Թվերի սեպտեմբերյալ հմայքը

Սեպտեմբերը պարտադրող ամիս է։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը (ներառյալ` մարզպետներ ու քաղաքապետեր) սեպտեմբերի 1-ին պարտադիր դպրոց է գնում։ Անկախ իրենց կամքից, իհարկե։ Պաշտոնն է պարտադրում դպրոց գնալ։ Պարտադրում է նաև թաքցնել իրենց անձնական կարծիքը կրթության ու դպրոցի մասին։ Սեպտեմբերի 1-ը մեզ` լրագրողներիս է պարտադրում։ Պարտադրում է անդրադառնալ կրթական թեմաներին։

Հայերս մեզ դասում ենք ուսումնատենչ ազգերի թվին։ Ուստի ուսումնական տարվա սկիզբը հրաշալի առիթ է` վերլուծելու կրթական համակարգը։ Վերլուծել` մշտապես ի մտի ունենալով, որ սեպտեմբերի 1-ը կրթական համակարգի ամենատոնական օրն է։ Ուստի իմաստ չունի նման օրով քննարկել կրթության համակարգի որակական խնդիրները։ Ավելի նպատակահարմար է կրթական համակարգը վերլուծել զուտ վիճակագրական տվյալներով։ Ուստարվա սկզբին, մանկավարժների բառապաշարով ասած, աշակերտների և ուսանողների առջև իրենց դռները բացեցին մոտ 1435 հանրակրթական դպրոց, մոտ 100 միջնակարգ մասնագիտական հաստատություն և 60-ից ավելի բուհ։

Վերջին տարիներին այս կրթական հաստատություններից միայն բուհերի քանակն է կրճատվում։ Սակայն հաստատությունների կայուն քանակի ֆոնին մշտապես կրճատվում է աշակերտների և ուսանողների քանակը։ Մեր հանրակրթական դպրոցում սովորող աշակերտների քանակը տարեկան կրճատվում է 8-10 հազարով։ Մեր վիճակագիրները խիստ զբաղված մարդիկ են։ Նրանք միայն տնտեսական աճն են հասցնում հաշվարկել։ Հասարակական կյանքի մյուս երևույթների ուսումնասիրության համար ժամանակը չի բավականացնում։ Ուստի կրթական, առողջապահական ու մյուս ոլորտների հիմնական թվերը վիճակագիրները հրապարակում են մեկ, մեկուկես տարվա ուշացումով։

Առայսօր հրապարակված չէ 2014թ. աշակերտների և ուսանողների քանակը։ Ամենաթարմ տվյալը 2013-ինն է։ Տեսեք, եթե 2009թ. մեր դպրոցներում սովորում էր մոտ 400 հազար աշակերտ, ապա 2013-ին նրանց քանակը մոտ 360 հազար էր։ Նույն տրամաբանությամբ յուրաքանչյուր տարի նվազում է նաև հանրակրթության շրջանավարտների քանակը։ Շրջանավարտների պարագային նվազումը տարեկան կազմում է մոտ 3,5 հազար աշակերտ։ 2009/10 ուստարում դպրոցն ավարտել է 40 հազար շրջանավարտ, իսկ 2013/14-ին` մոտ 27 հազար։ Հանրակրթության աշակերտների թվաքանակը վիճակագրական մեկ անհասկանալի փաստ է ի ցույց դնում։

Վերջին 10 տարում մեր պաշտոնական ժողովրդագրությունը հայտարարում է, որ տարեկան ծնվում է մոտավորապես 40 հազար երեխա։ Բարդ չէ հաշվարկելը, որ այս ցուցանիշին համահունչ` հանրակրթության դպրոցի աշակերտների թիվը պիտի մոտավորապես 480 հազար լիներ։ Մինչդեռ պաշտոնապես հայտարարվում է 360 հազար աշակերտի մասին։ Այսինքն` մինչև չափահաս դառնալը 18 տարում երկրից արտագաղթում է մոտ 100 հազար երեխա։ Ծնողների հետ, բնականաբար։

Աշակերտների թվաքանակի անկումը բացասական հետք չի թողնում միջնակարգ մասնագիտական համակարգի վրա։ Այս համակարգում սովորողների թիվը վերջին տարիներին կայուն է` տարեկան 39-40 հազար։

Հետաքրքիր է, որ միջնակարգ մասնագիտական կրթությունն իր նկարագրով բարձրագույն կրթության կրկնօրինակն է մի փոքր առանձնահատկությամբ։ Այս համակարգում 1/3-ը կազմում են բժշկական ուսումնարանի սովորողները։ Փոխարենը` բացասական հետևանքները նկատելի են բուհական համակարգում։ 2009/10 ուստարում Հայաստանի բուհերում սովորողների թիվը մոտ 115 հազար է։ Իսկ 2013/14-ին` 86 հազար։ Մեր բուհական համակարգը նվազում է տարեկան մոտ 7,5 հազար ուսանողով։ Հետաքրքիր է, որ կրթական համակարգի բյուջետային ֆինանսավորումը` որպես կանոն, չի արտացոլում համակարգում տեղի ունեցող քանակական փոփոխությունները։ Վերջին երեք տարիներին հանրակրթությունը բյուջեից ֆինանսավորվում է տարեկան 49-51,5 մլրդ դրամի չափով։ Մինչդեռ կրթության բյուջետային ֆինանսավորումը 2012-13 բյուջետային տարիներին կազմել է տարեկան 105-105 մլրդ դրամ։ Իսկ 2014-15 թվականներին կտրուկ ավելացել է մոտ 20 մլրդ դրամով։ Դպրոցների ֆինանսավորումը նույնն է մնացել։ Բուհերն ապրում են ուսանողների կրթավարձերով, և պետպատվերով սովորողների քանակը տարեցտարի կրճատվում է։ Ուստի պարզելը, թե ինչ նպատակի համար է մսխվում ավելացած 20 մլրդ դրամ բյուջետային գումարը, այլ խնդիր է։

 

Տեսանյութեր

Լրահոս