցորեն ես միշտ մտածում էի: Սա է նախապատմությունն այն  ամբողջի,  ինչ տեսնում եք այս ցուցասրահում: Գիտեք,  Նիցշեն մի լավ արտահայտություն ունի՝ «Թույլ տամ, որ անցյա՞լն ինձ իշխի, թե՞  ես իշխեմ անցյալին»: Կարծում եմ,  ստեղծագործական պրոցեսների համար անցյալը հարկավոր է օգտագործել՝ որպես պարարտ  հող:  Սա իմ պատասխանն էր՝ Նիցշեի խոսքերով,  Ձեր հարցին:

Rosee (3)

– Տիկին Էյզեն,  ինչո՞վ է պայմանավորված    ուտելիքի և լուսանկարի համադրությունը: Միգուցե  նրանո՞վ,  որ սնունդն  այսօր արվեստի, մասնավորապես՝ ֆոտոարվեստի մեջ տրենդայի՞ն է:

– Պարզապես ես տեսնում եմ  այն  մթերքները, որոնք ֆորմա ունեն, տարբերվում են: Ինձ համար այդ մթերքները ոնց որ կենդանիներ լինեն, որոնք ոչ թե նախընտրում եմ ուտել և ասել, թե    ինչ համով էր, այլ  դրանց օգնությամբ ստեղծագործել: Առհասարակ,  ինձ դուր չի գալիս, երբ նայում են իմ լուսանկարներում  պատկերված  մթերքներին ու ասում, որ դրանք  համով, քաղցր կամ հյութալի  տեսք ունեն, որովհետև իմ խորհուրդը բոլորովին այլ է՝  ավելի զգայական, որով ես ուզում եմ փոխանցել մարդկանց այն իրականությունը, որ ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր,  նույնիսկ պրոցեսը, երբ  դուք ուտում եք՝  առավել անցողիկ է: Վերջապես միայն ուտելով չի… միգուցե ժամանակ տաք  նայելու,  զննելու՝  ի՞նչ է կատարվում մթերքի հետ ժամանակի ընթացքում:

– Ինչո՞վ եք զբաղվում Գերմանիայում, բացի լուսանկարչությունից: 

–  Այս պահին Գերմանիայում ես զբաղվում եմ  պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ, ինչպես նաև՝ ներգրավված եմ մի քանի մշակութային ծրագրերում: Այս պահին գերմանացիների հետ՝ Վարպետ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ ենք նախաձեռնել, որի ստեղծագործական  թիմում եմ աշխատում  նաև ես: Այդ նպատակի համար մենք ապրիլի 24-ին Երևան եկանք: Նկարահանումներ իրականացնելու նպատակով արդեն երեք անգամ այցելել ենք ենք Հայաստան: Ֆիլմի նպատակն է՝ աշխարհով մեկ տարածել մեր դուդուկն ու դրա պատմությունը: Այս պահին Բեռլինում զբաղված ենք նաև Ջիվան Գասպարյանի և Գուրգեն Դաբաղյանի մասնակցությամբ մեծ համերգի նախապատրաստական աշխատանքներով:

–  Առաջիկա պլաներում ցուցահանդեսով ներկայանալու այլ  հրավերներ ունե՞ք:  

– Թեև ես  ոչինչ և  երբեք չեմ պլանավորում, այնուամենայնիվ, առաջիկա պլաններում առկա  միակ ցուցահանդեսը նախատեսում եմ ունենալ նոյեմբեր ամսին՝ Բեռլինում, որտեղ կներկայանամ գերմանացի քանդակագործի և նկարչուհու հետ, մասնակցությամբ նաև ճապոնացի հայտնի   իստալյատորներից   մեկի, ով աշխատում է լույսի և թղթի հետ: Ցուցահանդեսում «Վեներա»  շարքից մի քանի լուսանկարներ կներկայացնեմ:

Տեսանյութեր

Լրահոս