Հայաստանում ամենաշատ թանկացած սննդամթերքի TOP-10-ը
Այն, որ կյանքը գնալով թանկանում է՝ նորմալ երևույթ է։ Հարցն այն է, թե որքանով է այն թանկանում և այդ թանկացումը համարժե՞ք է արդյոք մարդկանց եկամուտների աճին։
Պաշտոնական տվյալների հիման վրա մենք կներկայացնենք, թե վերջին 5 տարիների ընթացքում՝ 2010-2014թթ., որ սննդամթերքներն են առավել շատ թանկացել։ Որպես հիմք վերցրել ենք Ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ միջին գները այդ տարիների համար։
Նշենք, որ 2015 թվականի գները համեմատության մեջ չենք դրել, քանի որ գներն ունեն սեզոնային բնույթ և մինչև տարեվերջ կարող են փոփոխվել։
Եվ այսպես, վերջին 5 տարիների գնաճի բացարձակ չեմպիոնը ձուն է։ Եթե 1 հատ ձվի միջին գինը 2010 թվականին 48.4 դրամ էր, 2014-ին այն հասավ շուրջ 70 դրամի։ Թանկացման տեմպը 44.4% է։ Նշենք, որ այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ձվի միջին գինը 68.5 դրամ է։
Երկրորդ տեղում կարագն է։ 2010-2014 թվականներին այս ապրանքատեսակը թանկացել է 43.5 տոկոսով։ 1 կգ կարագի գինը 2010 թվականի 2705 դրամից 2014 թվականին հասել է 3881 դրամի։
«Լոռի» պանիրը թանկացման տեսանկյունից երրորդ տեղում է։ 1 կգ-ի գինը դիտարկվող ժամանակահատվածում աճել է 42.5 տոկոսով՝ 1795 դրամից հասնելով 2558-ի։ Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակում «Լոռի» պանիրը զգալիորեն էժանացել է։ Միջին գինը 1771 դրամ է՝ ավել էժան, քան 2010 թվականին։
Խոզի միսը թանկացել է 42%-ով՝ 2352 դրամից հասնելով 3341 դրամի։ Այս տարի խոզի միսը շարունակել է թանկանալ և երկրորդ եռամսյակի տվյալներով՝ 1 կգ-ի գինը հասել է 3633 դրամի։
Նույն չափով՝ 42%-ով, թանկացել է «Չանախ» պանիրը։ 2010 թվականին 1 կգ-ը միջինում արժեր 1563 դրամ, 2014-ին՝ 2219 դրամ։
Ամենից շատ թանկացած սննդամթերքի թվում են նաև բարձր տեսակի ալյուրը (38.3%), հատիկավոր լոբին (36.1%), կարոտոֆիլը (31.3%), մարգարինը (25.4%) և կաթը (25.3%)։