Ադրբեջանառուսական հարաբերությունները զարգանում են, բայց Ղարաբաղը «տորգի» առարկա չի դառնա. Վլադիմիր Եվսեև
168.am-ի զրուցակիցն է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
-Պարոն Եվսեև, այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կլինի Բաքվում: Բացի այն, որ քննարկվելու է ԼՂ հակամարտությունն ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ի՞նչ թեմաներ, ըստ Ձեզ, տեղ կգտնեն բանակցություններում: Չէ՞ որ վերջերս ռուսական մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՌԴ-ն պատրաստվում է նոր ՌԼԿ կառուցել Ադրբեջանում: Սա, ըստ Ձեզ, կդառնա՞ քննարկումների առարկա:
-Իմ կարծիքով, ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավում է արձանագրվում: Դա, այո, արտահայտվում է նրանով, որ սկսել են քննարկումներ Ադրբեջանի տարածքում ՌԼԿ կառուցելու շուրջ: Դեռևս նման որոշում չի կայացվել, հայտնի չէ` սրան ինչպես կարձագանքի Իրանը: Այնուամենայնիվ այս թեմայի միայն քննարկումը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն կցանկանար Ադրբեջանի հետ ունենալ ոչ միայն ռազմատեխնիկական հարաբերություններ, այսինքն` սպառազինության վաճառք, այլև ռազմական սեորտ համագործակցություն, իսկ դրա համար բավարար է Ադրբեջանում ունենալ ռազմական օբյեկտ: Հիշեք նաև, որ Բաքու այցելեց ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ադրբեջանական պաշտոնյաներ ժամանեցին Մոսկվա և այս ամենը տեղի է ունենում Ադրբեջան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին:
ՌԴ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ իր հարաբերություններն ամրապնդելու հարցում, բայց ՌԴ-ն հավանաբար Ադրբեջանի հետ առևտուր չի անի Ղարաբաղի շուրջ: Կարծում եմ, որ ՌԴ-ն ետ կպահի Ադրբեջանին անմտածված քայլերից ԼՂ հակամարտության գոտում, քանի որ նման քայլերի հավանականությունը բարձր է բավականին լուրջ տեխնիկայի օգտագործման հետևանքով: Սա կարող է հակամարտությունն անկառավարելի դարձնել, ուստի ենթադրում եմ, որ խոսքը ոչ թե առևտրի, «տորգի» մասին է, այլ ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման:
Ներկայումս օպտիմալ տարբերակը ստատուս-քվոյի պահպանումն է: Ես այնքան էլ չեմ հավատում, որ կարելի է բարելավել իրավիճակը, բայց ԼՂ-ում անցկացված վերջին ընտրությունները ժողովրդական էին իրենց բնույթով, որոնք խոսում են այն մասին, որ բնակչությունը բացարձակապես ադեկվատ է ընկալում իրավիճակը, ունակ է ինքնուրույն ընտրություններ անցկացնել: Սա իր հերթին ապացուցում է, որ անհրաժեշտ է երկխոսություն ոչ միայն Երևանի և Բաքվի, այլև Բաքվի և Ստեփանակերտի միջև: Այն առաջարկները, որոնք հնչում են Բաքվի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ն ընդլայնելու մասին ի հաշիվ Գերմանիայի և Թորքիայի, արդյունավետ չեն, քանի որ այս երկրները չեն աջակցելու խնդրի կարգավորմանը` որքան շատ են միջնորդներն, այնքան բարդ է գտնել ընդհանուր որոշում:
Կրկին վերադառնալով ադրբեջանառուսական հարաբերություններին`Ռուսաստանի և Ադրբեջանի դեպքում կա մի դրական գիծ, որը դրվեց Եվրոպական խաղերին Պուտինի մասնակցությամբ, իսկ Սերգեյ Լավրովը փորձում է իրականացնել, շարունակել այդ դրականը, քանի որ կան տարբեր ծրագրեր և տնտեսական համագործակցության, և ռազմական ոլորտներում:
-Նշեցիք, որ ՌԴ-ն շահագրգռված է այդ հարաբերությունների բարելավմամբ բազմակողմանիորեն, թեև բացառում եք տորգը Ղարաբաղի շուրջ: Այնուամենայնիվ հայաստանցի փորձագետներից ոմանք չեն բացառում, որ ՌԴ-ն Ադրբեջանից զիջումներ կորզելու նպատակով գուցե կայացնի որոշումներ ընդդեմ Հայաստանի:
-Ռուս-ադրբեջանական համագործակցությունը ՌԴ-ն չի հակադրում Հայաստանի հետ իր հարաբերություններին: Հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային են, իսկ ես չեմ տեսնում հիմքեր, որոնց համաձայն Ռուսատանի և Ադրբեջանի միջև այդ մակարդակի հարաբերություններ լինեն: Ուստի չեմ կարծում, որ Հայաստանը պետ է զգուշանա:
Մեկ այլ հարց ևս գուցե քննարկվի վաղը կայանալիք հանդիպմանը, դա Ադրբեջանի մասնակցությունն է Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին:
-Ռուսական «Զվեզդա»-ի էջերին հայտնված տեղեկությունը Ադրբեջանում ՌԼԿ կառուցելու ՌԴ մտադրության մասին որակվեց տեղեկատվական թակարդ և ոչ ավելին: Ըստ Ձեզ` նման մտադրություն իսկապես կա՞:
-Խոսքը միայն դրա շուրջ խոսակցությունների մասին է, քանի որ եթե որոշում կայացված լիներ, ապա մենք տեղեկություն կունենայինք կայանի տեսակի մասին, քանի որ նման կայանները երկու տեսակի են լինում` «Վորոնեժ Մ» և «Վորոնեժ ԴՄ», կախված նրանից, թե ինչ ալիքներ են օգտագործվում այդ կայանում: Մենք չունենք տեղեկություն այդ կայանի տեղակայման վայրի մասին: Քննարկումներն այսօր, ըստ երևույթին, ընթանում են այս կայանի տեղակայման հնարավորության շուրջ: Բայց դեռ վաղ է խոսել որոշման ընդունման մասին, քանի որ դեռ այդ որոշման նախապատրաստման փուլի մասին է խոսքը: Արդյունքում գուցե նման որոշում նույնիսկ չկայացվի, քանի որ Ադրբեջանը հզոր ճնշումների կենթարկվի ԱՄՆ-ի կողմից, Ադրբեջանը հաշվի է առնում նաև իր հարևանների շահերը: Սա բարդ որշում է կայացման համար:
-Եթե Ռուսաստանը նպատակ ուներ Ադրբեջանում պահպանել իր ռազմական ներկայությունն, ապա ինչո՞ւ հրաժարվեց Գաբալայից:
-Դրանք տարբեր կայաններ են: Գաբալայի ՌԼԿ-ն «Դարյալ» ՌԼԿ էր, որը ՌԴ-ին տնտեսապես ձեռնտու չէր, քանի որ պահանջում էր մեծ քանակով էլեկտրաէներգիա, պահանջում էր մեծ ծավալով ջուր, այսինքն` շատ ծախսատար էր: Երկրորդ պատճառը` գտնվում էր տուրիստական գոտում, որը, ադրբեջանական կողմի պնդումների համաձայն, նպատակահարմար չէր: Երրորդը` կար նաև քաղաքական բաղադրիչ. Իսրայելական սպառազինություն էր մատակարարվում Ադրբեջան, Ադրբեջանը մերձենում էր ԱՄՆ-ի հետ: Ասս ամենի համեմատ Գաբալայի վարձակալության գինը շատ բարձր էր: Ռազմական տեսանկյունից նոր կայանը այսքան ծախսատար չի լինի: Նման երկու կայան ՌԴ-ն ունի Արմավիրում, որոնցից մեկը` «Վորոնեժ Մ»-ն ուղղված է Իրանի կողմ և Պակիստան, այսինքն` ստացվում է, որ այս ուղղության վրա պետք է լինի Ադրբեջանի ՌԼԿ-ն, բայց Արմավիրը Բաքվից այդքան էլ հեռու չէ, որովհետև կա նման կայաններ միմյանց մոտ կառուցելու նվազագույն հեռավորություն, ուստի, իմ կարծիքով, այդ կայանի սուր անհրաժեշտությունը չկա:
Կարելի է տեսականորեն ասել, որ այնտեղ կտեղակայվի ոչ թե «Վորոնեժ Մ», այլ «Վորոնեժ ԴՄ», սակայն դա էլ կայան է, որը թույլ է տալիս դիտարկել և նախապես տեղականալ հրթիռային հարձակումների մասին, այս դեպքում հարց է առաջանում` ի՞նչ հրթիռային հարձակումներ: Պատկերացնո՞ւմ եք` սրան ինչնպես կարձագանքեն Իրանում: Այս բոլոր հարցերը դեռ բաց են: