Մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ փորձել է կարգի հրավիրել մարմնավաճառներին. ովքե՞ր են հովանավորում մարմնավաճառներին

«Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Երևան քաղաքում, գործող որոշ հասարակական օբյեկտներ, որոնք ծառայում են որպես հյուրանոց, հիմնականում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հավաքատեղի են, և քանի որ այդ օբյեկտները հիմնականում գտնվում են բնակելի տարածքներում, նաև խնդիրներ են առաջանում այդ տարածքներում ապրող բնակիչների համար: Այդ ամենի հետևանքով տուժում են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք փորձում են օրինական ճանապարհով միջամտել դրան»,- այսօր լրագրողների հետ ահնդիպման ընթացքում ասաց փաստաբան Ստեփան Ոսկանյանը և կոնկրետ օրինակով ապացուցեց իր ասածը:

«Արտաշեսյան 44 և հարակից շենքերի բնակիչները այդ խնդրով բազմիցս դիմել են պետական իրավապահ մարմիններին, որ իրենց շենքերի հարևանությամբ գործող «Փոքր Մայամի» կոչվող հասարակական օբյեկտում բազմաթիվ միջադեպեր են լինում, որոնք շատ հաճախ տեղափոխվում են շենքի բակ, և այդ ամենին ականատես են լինում շենքի բնակիչները, այդ թվում՝ երեխաներ, կանայք, աղջիկներ: Բնակիչների խոսքերով՝ ամեն օր գիշերվա ժամը 22:00-ից հետո այդտեղ իրարանցում է սկսվում, չկա այնպիսի օր, որ այդտեղ վիճաբանություն չլինի: Այդ դեպքերից մեկին միջամտելու կապակցությամբ էլ իմ պաշտպանյալ Վազգեն Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել, որը ներկայումս Շենգավիթ քննչական բաժինը պատրաստվում է ուղարկել դատարան: Վազգեն Կարապետյանն, ըստ իր ցուցմունքների, բազմիցս փորձել է միջամտել, որպեսզի մարմնավաճառներն այդ տարածքում չհավաքվեն, միջադեպեր չլինեն, և այդ միջամտությունների հետևանքը եղել է այն, որ մարմնավաճառների հետ սերտ կապերի մեջ գտնվող ոմն Իգոր Կովալյով ցուցմունք է տվել այն մասին, թե Վազգեն Յարապետյանի կողմից՝ իր նկատմամբ տեղի է ունեցել ավազակային հարձակում և շորթում, ինչի առիթով էլ հարուցվել է քրեական գործը:

Իգոր Կովալյովը դեպքի օրը դիմել է Վազգեն Կարապետյանին, որպեսզի իրեն օգնի մարմնավաճառներից մեկին տված գումարը ետ ստանալու հարցում, խոստանալով՝ այդ գումարից բաժին տալ նրան, ինչին պաշտպանյալս շատ կտրուկ պատասխանել է, որ ինքը նման գործերով չի զբաղվում: Դրա հետևանքը եղել է այն, որ Իգոր Կովալյովը իր դժգոհությունը հայտնելով, թե քիչ հետո կվերադառնա իր ավագ եղբոր հետ և այդ հարցը նորից կքննարկեն, թողել և հեռացել է: Դրանից որոշ ժամանակ հետո նա դիմել է ոստիկանություն և հայտնել, թե իր և Վազգեն Կարապետյանի միջև տեղի ունեցած խոսակցության ժամանակ վերջինս ավտոմեքենայի մեջ դանակով իրեն սպառնացել է՝ պահանջելով մոտը եղած գումարները, որի համար պաշտպանյալիս մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակում կատարելու համար, որից հետո՝ տեսնելով, որ մոտը գումար չկա, իբր պաշտպանյալս նա ատրճանակի սպառնալիքով նրանից պահանջել է, որ հետագայում իրեն գումար տա, այսինքն՝ ապառիկ կարգով շորթում է տեղի ունեցել, որին Իգոր Կովալյովը պատասխանել է, թե այդ գումարը կվճարի որոշ ժամանակ հետո, որիրց հետո թողել հեռացել է:

Որևէ ուղղակի ապացույց այս ամենի մասով չկա: Քրեական գործը հարուցվել է Իգոր Կովալյովի միայն այդ ցուցմունքի հիման վրա: Ինչ վերաբերում է Իգոր Կովալյովի նշած դանակին և ատրճանակին, նշեմ, որ դեպքի գիշերը նրա ցույց տված վայրում հայտնաբերվել է դանակը, որի վրա որևէ մատնահետք չի հայտնաբերվել քրեական գործով նշանակված փորձաքննության ժամանակ, իսկ ատրճանակը չի հայտնաբերվել: Դրանից հետո Կովալյովն իր ցուցմունքը փոխել է առերես հարցաքննության ժամանակ, որ չի հիշում՝ ատրճանակն այդ պահին նետե՞ց, թե՞ մնաց ավտոմեքնեայի մեջ, իսկ մինչ այդ ասել էր, թե ոստիկանության մեքենայի լույսերը տեսնելիս՝ ատրճանակը մեքենայից դուրս է նետել:

Իգոր Կովալյովը նաև նշել էր, որ դեպքի վայր է եկել ոմն Արթուրի հետ, որը լրիվ այլ ցուցմունք է տվել: Նա նշել է, որ իր ներկայությամբ տեղի ունեցած խոսակցության ժամանակ զենքով կամ դանակով որևէ սպառնալիք չի եղել: Այիսնքն՝ հենց իր ընկերը հաստատում է պաշտպանյալիս տված ցուցմուքնենրը, որ նման միջադեպ տեղի չի ունեցել»:

Փաստաբանը նշեց, որ իրավապահ մարմինների կողմից լրացուցիչ ապացույցներ հավաքելու որևէ ուրիշ քայլ չի ձեռնարկվել, իսկ Վազգեն Կարապետյանը 2015թ. փետրվարի 12-ից կալանքի տակ է. «Մենք այստեղ գործ ունենք սուտ հաղորդման հետ: Այստեղ կա որոշակի հովանավորություն Իգոր Կովալյովին, որպեսզի նրա կողմից տրված հաղորդման հիման վրա մեկուսացնեն Վազգեն Կարապետյանին, որովհետև նա ակտիվ կերպով միջամտում էր այդ տարածքում մարմնավաճառների և նրանց հետ հարաբերությունների մեջ գտնվող անձնանց գործունեությանը»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» ՀԿ նախագահ Ս. Աթոյանը ևս այն կարծիքին էր, որ Վազգեն Կարապետյանի դեմ մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա փորձել է հասարակական կարգը պահպանել։

Տեսանյութեր

Լրահոս