Դեղագործական խոշոր ընկերությունները դադարեցրել են դեղամիջոցների մատակարարումներն Ադրբեջան
haqqin.az-ի հաղորդմամբ՝ մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ դադարեցրել են մատակարարումները Ադրբեջան: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է տեղի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավար Ֆարիդ Հասանովը:
Նա ասել է, որ դեղամիջոցների պակաս ադրբեջանական դեղատներում առաջացել է ազգային արժույթի փլուզումից հետո:
«Խնդիրներն ավելի խորացան մոտ 1 ամիս առաջ, երբ ամբարներում ավարտվեցին պահուստները, ու ներկրողները սկսեցին ուշացնել հին գներով կնքված մատակարարումները: Այսօրվա դրությամբ մի քանի խոշոր դեղագործական ընկերություններ ընդհանրապես դադարեցրել են դեղամիջոցների մատակարարումն Ադրբեջան»,- ասել է Հասանովը:
Նրա խոսքով՝ ներկրողներն ու դեղագործները պնդում են, որ դա կապված է Ադրբեջանի կառավարության վերջերս ընդունած որոշման հետ, որը գների բարձրացումը կանխելու նպատակով սահմանափակել էր դեղագործների հավելագները, այդ պատճառով էլ դեղամիջոցների վաճառքը նրանց համար եկամտաբեր չէ: