«Ես կողմնակից եմ և հավատում եմ, որ Վարդան Պետրոսյանն, այնուամենայնիվ, կփորձի գալ հաշտության». տուժողների ներկայացուցիչ
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանն ապատեղեկատվություն է համարում այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ դատարանի որոշմամբ Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում փաստաբանն ասաց, որ պատիժը բաց ռեժիմով կրելու գործընթացը դատարանների հետ կապ չունի. «Դա կարգավորվում է համապատասխան օրենքներով»:
Մեջբերելով լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին, թե իբր դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով, և թե այդ մասին սեպտեմբերի 2-ին նման որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում, փաստաբանը հայտարարեց, որ դա ապատեղեկատվություն է.
«Աբովյանի դատարանում որևէ որոշում չի կայացվել: Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ կապված որևէ գործառույթ չի իրականացրել: Նորից եմ շեշտում, Աբովյանի դատարանը բաց ռեժիմի հետ որևէ որոշում կայացնելու իրավասություն չունի: Բաց ռեժիմի խնդիրը կարգավորվում է համապատասխան օրենքներով»:
Մասնավորապես, Ռուբեն Բալոյանի խոսքով՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս»:
Ռուբեն Բալոյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանը մինչև սեպտեմբերի 2-ը գտնվել է քննչական մեկուսարանում՝ ամբաստանյալի կարգավիճակում: Երբ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել վարույթ ընդունել իրենց բողոքը, Վարդան Պետրոսյանի կարգավիճակը փոխվել է. նա դարձել է դատապարտյալ:
«Բավական ավելորդ մեկնաբանություններ կան, որոնք և´ անուղղակիորեն, և´ ուղղակիորեն ազդում են տուժող կողմի վրա: Ես միշտ էլ կողմնակից եմ եղել հաշտության՝ չնայած միշտ փորձել են հակառակը ներկայացնել, թե ես եմ խոչընդտել հաշտությանը»,- ասաց նա՝ նշելով, որ տուժող կողմին լրացուցիչ ցավ պատճառելու անհրաժեշտություն չկա. «Ի վերջո, չմոռանանք, որ 16 տարեկան երկու երիտասարդ է մահացել և ունենք տուժող, որին պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք»:
Դիտարկմանը, որ Վարդան Պետրոսյանն աշախատանքի հրավեր է ստացել թատրոնից և հարցին՝ արդյոք նա իրավունք ունի՞ աշխատելու, Ռուբեն Բալոյանը պատասխանեց, որ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1543-Ն որոշման համաձայն՝ դատապարտյալն աշխատելու իրավունք ունի և կալանավայրի տարածքում, և դրա տարածքից դուրս: Ըստ նրա՝ ՔԿՀ տարածքից դուրս աշխատելու հանգամանքը պետք է քննարկվի, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը պետք է տա իր համաձայնությունը:
«Եթե ներկա պահին կա քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համաձայնությունը, ուրեմն այդ պահից սկսած Վարդան Պետրոսյանը կշարունակի պատիժը կրել ազատ ռեժիմով»,- ասաց նա՝ նշելով, որ տուժող կողմն այս դեպքում բողոք ներկայացնելու իրավասություն չունի:
Անդրադառնալով վթարի գործով դատարանների կողմից կայացված ակտերին՝ Ռուբեն Բալոյանն ասաց, որ թե՛ ինքը, թե՛ տուժող կողմը գտնում են, որ թույլ է տրվել դատական սխալ: Նրա խոսքով՝ հանցագործությամբ անմիջականորեն վնաս է պատճառվել, և դատարանները պարտավոր էին քննության առնել հայցը:
Ռուբեն Բալոյանը տեղեկացրեց, որ իրենք հայց են ներկայացրել Վարդան Պետրոսյանի դեմ՝ միջնորդելով նրա գույքը դնել արգելանքի տակ: «Մենք Վարդան Պետրոսյանի դեմ երկու պահանջ ենք ներկայացրել, որ Վարդան Պետրոսյանը պարտավոր է հատուցել տուժողներին պատճառված վնասները, մասնավորապես՝ փաստաբաններին վճարված գումարն ամբողջությամբ և մյուս անձանց պատճառված վնասները»,- ասաց նա:
«Ես կողմնակից եմ և հավատում եմ, որ Վարդան Պետրոսյանն, այնուամենայնիվ, կփորձի գալ հաշտության, որովհետև ես իր հարցազրույցներից հասկացա, որ դա իր հոգու վրա ծանրացած հարց է: Ինքը պիտի փորձի ազատվել դրանից, որն անում է յուրաքանյուր նորմալ մարդ»,- հավելեց Ռուբեն Բալոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում