«Բա ո՞ւր մնացին դատական իշխանության անկախության մասին զրույցները»
ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հրապարակվել է (2015 հուլիս) ՀՀ Սահմանադրության նախագիծը (1-7 գլուխներ)։ Օգոստոսի 4-ին Սահմանադրության նախագիծը հրապարակվել է ամբողջությամբ։ Մայիսի 10-ին հրապարակել էինք Ազատություն կուսակցության Անտիհայեցակարգը։ Հիմա արդեն նախագիծն է։ Այն, ինչ ասել էինք այն ժամանակ, խորացավ, չշտկվեց: Ավելին, սահմանադրության տեքստի նախագիծը արդարադատության նախարարաության կայքում անընդհատ փոփոխվում է։ Մարդ չի հասկանում, թե դետալների մեջ ո՞ր տարբերակն է տվյալ պահին քննարկվում։ Պետք է հասարակ հարգանք տածել հանրության նկատմամբ և հրապարակել պաշտոնական քննարկվող տարբերակ։
Ընդհանուր առմամբ Սահմանադրության այս նախագիծը մեզ համար անընդունելի է հետևյալ սկզբունքային պատճառաբանությամբ.
Սկզբունքներ
- Երկրի ժողովրդական կառավարման հիմքը գլխավոր հակակշռի սկզբունքն է. կամ առնվազն 2 մարմին պետք է ունենան առաջնային մանդատ (մի կողմից, նախագահ կամ վարչապետ, մյուս կողմից ԱԺ) կամ էլ (պառլամենտական կառավարման պարագայում) ԱԺ-ն պետք է երկպալատանի լինի։ Նախագծով սկզբունքը խախտված է։ Ավելին, ԱԺ-ն էլ առաջնային մանդատ չունի։ Կայուն մեծամասնություն ունենալու հակաժողովրդական թեզի ներքո ներմուծված է անհասկանալի և ոչ մի տեղ գոյություն չունեցող ԱԺ կրկնակի ընտրության ինստիտուտ։ Դրանով այս փաստաթուղթը ժողովրդական պետության Սահմանադրություն չէ, ինչը «հռչակված է» առաջին հոդվածում։
- Պառլամենտական հանրապետությունը չի ստացվել. էլի ԱԺ-ն օրենքներ է ընդունում, իսկ գործադիրը ենթաօրենսդրական ակտեր։ Մինչդեռ պառլամենտական հանրապետությունում գործադիրը պետք է միայն օժտված լինի կիրառական ակտերի գործառույթով, իսկ ենթաօրենսդրական ակտերը մեծ մասամբ դառնան օրենքներ կամ էլ ընդունվեն ԱԺ հանձնաժողովների հետ համատեղ։։ ԱԺ օրենսդրական կարողությունը, այսպիսով, պետք է ավելանա 7-8 անգամ։ Մինչդեռ ԱԺ ներքին բարեփոխում չի նախատեսվում։ Նույնիսկ հանձնաժողովների քանակն է նույնը (12 շուրջ 30-ի փոխարեն)։ Բացի այդ, ՀՀ Նախագահի ինստիտուտը կա և նա նորից 90%-ով իրականացնում է այն բոլոր գործառույթները, ինչ որ անում է հիմա։ Միայն թե Նախագահին քաղաքական մեծամասնությունն է ընտրում, ոչ ժողովուրդը։
Այսինքն, Նախագահը ժողովրդի առաջ ոչ մի պատասխանատվություն չունի, չնայած անելու է նույն գործը։ Ըստ իս, անցում է կատարվում ոչ թե պառլամենտական, այլ կուսակցապետական համակարգի։
- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, չնայած խոստումներին, երկրորդվել են հանրային շահի, հասարակական կարգի և պետական կարգի պահանջներին։ Մինչդեռ Սահմանադրությունը չի սահմանել դրանց իրավական, սոցիալական և տնտեսական բովանդակությունը։ Արդյունքում ստացվել է վակխանալիա, չնայած Հայեցակարգում արված խոստումներին։ Ավելին, բացարձակ անհրաժեշտության դեպքում մարդուն կարող են կյանքից զրկել (այդպիսի մի միտք կա, որը մեկ հայտնվում է, մեկ էլ անհետանում)։ Եվ սա այն դեպքում, երբ ձևականորեն մահապատիժն արգելված է։
- Սահմանադրության նախագծի մշակմանը չեն մասնակցել արհեստավարժ ու բարձրակարգ տնտեսագետներ, սոցիոլոգներ։ Արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակույթային օրենսդրական երաշխիքներ գլխում տեսնում ենք խրթին արտահայտություններ, սխալ շարադրանք, երկրի տնտեսական կյանքը արգելափակող ձևակերպումներ։
- Բացարձակապես չի ստացվել դատական համակարգը։ Հայեցակարգում խոստացած անկախ դատական համակարգը չկա։ Ավելի վատ է, քան ներկա Սահմանադրությամբ գործող համակարգը։ Այսպես, ներկայումս Դատավորների նշանակում է ՀՀ Նախագահը։ Վեջինս կարող է չլինել քաղաքական մեծամասնությունից։ Նոր Սահմանադրության նախագծով նախատեսված է, որ դատավորներն էլի նշանակվում են ՀՀ Նախագահի կողմից, որին ընտրում է քաղաքական մեծամասնությունը։ Այսինքն, դատավորների անկախությունը նոր նախագծով 2 անգամ ցածր է, քան կար։ Հայեցակարգով խոստացված երդվյալ ատենակալների ինստիտուտն այդպես էլ չի քննարկվել։
- Սահմանադրության նախագծի հեղինակներն ի վիճակի չեն եղել աշխատել հստակ ու միասնական մեթոդաբանությամբ։ Մի տեղ դետալներ ես տեսնում (օրինակ, ՀՀ Նախագահի պարագայում ), մեկ այլ տեղ սոսկ ասվում է, թե կարգավորվում է օրենքով (օրինակ, աշխատանքային շաբաթի տևողությունը կամ հեռուստահաղորդակցության հանրային հանձնաժողովի գլուխը)։
Նրանց, ում հետաքրքրում են նոր նախագծի հետ կապված մյուս «դետալները», խորհուրդ ենք տալիս կարդալ ստորև շարադրած դիտողությունները։
Դիտողություններ
1. Ներածություն- Փոխել Հայաստանի Հանրապետության անունը՝ Արմենիա Հանրապետություն։
2. Հոդված 5. Գրվում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրությանը համապատասխանելու մասին, առանց նշելու, թե ի՞նչ է ենթաօրենսդրական ակտը։
3. Հոդված 6,2։ «Լիազորող նորմերը պետք է հապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»։ Այստեղ ևեթ անմիջապես պետք է նշվի, թե ի՞նչ է իրավական որոշակիությունը։
4. Հոդված 10։ Կրկնվում և էլ ավելի է խորացվում գործող Սահմանադրության սխալը՝ դեկլարատիվ արտահայտություն՝ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է։ Այսօր մասնագիտական գրականությունը մերժում է այս բառակապակցությունը։ Եվրոպական երկրների սահմանադրություններում գրված է. ձեռներեցության խրախուսում և մասնավոր սեփականության անձեռնմխելիություն։
5. Հոդված 11։ Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով։ Նման բան չկա։ Դե հիմա էլ բացատրեք՝ ի՞նչ բան է կայուն զարգացումը։
6. Հոդված 23, մաս 2-րդ։ Անհեթեթ է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է», եթե այստեղ ևեթ մինչև վերջ չեն նկարագրված այդ բացարձակ անհրաժեշտության բոլոր դեպքերը։ Սա հանել են՝ առանց զգուշացնելու։ Ի դեպ, կրկին նշենք, Սահմանադրության տեքստի նախագիծը արդարադատության նախարարաության կայքում անընդհատ փոփոխվում է։ Մարդ չի հասկանում, թե դետալների մեջ ո՞ր տարբերակն է տվյալ պահին քննարկվում։ Սա մի տեսակ իմաստազրկում է քննարկումները։
7. Հոդված 24-ի առաջին մասը հակասում է հոդված 23-ի 1-ին և 3-րդ մասերին։ Խոսքը 23-ի հին խմբագրման մասին է։
8. Ավելորդ է հոդված 28-ի երկրորդ մասը։ Հին խմբագրություն։
9. Հոդված 29-ը հակասում է հոդված 17-ին. եթե չկա խտրականություն, ապա ինչո՞ւ ենք առանձնացնում Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին։
10. Հոդված 30-ի երկրորդ մասը կամ պետք է հանվի կամ էլ պետք է շատ կոնկրետ շարադրվեն մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանափակման դեպքերը։ Չի կարելի ընդհանուր ձևով նշել, օրինակ, տնտեսական բարեկեցության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման ընդհանուր դեպքեր։ Սա տանում է իշխանության չարաշահման և ժողովրդավարության կազմալուծման։
11. Հոդված 34-ի 3-րդ մասը կամ պետք է հանվի կամ էլ կոնկրետացվի հանրային շահ հասըացությունը. ի՞նչ է դա և ո՞վ է սահմանում։
12. Հոդված 37-ը սխալ է շարադրած։ Հոդվածի բոլոր 3 մասերը հակասում են կրթության բոլոնյան համակարգի ստանդարտներին։
13. Հոդված 38-ը հակասում է մարդու հիմնարար իրավունքների սկզբունքին։
14. Հոդված 40-ի 2-րդ մասը խմբագրել։
15. Հոդված 41-ի 3-րդ մասը խմբագրել։
16. Հոդված 43-ի 4-րդ մասը խմբագրել։
17. Հոդված 44-ի 4-րդ մասն ավելորդ է։
18. Հոդված 46-ի 2-րդ մասում պարզաբանել. ի՞նչ կնշանակի «հայազգի»։ Հայաստանի հանրապետությունում բնակություն հաստատելու պահ չկա։ Կա ՀՀ մշտական բնակիչ հասկացություն։ Ուրեմն սա պետք է նշել և ժամանակ սահմանել քաղաքացի դառնալու համար։
19. Հոդված 47-ի 3-րդ մասը շատ ազատական է։ Օտարազգին, ոչ քխաղաքացին ինչո՞ւ պետք է ընտրվելու իրավունք ունենա։
20. Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը սահմանված չէ, անհնարին է խոսել վարձատրությունից։
21. Իմաստազուրկ է 57-ի 3-րդ մասը։ Նորից անհասկանալի են «հանրային շահը» և հասարակական կարգ արտահայտությունները։ Սրանք Սահմանադրության նախագծում այս պահին արդեն օգտագործվում են 14-րդ անգամ։ Մենաշնորհը աշխարհում ոչ մի տեղ հանրային շահ չի պաշտպանել ու չի կարող պաշտպանել։ Մենաշնորհի համար կարող են լինել բնական և ռազմա-քաղաքական պատճառներ։
22. 58-րդ հոդվածի 3-րդ մասը սխալ է, կոնկրետ պետք է նշել, հանրության շահը ո՞րն է։ 5-րդ մասուս պետք է պետք է ավելացնել հանրաքվեի հիման վար, 6-րդ մասը պետք է հանել։ Պետք է սահմանափակել միայն հողի չափը։
23. 61-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է խմբագրել։ Նորից հասարակական շահ։
24. 3-րդ գլխի (սոցիալական, տնտեսական և մշակույթային ոլորտներում օրենսդրական երաշխիքները) սկզբի հատվածը պարզապես չի ստացվել։ Օրինակ, ի՞նչ է նշանակում 85-րդ հոդվածի 1-ին մասի այսպիսի նախադասությունը՝ «օրենքը սահմանում է յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքը»։ Անիմաստ միտք է։
25. 85-րդ հոդված։ Հիմնական և ոչ հիմնական բժշկական ծառայություններ չկան։ Սա տարբերակներից մեկում չկա։
26. 86-րդ հոդվածի 1-ին մասով բնակչության զբաղվածության խթանումը սխալ միտք է։ Նման է սոցիալիզմի հիմնական օրենքին։
27. Հոդված 89։ Ինչպես թե ԱԺ կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Այս թիվը չսահմանելը պարզապես վակխանալիա է։
28. Հոդված 89-ը, որով կարգավորվում են ԱԺ ընտրությունները, այն ԱԺ-ն որը պետք է լինի պառլամենտական հանրապետության հիմքը, այդ ընտրությունները այդպես էլ չի սահմանում։ Այդ ամենը թողնվում է ընտրակարգի հիման վրա։ Խոսվում է ինչ-որ կայուն մեծամասնության մասին, երկրորդ փուլի մասին, որն արդեն անցկացվում է 2 կուսակցությունների միջև։ Պարզ չէ, թե կուսակցությունների առաջին փուլում հավաքած ձայներն ինչ են լինում։ Ի դեպ, ավելի ու հրապարակած շարադրանքում ասվում է, որ այդ ձայները պահպանվում են։ Սա աննախադեպ, անհեթեթ «մեխանիզմ» է։ Սա նշանակում է, որ ընդդիմություն այլևս չի լինելու։
Այսպես կոչված՝ երկրորդ կուսակցությունը նույնպես լինելու է իշխանություն, բայց կոչվելու ընդդիմություն։ Ըստ էության առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի՝ ԱԺ-ի ընտրությունները ֆարսի են վերացված, չեն լինելու։ Նոր Սահմանադրությամբ ընտրողի ձայնը էռոզիայի է ենթարկվել։ Որպիսիով իշխանությունն ուզուրպացվում է և փոփոխության ենթակա չէ։ Հատկանշական է, որ Հայեցակարգում նոր Սահմանադրության նախագծի հեղինակները խոսում էին քաղաքական մենիշխանության հաղթահարման մասին։ Իսկ այստեղ առանց ամաչելու դնում են կայուն պառլամենտական մեծամասնություն ունենալու հարցը։
29. 88 – Ի՞նչ պառլամենտական հանրապետություն առանց երկպալատ ԱԺ-ի։
30. 89-ի 5-րդ կետով կուսակցությունները ներկայացնում են կառավարության ծրագրի հիմնադրույթներ։ Ինչքա՞ն, ի՞նչ չափով։ Ո՞վ է հսկելու, եթե դրանք չեն կատարվում։ Ի՞նչ գործ ունի նման ռոմանտիկ շարադրանքը Սահմանադրության մեջ՝ անհասկանալի է։
31. Հոդված 99։ ԱԺ-ն էլի 2 նստաշրջան է։ Մի՞թե «պառլամենտական հանրապետություն» դառնալը ոչինչ չի փոխում։
32. 104-ի 1-ին մասի վերջում կարդում ենք. տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված պատգամավորը։ Բայց 89-ի 4-րդ մասով հավանական է և հնարավոր է մեկ ընդդիմադիր կուսակցություն և խմբակցություն։ Հիմա այդ «խմբակցությունները» բառը որտեղի՞ց վերցրիք։
33. Հոդված 104, մաս 3-րդ։ Ի՞նչ բան է ԱԺ խորհուրդը։ Ինչի՞ համար է այն։ Հետագա շարադրանքում այն ևս մեկ անգամ հիշատակվում է բոլորովին ոչ կարևոր հարցով։
34. 105-րդ հոդվածով անհասկանալի է նոր խմբակցությունների արգելանքը։
35. 115-րդ հոդվածով ի՞նչու պետք է անվստահություն հայտնելը ուղեկցվի նոր վարչապետի թեկնածությամբ։ Մասնավորապես, ընդդիմությունը պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ով ներկայացնում է անվստահություն։ Բայց նա չի կարող նոր վարչապետ մեյդան հանել, քանզի մեծամասնություն չունի։ Տարրական տրամաբանության բացակայություն։
36. Ի՞նչ է նշանակում 116-րդ հոդվածի 5-րդ ենթակետը էական ֆինանսական պարտավորությունների մասով։
37. Հանրապետության Նախագահին նվիրված գլուխը (21 հոդված) ամենամեծ բաժիններից մեկն է Սահմանադրության նախագծով։ Այն ավելի շատ է, քան կառավարության հատվածը (15 հոդված)։ Իրականում նախագահ կա, նա նշանակում է վարչապետին և կառավարության անդամներին, դատավորներին ընդունում է նրանց հրաժարականը, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ, նշանակում է դեսպաններ և դիվանագետներ, պարգևատրում է շքանշաններով ու մեդալներով, շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ, ստորագրում է օրենքները, ցրում է ԱԺ-ն (և ոչ թե վարչապետը), ներում է շնորհում, քաղաքացիություն տալիս, նշանակում է դատավորներ, ընտրում է սահմանադրական դատարանի 3 անդամների, ընտրվում է 7 տարով, հատուկ օրենքով սահմանվում են նրա վարձատրության պայմանները և այլն (վարչապետի պարագայում նման բան չկա)։
Այո, որոշ դեպքերում պետք է լինի վարչապետի առաջարկը։ Բայց հիմա էլ է դա այդպես։ Ավելին, նախագծի հեղինակները մի բան էլ են մտածել. ՀՀ Նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Դրա փոխարեն այժմ Նախագահը ընտրվում է ընտրիչների կողմից և չունի առաջնային մանդատ։ Այսինքն, նրան կարելի է հանել գործից, եթե խնդիրներ լինեն։ Բացի այդ, ընտրիչների ինստիտուտի առկայությունը թույլ է տալիս շրջանցել համաժողովրդական ընտրությունների ինստիտուտը, քանզի իշխող վարչախումբն անցողիկ թեկնածու չունի։ Ահա այսպիսի բաներ։ Այսպիսով, Նախագահ կա, նա ամենևին արարողակարգային չէ, այդ ամենը սուտ է, որը տարածվում է պրոիշխանական մամուլով։
38. Հոդված 124։ Հանրապետության Նախագահի լիազորությունները սահմանված են 7 տարի։ Ինչո՞ւ։ Նրան ընտրող պատգամավորների ու ՏԻՄ ներկայացուցիչների լիազորությունը սոսկ 5 տարի է։
39. Հոդված 125։ Անհասկանալի է ՀՀ Նախագահի ընտրությունը ընտրիչների ժողովի կողմից։ Այսպես, պառլամենտական հանրապետության պարագայում Նախագահին պիտի ընտրի ԱԺ-ն, որն առաջնային մանդատ ունի։ Հիմա, սակայն, ստեղծվում է ընտրիչների ժողովի կողմից՝ պատգամավորներ + ՏԻՄ մարմինների կողմից ընտրված ներկայացուցիչներից։
Վերջիններս, սակայն, առաջնային մանդատ չունեն ամբողջ ժողովրդի կողմից։ Բացի այդ, ՏԻՄ մարմինների ընտրություններն արդեն կայացել են և գրեթե 100%-ով հաղթել են հանրապետականները։ Ստացվում է, որ իշխանություններն այս դեպքում ոչ թե եռակի, այլ քառակի ապահովագրություն են անում, որպեսզի ընդդիմությունը շանս չունենա։ Բացի դա, նկատի ունենալով, որ ՀՀ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել ընտրիչների ժողովի մասնակիցների 1/5-ը, իսկ այս հատվածն արդեն ընտրված հանրապետականներ են, ստացվում է, որ այս Սահմանադրությունը ընդունվելու պարագայում 2018-ին ընդդիմությունը ՀՀ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել միայն այն դեպքում, եթե ԱԺ-ում 40% ձայն ունենան։
Բայց քանի որ ԱԺ երկփուլ ընտրության համակարգը կա կայուն մեծամասնության պահանջով, պատգամավորների ընդհանուր վերջնական թվի փոփոխության հնարավորությամբ, ապա նոր սահմանադրությամբ ՀՀ Նախագահի միայն մեկ թեկնածու է լինելու՝ առանց ընդդիմության։ Այս պարագայում 125-րդ հոդվածի 5-րդ մասն անվելորդ է։ Եվ ուրեմն, ըստ էության, ՀՀ Նախագահը նշանակվում է իշխող կուսակցության կողմից և ոչ թե ընտրվում է։
40. Անհասկանալի է 128-138-րդ հոդվածներում Հանրապետության Նախագահի լիազորությունների մանրամասը թվարկումը, երբ մյուս դեպքերում (օրինակ, պատգամավորների թվաքանակը) ամեն ինչ հասցեագրված է համապատասխան օրենքին։
41. Հոդված 138։ Անհասկանալի է Հանրապետության նախագահի կողմից հրամանագրեր ու կարգադրություններ ստորագրելու պարագան։ Բա ո՞ւր մնաց պառլամենտական հանրապետությունը, օրենքի գերակայությունը։ Չէ՞ որ այս Սահմանադրության իմաստը պետք է կայանար նրանում, որ ԱԺ, Կառավարության և ՀՀ նախագահի իրավասությունները սահմանվում են հենց Սահմանադրությամբ։ Այլապես ստանում ենք կամայականության ու զոռբայության երկիր։ Չէ՞ որ նման հոդվածով մենք վերացնում ենք «հանրապետություն» եզրույթը։
42. Հոդված 145։ Գրված է. կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը։ Ինչո՞ւ ընդհանուր։ Իսկ կոնկրետն ո՞վ է անում։
43. Հոդված 148։ 1-ին և 2-րդ մասերն իրար հակասում են։ Նախ, ասվում է, որ Նախագահը նշանակում է ԱԺ-ում հաղթած մեծամասնության թեկնածուին։ Ըստ որում չի նշվում՝ իրավունքի ուժով։ Բայց հրաժարականի դեպքում ԱԺ նախագահը «պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա» առաջադրում է վարչապետի թեկնածու։ Այդ վարչապետին ընտրում է ԱԺ-ն։ Հիմա ո՞վ է նշանակում վարչապետին։ Ինչո՞ւ 2-րդ դեպքում ևս ՀՀ Նախագահը չի նշանակում հաղթած կուսակցության ներկայացուցչին։ Պատասխան չկա։
44. Հոդված 152։ Կառավարության անդամների կողմից ենթաօրենսդրական ակտերի ընդունումը վերացնում է պառլամենտարիզմը։ Նման ակտերով օրենքները ջրվում են։
45. Ո՞ւր մնացին մարդու հիմնարար իրավունքների մասին հայեցակարգային լոզունգները։ Ինչպե՞ս են դրանք իրացվում։ Ավելին, պարզվում է մարդու կյանքի իրավունքը հիմնարար իրավունք չէ։
46. Հոդված 172։ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամներից։ Սրանցից 5-ին ընտրում է ԱԺ-ն։ Նորից նույն պատմությունը։ Մեծամասնությունն ընտրում է իշխանության ճյուղ։ Բա ո՞ւր մնացին դատական իշխանության անկախության մասին զրույցները։
47. Դատավորների անկախության հարցը լուծված չէ։ Դատավորների նշանակում է կամ Նախագահը կամ էլ ԱԺ-ն, իսկ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նա, միևնույնն է, կարող է հանվել օրինակ 164-ի 9-րդ մասով էական կարգապահական խախտում կատարելու պատրվակով։
48. Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունները սահմանված են 12 տարի, իսկ նախագահինն ու փոխնախագահինը՝ 6 տարի (հոդված 166, 5, 6) և կարող են աշխատել մինչև 70 տարեկանը։ Հետաքրքիր է, որ 1995-ի և 2005-ի նախագծերն ընդունելիս ասվում էր, որ սահմանադրական դատարանի նախագահը կամ պետք է ցմահ նշանակվի կամ էլ մինչև 70 տարեկանը։ Իսկ հիմա, մի կողմից ասվում է դատական անկախության մասին, բայց իրականում ծառայության սահմանափակ ժամկետ է դրվում։
49. 176 հոդվածով գլխավոր դատախազին նշանակում է ԱԺ։ Բայց սա գործադիր է և պետք է առաջարկի վարչապետը։
50. 182 հոդվածով սահմանվել է տեղական հանրաքվեի հնարավորություն։
51. 184 հոդվածը սխալ է գրված։ Այսպես, ասվում է. 2. Համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի իրականացման կարգը սահմանվում է օրենքով։ 3. Օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանին սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։ Այստեղից բխում է, որ համայնքը, ա, կարող է ունենալ միայն տեղական հարկեր և տուրքեր և, բ, այդ հարկերն ու տուրքերը կարելի է սահմանել օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում։ Արդյունքում՝ ստացվել է անհեթեթություն։ Մինչդեռ գործող Սահմանադրության մեջ նորմալ գրված է. «Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով»:
Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը: Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման: Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր՝ օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ: Այսպիսով, ընդունելով նոր Սահմանադրությունը երբեք այլևս տեղական ինքնակառավարում չենք ունենա։
52. 185-ի 2-րդ մասը սխալ է։ Այն ասում է, որ պետությունն է ֆինանսավորում համայնքը։ Մինչդեռ առանց ինքնաֆինանսավորման համայնքային ինքնավարություն լինել չի կարող։
53. 193, կետ 1, ԿԸՀ ի՞նչ կապ ունի ՀՀ Նախագահի ընտրությունները կազմակերպելու հարցում։
54. Ինչի՞ համար են 12-րդ և 13-րդ գլուխները։ ՀՌՀ-ն ի՞նչ գործ ունի Սահմանադրության մեջ։
55. Բա հայեցակարգում ասում էիք վերահսկիչ պալատում ընդդիմությանը տեղ եք հատկացնելու (197-198)։ Ո՞ւր է։
56. Պետք է հստակ շարադրվի ԿԲ կողմից ենթաօրենսդրական ակտեր ընդունելու պարագան (հոդված 199, 4)։
57. ԿԲ-ն պատասխան է տալիս գների կայունության համար (199,
2), բայց ինքնուրույն, առանց կառավարության համաձայնության մշակում, հաստահում և իքրականացնում է դրամավարկային քաղաքականություն։ Նման բան մեր դարաշրջանում ոչ-ոք չի անում։ Սա 20-րդ դարի 90-ական թվականների թեզ է։ Գների կայունությունը, երբ պահուստային արտարժույթը մեր գործունեության ազդեցությունից դուրս է, նաև առաջարկի հարց է, և ուրեմն հավասարապես վերաբերում է ինչպես ԿԲ-ին, այնպես էլ կառավարությանը։ Բացի դա, նոր սահմանադրության նախագծով կառավարությանն է վերապահված հիմնական գործառույթները, Նախագահ իբսր թե չկա, և ուրեմն ո՞վ պետք է վերահսկի ու կոորդինացնի ԿԲ գործունեությունը։
58. Հոդված 203։ Վերպետական միջազգային կազմակերպությունների անդամակցելը հանրաքվեի միջոցով է։ Բայց պետք է նշել՝ ի՞նչ է վերպետականը։ Ըստ իս՝ ավելի ճիշտ է «պետության սուվերենիտետի պակասեցման դեպքում միջազգային կազմակերպություններին անդամակցելը որոշվում է հանրաքվեի միջոցով» արտահայտությունը։
59. Հոդված 202։ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 202-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն: Նման բան նախկինում չի եղել։ Զարգացման այս մակարդակում այսպիսի թեզի առկայությունը հասարակության մեջ իշխանության ուզուրպացիա է հիշեցնում։
60. ԱԺ-ն 2/3-ով փոխումէ Սահմանադրությունը, որը հանրաքվեով է ընդունվել։ Սա էլ ավելի է ուժեղացնում երկրի քաղաքական համակարգի կուսակցականացումը։
Առաջարկություններ։
1. Փոխել Հայաստանի Հանրապետության անունը՝ Արմենիա Հանրապետություն։
2. Պետք է հոդված 5-ում սահմանել է, թե ի՞նչ է ենթաօրենսդրական ակտը։ Իբրև տարբերակ կարող է լինել՝ «Ենթաօրենսդրական ակտը Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրավական նորմերի կիրարկման կոնկրետ գործողությունների նկարագրություն է»։
3. Հոդված 10։ «Հանել սոցիալական շուկայական տնտեսություն» արտահայտությունը։ Պետք է ավելացնել՝ «Բոլորի համար ապահովվում են հավասար հնարավորություններ ձեռներեցությամբ զբաղվելու համար։ Արգելվում է օրենքներով խոշոր բիզնեսի համար նախատեսել ավելի լավ պայմաններ, քան փոքր ու միջին ձեռնարկատերերի ու ձեռներեցների համար»։
4. Հանել 11-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ մասը։
5. Հանել հոդված 17-ը։
6. Հանել հոդված 23-ի 2-րդ մասը։ Կամ էլ նկարագրել մարդուն կյանքից զրկելու անհրաժեշտության բոլոր դեպքերը։
7. Հանել հոդված 24-ի առաջին մասÇ 2-րդ նախադասության միջնամասը՝ թողնելով միայն «այլոց հիմնական իրավունքների…» արտահայտությունը։
8. Հանել հոդված 28-ի երկրորդ մասը։ Հին խմբագրություն։
9. Հոդված 30-ի երկրորդ մասը կամ պետք է հանվի կամ էլ պետք է շատ կոնկրետ շարադրվեն մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանափակման դեպքերը։ Պետք է, մասնավորապես, նշել տնտեսական բարեկեցության, պետական անվտանգության և հասարական կարգի պահպանման կոնկրետ դեպքերը։
10. Գլուխ երկրորդում պետք է գրել նոր հոդված կամ մաս՝ կոնկրետ սահմանելով հանրային շահ հասկացությունը։
11. Հոդված 35-ի և հոդված 36-ի 3-րդ մասերը չեն ստացվել։ Դրանք պետք է վերաշարադրվեն։
12. Հոդված 37-ը սխալ է շարադրած։ Նախ, պարտադիր միջնակարգ կրթություն ստանալու իրավունք պետք է ունենան բոլորը, անկախ ուսումնական հաստատության սեփականության ձևից։ Նույնիսկ մասնավոր դպրոցներում, քանի որ սահմանվում է ձրի պարտադիր միջնակարգ կրթության սահմանադրական մասում նպատակահարմար է օգտագործել «պետական ուսումնական հաստատություններ, դպրոցներ և կրթօջախներ» եզրույթը։ Ի վերջո, պետական կրթօջախը կարող է պետական ծրագրից դուրս վճարովի այլ կրթական ծառայություններ մատուցել։ Եթե այս ձևակերպումները պահպանվեն, ապա դպրոցական բարեփոխումներն անհնարին կդառնան։ 37-ի երկրորդ մասը պետք է շարադրել. «անվճար բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու պայմաններն ու կարգը սահմանվում են պետական պատվերի միջոցով»։ 37-րդ հոդվածի 3-րդ մասի ինքնակառավարման իրավունքը պետք է տարածել նաև դպրոցների վրա։
13. Հոդված 38-ը խմբագրել. մարդու ազատությունն ավելի կարևոր է, քան օրենքները։ Պետք է նշվի. ո՞ր օրենքները կամ ո՞ր նորմերը։
14. Այս գլխում մտցնել նոր հոդված կամ մաս՝ սահմանելով «պետական անվտանգություն» հասկացությունը։
15. Հոդված 40-ի 2-րդ մասը խմբագրել։
16. Հոդված 41-ի 3-րդ մասը խմբագրել։
17. Հոդված 43-ի 4-րդ մասը խմբագրել։
18. Հոդված 44-ի 4-րդ մասը ѳݻÉ։
19. Հոդված 46-ի 2-րդ մասում պարզաբանել. ի՞նչ կնշանակի «հայազգի»։ Հայաստանի հանրապետությունում բնակություն հաստատելու պահ չկա։ Կա ՀՀ մշտական բնակիչ հասկացություն։ Ուրեմն սա պետք է նշել և ժամանակ սահմանել քաղաքացի դառնալու համար։ Այլապես, այս հոդվածի համաձայն, բոլոր հայերն ունեն քաղաքացիության նույն իրավունքները, բայց պարտականությունները դրված են հայաստանցիների վրա։ Այս դեպքում ավելի «շահավետ» է արտագաղթել և հետո միայն սփյուռքից դիմել ՀՀ քաղաքացի դառնալու համար։
20. Հոդված 47-ի 3-րդ մասը շատ ազատական է։ Օտարազգին, ոչ քաղաքացին ի՞նչու պետք է ընտրվելու իրավունք ունենա։ Հանել։
21. Եթե աշխատանքային շաբաթվա տևողությունը սահմանված չէ, անհնարին է խոսել վարձատրությունից։ 55-ում նշել, որ աշխատանքային շաբաթվա առավելագույն տևողությունը սահմանվում է օրենքով։ Այստեղ էլ նշել, որ այդ ժամկետից դուրս աշխատանքը արտաժամյա է և վարձատրվում է առանձին ռեժիմով։
22. Հոդված 56-ի երկրորդ մասը խմբագրել հանրային շահերի մասով։
23. Մենաշնորհի համար կարող են լինել բնական և ռազմա-քաղաքական պատճառներ։ Եվ ուրեմն հենց այդպես էլ պետք է գրել 57 հոդվածի 3-րդ մասում։
24. 58-րդ հոդվածի 3-րդ մասը հանել, 5-րդ մասում պետք է ավելացնել հանրաքվեի հիման վրա, 6-րդ մասը պետք է հանել։ Պետք է սահմանափակել հողի չափը նշելով, որ այն կարգավորվում է օրենքով։
25. 61-րդ հոդվածում ավելացնել այլընտրանքային դատարանի պարագան։
26. 86-րդ հոդվածի 1-ին մասով բնակչության զբաղվածության խթանումը սխալ միտք է։ Նման է սոցիալիզմի հիմնական օրենքին։ Պետությունը նախևառաջ պետք է խրախուսի ձեռներեցությունը։ Իսկ նման միտք չկա։ Կա գործարար միջավայրի խրաքուսում։ Բացի այդ պետք է նշել փոքր ու միջին ձեռնարկությունների խրախուսման մասին։ Եթե այս պահանջը չի դրվում, ապա ՓՄՁ-երը կփակվեն, քանզի խոշոր բիզնեսի մոտ առկա մասշտաբի էֆեկտը նրանց կկլանի
27. 88-ում նշել, որ ԱԺ երկպալատանի է։
28. 89-րդ հոդվածից պետք է հանել ԱԺ ընտրության 2-րդ փուլը և կայուն մեծամասնության մասին թեզը։
29. 95-ի 2-րդ մասով կրկնվում է գործող սխալը՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Է հա՝ կինն է զբաղվում։ Մեխանիզմը ո՞րն է։ Այս խնդրին սահմանադրական լուծում պետք է տրվի։
30. 99-րդ հոդվածով պառլամենտական հանրապետություն դառնալու կապակցությամբ ԱԺ աշխատաժամանակը պետք է երկարացնել։
31. 104-րդ հոդվածի 3-րդ մասը հանել։
32. Հանել 105-րդ հոդվածի 2-րդ մասը։
33. 109-ի 1-ին մասը շարունակել այսպես. Պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը պարտավոր են ձևաւկերպել ԱԺ բյուջետային կամ օրենսդրական գրասենյակների մազսնագետները՝ 3 շաբաթվա ընթացքում։ Օրենսդրական նախաձեռնեությունները դրա հեղինակի պնդման պարագայում պարտադիր կարգով քննարկվում են ԱԺ նստաշրջանում։
34. 110-ի 2-րդ մասում ավելացնել. պետության եկամուտները պետք է արտացոլվեն միայն բյուջեում։
35. 116-րդ հոդվածի 5-րդ ենթակետը վերաշարադրել՝ «նախատեսում են ֆինանսական և գույքային պարտավորություններ»։
36. Իրականում նախագահ կա, այսօրվա Նախագահի բոլոր գործառույթներով, միայն թե նա այժմ ընտրվում է ընտրիչների կողմից։ Եվ ուրեմն եթե իրոք գնում ենք պառլամենտական հանրապետության, ապա Սահմանադրության նախագծի 128-137 հոդվածներում պետք է կատարել խմբագրումներ այն հաշվով, որ Նախագահը այդ գործողությունները կատարում է օրենքի ուժով։
37. Հոդված 125։ Անհասկանալի է ՀՀ Նախագահի ընտրությունը ընտրիչների ժողովի կողմից։ Այսպես, պառլամենտական հանրապետության պարագայում Նախագահին պիտի ընտրի ԱԺ-ն, որն առաջնային մանդատ ունի։ Հիմա, սակայն, ստեղծվում է ընտրիչների ժողովի կողմից՝ պատգամավորներ + ՏԻՄ մարմինների կողմից ընտրված ներկայացուցիչներից։ Վերջիններս, սակայն, առաջնային մանդատ չունեն ամբողջ ժողովրդի կողմից։
Բացի այդ, ՏԻՄ մարմինների ընտրություններն արդեն կայացել են և գրեթե 100%-ով հաղթել են հանրապետականները։ Ստացվում է, որ իշխանություններն այս դեպքում ոչ թե եռակի, այլ քառակի ապահովագրություն են անում, որպեսզի ընդդիմությունը շանս չունենա։ Բացի դա, նկատի ունենալով, որ ՀՀ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել ընտրիչների ժողովի մասնակիցների 1/5-ը, իսկ այս հատվածն արդեն ընտրված հանրապետականներ են, ստացվում է, որ այս Սահմանադրությունը ընդունվելու պարագայում 2018-ին ընդդիմությունը ՀՀ Նախագահի թեկնածու կարող է առաջադրել միայն այն դեպքում, եթե ԱԺ-ում 40% ձայն ունենան։
Բայց քանի որ ԱԺ երկփուլ ընտրության համակարգը կա կայուն մեծամասնության պահանջով, պատգամավորների ընդհանուր վերջնական թվի փոփոխության հնարավորությամբ, ապա նոր սահմանադրությամբ ՀՀ Նախագահի միայն մեկ թեկնածու է լինելու՝ առանց ընդդիմության։ Այս պարագայում 125-րդ հոդվածի 5-րդ մասն անվելորդ է։
Եվ ուրեմն ըստ էության ՀՀ Նախագահը նշանակվում է իշխող կուսակցության կողմից և ոչ թե ընտրվում է։ Ընտրիչների ժողովի ինստիտուտը պետք է հանվի։ Նորմալ աշխարհում, պառլամենտական հանրապետություններում նման բան չկա։
38. Հանել 128-րդ հոդվածը։
39. Հոդված 145։ Գրված է. կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը։ Ինչո՞ւ ընդհանուր։ Իսկ կոնկրետն ո՞վ է անում։ Պետք է ընդհանուր բառը հանել։
40. Հոդված 148։ 1-ին և 2-րդ մասերն իրար հակասում են։ Նախ, ասվում է, որ Նախագահը նշանակում է ԱԺ-ում հաղթած մեծամասնության թեկնածուին։ Ըստ որում չի նշվում՝ իրավունքի ուժով։ Բայց հրաժարականի դեպքում ԱԺ նախագահը «պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա » առաջադրում է նշանակում վարչապետին։ Ինչո՞ւ 2-րդ դեպքում ևս ՀՀ Նախագահը չի նշանակում հաղթած կուսակցության ներկայացուցչին։ Պատասխան չկա։ 148-րդ հոդվածն ամբողջությամբ պետք է վերաշարադրվի։
