Նարնջագույն մահախոսական
Բոլորը տառապում են: Պատճառն աննախադեպ կամ, պոետի բառերով ասած՝ անտանելի շոգն է, որ արդեն մոտ երկու ամիս հանգիստ չի տալիս: Երկրի կյանքում տեղի ունեցող ոչ մի փաստ անհրաժեշտ ուշադրության չի արժանանում: Ո՛չ քաղաքական իրադարձություններն են պատշաճ վերլուծության ենթարկվում, ո՛չ քրեականները: Շոգից բացի, այստեղ հնարավոր է, որ այլ պատճառ էլ կա: Մեր հասարակական կյանքում քրեական իրադարձությունները քաղաքականից տարբերելու համար կամ խորաթափանց վերլուծաբան պիտի լինես, կամ բարձրաստիճան պաշտոնյա: Բայց ամառային տապին տեղի ունեցավ մի իրադարձություն, որ հարկավ արժանի էր հասարակական ուշադրության: Հայաստանից հեռացավ բջջային և համացանցային կապի հռչակ վայելող մի կազմակերպություն: Օգոստոսի 20-ին հայտարարվեց, որ Orange Armenia ընկերությունն իր բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցել է Ucom-ին: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն տվել է իր համաձայնությունը:
Գործարքի ֆինանսական ծավալների մասին, բնականաբար, ոչինչ չի հրապարակվում, բայց այն արդեն կայացած է: Հայաստանի Հանրապետությունից հեռացող Orange ընկերությունն իր պաշտոնական կայքում արդեն պիտի հայտարարի, որ գործում է 31 երկրում՝ նախկին 32-ի փոխարեն: Մյուս ցուցանիշների գծով պաշտոնապես կատարվելիք փոփոխություններն այդքան նկատելի չեն լինի: Orange ընկերության գրասենյակներն աշխատատեղ էին ապահովում 170-180 հազար մարդու համար՝ ամբողջ աշխարհում: Նրանցից 100 հազարից ավելին աշխատում են Ֆրանսիայում: Հայաստանյան աշխատակիցների քանակը պաշտոնապես մոտ 800 մարդ է:
Որքան էլ որ սա Հայաստանի մասշտաբներով լուրջ թիվ է, միևնույն է, միջազգային այս կազմակերպության հաշվետվություններում 800 աշխատակցի պակասելը ոչ ոք չի նկատի: Կարող եմ վստահորեն ենթադրել, որ դա աննկատ կմնա թե՛ հարազատ կառավարության, թե՛ նույնաստիճան մտերիմ ՀԾԿՀ-ի համար: Դա նկատելի կլինի ընդամենը 800 ընտանիքի համար: Ու մեկ էլ գործազրկության հաշվառման գրասենյակները, հնարավոր է, ինչ-որ բան արձանագրեն: Մի քանի ամիս առաջ դժվար էր ենթադրել, որ Orange-ը կհեռանա Հայաստանից: 2014թ. տվյալներով՝ այս ընկերությունը ճանաչվել էր Եվրոպայի լավագույն գործատու:
Որքան էլ որ տարօրինակ է՝ Orange-ը 2014-ին նաև հայաստանյան լավագույն գործատու էր ճանաչվել: Հյութեղ անունով այս ընկերությունը մեր հեռահաղորդակցության ոլորտում հայտնվեց 2009թ. նոյեմբերից՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պիկին: Ինչ-որ իմաստով անսպասելի էր, որովհետև ընկերությունը ճգնաժամի պատճառով եվրոպական երկրներում աշխատակիցների քանակը կրճատելով՝ անցնում էր խնայողական ռեժիմի:
Ու այդ պահին Հայաստանում 51 մլն եվրո է վճարում հեռահաղորդակցման ոլորտում արտոնագիր ստանալու համար և պարտավորվում ևս 200 մլն եվրոն գերազանցող գումար ներդնել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Այս պարտավորությունների կատարման ընթացքում Orange-ը բջջային կապի ցանց ստեղծեց Հայաստանով մեկ: Զուգահեռ՝ մշակութային ու սոցիալական ծրագրեր էր իրականացնում ու ֆինանսավորում: Ամենատպավորիչը, թերևս, գրքի մրցույթն էր և մարզերում կազմակերպված անվճար ակնաբուժական ծրագրերը: Հրապարակվող հաշվետվություններում Orange-ը հպարտությամբ ընդգծում էր, որ Հայաստանում կառուցել է միակ էկոլոգիապես մաքուր, բացառապես արևի էներգիայով աշխատող կայանը:
Ընդգծվում էր նաև, որ Հայաստանը HD ձայնի տեխնոլոգիան ներդրած երկրորդ երկիրն էր աշխարհում: Զուտ տնտեսական տեսանկյունից դժվար էր գնահատել այդ նորամուծության ներդրման իմաստը: Հատկապես, որ իր բարձրորակ սարքերով առաջին տարիներին Orange-ը նկատելիորեն բարձրացրեց հեռահաղորդակցման որակը: Մրցակից կազմակերպությունները ստիպված էին լրացուցիչ ծախսերի գնալ՝ դիրքերը չզիջելու համար:
Orange-ը պարբերաբար ստիպված էր լինում պատասխանել մրցակից կազմակերպությունների հայցերին, որոնցում այդ ընկերությանն «անբարեխիղճ մրցակցության մեղադրանք» էր ներկայացվում: Իսկապես հեռահաղորդակցման ու հատկապես բջջային կապի ոլորտին հետևող մասնագետների մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, որ Orange-ի գործունեությունը քաոտիկ է ու հախուռն: Որ ընկերությունը հստակ ռազմավարություն չի մշակել հայաստանյան շուկայի իրական պայմաններում գործունեություն ծավալելու համար: Չի կարողացել կենտրոնանալ, թե որոնք են ոլորտի իրենց թիրախները: Հետևաբար՝ օգոստոսի 20-ի գործարքն ինչ-որ իմաստով կարելի է տրամաբանական համարել: Բայց պետք է ուշադրություն դարձնել հետևյալին: Հայաստանից հեռացավ միջազգային մասշտաբի կազմակերպություն: Ընկերություն, որ աշխարհում 130 մլն բջջային կապի բաժանորդ ունի և մոտ 14 մլն բազմաշերտ համացանցի (ADSL) օգտատեր: Հեռացավ ընկերություն, որ աշխարհում հեռահաղորդակցման առաջատար օպերատորի համբավ ունի և տարեկան մոտ 43-45 մլրդ եվրոյի վաճառքի ծավալ:
Այնպես որ, դժվար է միանշանակ պնդելը, թե սույն նարնջագույն մահախոսականն ում մասին է՝ Orange-ի՞, թե՞ մեր տնտեսական կյանքի: