«Քաղաքական ուժերը չեն շտապելու միանալ շարժմանը, որովհետև սա մի խնդիր է, որը վերաբերվում է Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին». Ստեփան Սաֆարյան

168.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Պարոն Սաֆարյանը, երեկ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ից անհնազանդության նոր ալիք է սկսելու, քանի որ համարում է, որ նախագահն ու վարչապետը խաբել են ժողովրդին, ու որ իրենք նաև միանալու են սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող «ոչ»-ի շարժմանը: Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս դիրքորոշման փոփոխությունը՝ հաշվի առնելով այն, որ նախկինում նախաձեռնության անդամները իրենց հաջողության գրավականն էին համարում հենց այն, որ իրենք քաղաքացիական հարթությունում են պայքարում, ոչ թե քաղաքական:

– Ինչպես արդեն նշել եմ նախկինում, շարժումը տրանսֆորմացիայի երկու ճանապարհ ունի՝ մեկը Սերժ Սարգսյանի ելույթից չբավարարվել և շարժումը դարձնել քաղաքական օրակարգով, և երկրորդ, որ հարցը չի հանգուցալուծվել և տեղափոխվել է ապագա, որովհետև կա աուդիտի խնդիր, համակարգի խնդիր: Ինչ տեղի է ունենում, շատ օբյեկտիվ է, հետևաբար` անկախ նրանից՝ որքանով ճիշտ որոշումներ են կայացրել քաղաքացիական շարժման երիտասարդ առաջնորդները, այնուամենայնիվ, հարցը իրեն զգացնել է տալու աշնան սկզբին, երբ կայացվեն հիմնական որոշումները:

Մենք առայժմ միայն տեսնում ենք սուբսիդավորման որոշման հետ կապված դժգոհությունները: Ինչ վերաբերում է սուբսիդավորման խնդրին, այս պահի դրությամբ մենք կարող ենք ասել, որ արդեն բիզնեսը դառնում է լուրջ խաղացող, որի շահերը կհամընկնեն քաղաքացիական շարժման հետ, և հետևաբար, կարծում եմ՝ շարժումը կարող է հեռանկար ունենալ, եթե նման լուրջ աջակցությունը օգագործի: Ինչ վերաբերում է սահմանդրական փոփոխությունների դեմ դուս գալուն, ապա տեսանելի է, որ շարժումն ավելի մեծ մասնակցության խնդիր է դնում և դրա համար նաև օգագործում է հարակից այլ խնդիր:

– Երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձում էին մտնել էլեկտրաէներգիայի սակագնի դեմ տարվող շարժման մեջ, բոլորն ասում էին, որ պետք չէ քաղաքականացնել շարժումը, բայց ինչպես երևաց՝ քաղաքացիական հարթության մեջ շարժումը շատ լուրջ հաջողություններ չգրանցեց: Հաշվի առնելով դա՝ որքանո՞վ ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերն արդեն ակտիվ մասնակցեն այս պրոցեսում, և որքանո՞վ է հավանական, որ կներգրավվեն դրա մեջ:

– Քաղաքական ուժերը չեն շտապելու միանալ շարժմանը, որովհետև սա մի խնդիր է, որը վերաբերվում է Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, իսկ քանի որ քաղաքական ուժերից շատերը նախընտրում են լռել Ռուաստանին վերաբերվող հարցերում, այնպես չէ, որ այդ հրավերը բուռն կերպով ընդունվելու է: Երբ խոսում էին շարժումը չքաղաքականացնելու մասին, նկատի ունեին շարժման օրակարգը չփոխելու մասին, իշխանափոխության խնդրի չվերածելու մասին, ոչ թե նրա մասին, որ քաղաքական ուժերը չմասնակցեն կամ ունենան դերակատարում: Այժմ, երբ խոսվում է քաղաքականացնելու մասին, թերևս կրկին բաց է՝ ի՞նչ նկատի ունեն նրանք: Եթե նկատի ունեն, որ օրակարգում երկու խնդիր դնեն՝ ասենք և՛ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, և՛ սահմանադրական փոփոխությունների, դա ուրիշ բան է, իսկ եթե կարող է դրվել իշխանափոխության պահանջ, սա մեկ այլ հարց է: Իշխանափոխության խնդրով հնարավոր է՝ միանան, բայց ի՞նչ նկատի ունեն շարժման ղեկավարները՝ շարժումը քաղաքականացնել ասելով, թերևս դրա բացատրությունն իրենք ավելի լավ տան:

– «Ո՛չ թալանին»-ի անդամներն ասացին, որ ընդունում են՝ նախկինում սխալ քայլեր են արել՝ փորձի պակասի պատճառով, հիմա արդեն աշխատելու են այդ սխալները չկրկնեն: Ըստ Ձեզ՝ որո՞նք են եղել նրանց հիմնական սխալները, որոնք պետք է հաշվի առնեն հետագայի համար:

– Ես ողջունում եմ, որ քաղաքացիական պրոցեսում խումբը բարձրաձայն խոստովանում է, որ ինքը սխալներ է թույլ տվել, այս առումով ես գնահատում եմ երիտասարդների խիզախությունը: Իսկ թե ինչ սխալ են թույլ տվել, թերևս նկատի ունեն այն, որ հավատացել են Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ անխտրական լուծում կլինի, բայց հետո տեսել են, որ դա հասարակության ինչ-որ մի հատվածի վրա չի տարածվում: Աուդիտի մասին խոսելիս երիտասարդները նշեցին, որ պարզապես իրենք անփորձ էին, իրենք չէին հասկանում՝ ինչ բան է աուդիտը և իրենք խնդիր ունեին հասկանալու, թե դա ինչ է, բայց ես շարունակում եմ կարծել, որ այնուամենայնիվ նրանք պետք է մասնակցեին, նրանք քաղաքացիական շարժում էին, նրանք որևէ քաղաքական ամբիցիա չունեին, և ոչինչ չէր խանգարում աուդիտի պրոցեսն իրենց վերահսկողության տակ պահել: Ես եթե խոսեմ սխալների մասին, ապա կխոսեմ այդ սխալի մասին:

Երբ Սերժ Սարգսյանն արեց հայտարարություն, շարժումն այդ ժամանակ պետք է պահանջ դներ, որպեսզի տրված խոստումները վավերացվեին կառավարության որոշումների մակարդակով: Այսինքն՝ հասնեին ինչ-ինչ խնդիրներում կառավարության որոշումներին, որոնք արդեն երաշխիք կլինեին, որ իշխանությունն իր իսկ արած հայտարարությունը չի իրականացնի իր պատկերացրած ձևով: Այսինքն՝ պետք է հասնել շատ հստակ ձևակերպումների:

– Նշեցիք, որ աուդիտին պետք է մասնակցեին, բայց շատերն էլ ասում էին, որ եթե նախաձեռնության անդամները մասնակցեին այդ աուդիտին, կնշանակեր, որ իրենք լեգիտիմացնում են այդ «կեղծ» պրոցեսը:

– Ես կարծում եմ, որ հնչել էր աուդիտ բառը, որը նույնպես հստակ չէր: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո շատերն ասում էին, որ աուդիտ ամեն տարի արվել է, ընդ որում արվել է հեղինակավոր կազմակերպության կողմից, բայց ոչինչ չի բացահայտվել: Դա ճիշտ էր, բայց մենք պետք է հասկանայինք՝ աուդիտի ինչ տեսակի մասին ենք խոսում, կամ որ տեսակն ենք ուզում, որ կիրառվի, այսինքն՝ ինչպիսի աուդիտը թույլ կտա բացահայտել այն, ինչ մենք գնահատում ենք որպես չարաշահում, և ուզում ենք, որ պատժվեր: Նույնը վերաբերում է նաև սահմանադրական բարեփոխումների խնդրին:

Երկու դեպքում էլ մենք տեսնում ենք, որ երբ իշխանությանը մենակ են թողնում՝ առանց մասնակցության և վերահսկողության, նա պատրաստում է այն, ինչ ուզում է պատրաստել: Այսօր էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը մուննաթ են գալիս իշխանության վրա, թե ինչու ինքը լավ սահմանադրության նախագիծ չի պատրաստել: Բայց նույն այդ քաղաքական ուժերից որևէ մեկը մեկ-երկու տարի առաջ չփորձեց նույն սահամանադրական բարեփոխումների հանձնաժողովում ունենալ իր վստահելի ներկայացուցիչը, իր մասնակցությունը: Ի վերջո, դուռը շրխկացնել, փակել, միշտ էլ հնարավոր է: Հիմա նույն կերպ ոմանք՝ բավարարվելով Սերժ Սարգսյանի արած հայտարարությամբ, ոմանք հավատալով, ոմանք խնդիրը համարելով լուծված, ոմանք խնդիրը համարելով իրենց չառընչվող, այլևս գնացին տներով, չմասնակցեցին աուդիտին, չհակադրվեցին նախագահին, որ միայն այդ խնդիրները չպետք է լուծել, այլ երեք-չորս խնդիր պետք է լուծվի, կամ ո՞ր աուդիտի տեսակը պետք է լինի: Այդ ամեն ինչը չարվեց, իշխանությունը նորից ինքը որոշեց՝ ինչ աուդիտ պետք է լինի, ընտրեց կազամակերպությանը: Հիմա մենք կունենանք սահմանադրական փոփոխությունների նման նույն աուդիտը և այն արդունքները, որն իշխանութունն է ուզում ու մեզ ընդամենը կմնա փողոցում հակազդելը:

Ըստ Ձեզ՝ պատրա՞ստ է մեր հանրությունը Բաղրամյանի դեպքերից, այդ հիասթափություններից հետո՝ նորից համախմբվել նույն հարցի շուրջ:

– Բաղրամյանից հետո չի եղել այն հիասթափությունը, որը մենք տեսել ենք քաղաքական շարժումների տապալումից հետո: Շարժումը մասամբ մարել է, որովհետև հանրության մի հատվածը մտածել է, որ խնդիրը լուծվել է: Տվյալ պարգայում խոսել հիասթափության մասին` տեղին չէ, այլ բան է, որ հիմա հասարակությանը ճիշտ բացատրվի, որ խնդիրը չի լուծվել, որ ինքը պետք է նորից տանից դուրս գա: Հիմա, երբ պարզ դարձավ, որ խնդիրը չի լուծվել, կամ որ պարզ բացատրվի, որ խնդիրը չի լուծվել, կարծում եմ, որ շարժումն ապագա ունի:

Տեսանյութեր

Լրահոս