41. 149-ից հանել փոխվարչապետներ արտահայտությունը։ Մեկ այլ տեղ նշել, որ փոխվարչապետները նախարարներ են (երկուսը), որոնք փոխարինում են վարչապետին՝ վերջինիս բացակայության ժամանակ։
42. Հոդված 152։ Կառավարության անդամների կողմից ենթաօրենսդրական ակտերի ընդունումը վերացնում պառլամենտարիզմը։ Նման ակտերով օրենքները ջրվում են։ Պետք է նշել ի՞նչ տիպի ակտերի մասին է խոսքը։ Միայն կատարողական բնույթի ակտեր կարող են լինել։ Հետևաբար, ներկայիս կառավարական որոշումների մեծ մասը այլևս պետք է օրենքի տեսքով ընդունվեն կամ էլ նորմատիվային-իրավական բնույթի որոշումները վարչապետը պետք է ստորագրի ԱԺ նախագահի կամ համապատասխան հանձնաժողովի նախագահի (համանախագահների) հետ։
43. Նույնը նշել 154 հոդվածի 4-րդ մասում։
44. Վարչապետի լիազորությունների մեջ պետք է մտցնել ԱԺ դատախազի թեկնածություն ներկայացնելը (176), ինչպես նաև նշել, որ նա է ԶՈՒ գլխավոր հրամանատարը, այլ ոչ միայն պատերազմների ժամանակ։
45. Ի՞նչ է առաջարկում Նախագիծը անկախ, ինքնուրույն և օրենքի առաջ հաշվետու դատական իշխանության կայացման հարցում։ Բառացիորեն ոչինչ։ Արդարադատության խորհուրդը հետայսու անվանվում է Բարձրագույն դատական խորհուրդ։ Մտքեր էին ասվում այս խորհրդի անկախության, գործունեության արդյունավետության բարձրացման մասին, խոսվում էր դրա ձևավորման փոփոխության անհրաժեշտության մասին։ Ոչ մի կետն էլ չի կատարվել. խորհուրդն առաջարկում է, Նախագահը նշանակում է։
Ավելին, վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահներին ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո (բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջադրվելուց հետո), նորից նշանակում է Նախագահը։ Միայն Նախագահն է նշանակվում ԱԺ կողմից։ Միակ լուրջ փոփոխությունն այստեղ դատավորների անփոփոխելիությունն է և մինչև 65 տարին պաշտոնավարելը։
46. Չկա այլընտրանքային դատարանը, մարդիկ պետք է իրավունք ունենան ազատորեն ընտրելու իրենց դատարանը, ուր ուզում են դիմել: Բացի դա, առաջարկում ենք լիցենզավորված արտասահմանյան դատարանների գաղափարը։ Հայաստանը փոքր երկիր է, երբեմն բոլորը բոլորին ճանաչում են և օրենքով նախատեսված կարգով դատական գործառույթը կարող իրականացնել լիցենզավորված արտասահմանյան դատավորը։ Վերջապես, դատական համակարգի անկախության կարևորագույն տարր է այն, որ ամբողջ աշխարհում դատական համակարգի բյուջեն ներկայացվում է օրենքով՝ պառլամենտում և չի մտնում կառավարության ներկայացրած նախագծի մեջ։ Բացի այդ, դատական իշխանության մասին օրգանական օրենքով պետք է սահմանվի, որ Կառավարության օրենսդրական նախաձեռնության իրավունքը չի գործում անմիջականորեն դատական իշխանությանը վերաբերող օրենքների նախագծերի նկատմամբ։
47. Անհասկանալի է 166-ի 6-րդ մասով ՍԴ նախագահի ու փոխնախագահի 6-ամյա ժամկետով ընտրելը։ Քանի Գ.Հարությունյանը ՍԴ նախագահ էր, 1995 և 2005թթ. սահմանադրություններով պնդում էր ցմահ և (կամ) մինչև թոշակային տարիքի պարագան։ Հիմա ՍԴ նախագահի համար առաջարկվում է 6 տարի։ Այսպես անհնարին է խոսեք սահմանադրականությունից։
48. Հոդված 172 -173։ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամներից։ Սրանցից 5-ին ընտրում է ԱԺ-ն։ Նորից նույն պատմությունը։ Մեծամասնությունն ընտրում է իշխանության ճյուղ։ Բա ո՞ւր մնացին դատական իշխանության անկախության մասին զրույցները։ Սա պետք է բացառել։ ԲԴԽ բոլոր անդամներին պետք է ընտրել համաժողովրդական ընտրությունների միջոցով։
49. 184-ում կատարել փոփոխություններ այն հաշվով, որ ՏԻՄ մարմինների բյուջեները պետք է լինեն ինքնաբավ։
50. Հանել 189-րդ հոդվածը՝ միևնույնն է ԱԺ-ն է որոշում վարչատարածքային բաժանումը։
51. Հանել գլուխ 12-ն ամբողջությամբ։
52. 199-րդ հոդվածի 2-րդ կետում գների բառից հետո փակագծերում ավելացնել «կառավարության հետ համատեղ»։
53. 201-րդ հոդվածի երկրորդ մասում ավելացնել՝ նշված հոդվածները կարող են փոփոխվել նաև հանրաքվեի միջոցով։
54. 203-րդ հոդվածում ավելացնել ինքիշխանության կորստի պարագան։
55. 205-րդ հոդվածում «քառորդ» բառը փոխարինել «կեսը» բառով»։