Բաժիններ՝

«Հայ երեխաների ստեղծած խաղերն ու հավելվածները կարելի է գտնել «Մասաչուսեթի» համալսարանի կայքում և սա արդեն միջազգային մակարդակ է». Կարեն Վարդանյան

Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) լրագրողներին ներկայացրեց «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» և «Ինժերական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագրերի նպատակներն ու արդյունքները: Ծրագրերը նպատակ ունեն փոխել դպրոցականների և ծնողների մտածողությունը, վերաբերմունքը կրթության և մասնագիտական կողմնորոշման նկատմամբ: Անդրադառնալով ընկերության գործունեությանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց. «Մենք սկսել ենք խմբակներ ստեղծել 2009 թվականից, 2011-ից արդեն ռազմավարության մեջ մտցվեց բոլոր դպրոցներում ունենալ ռոբոտաշինության խմբակներ, իսկ 2012թ. ստեղծվեց ինժեներական լաբորատորիան, որն ավելի բարդ և համապարփակ է, քան ռոբոտոշինության լաբորատորիան, և սրանով մենք հավակնում ենք Հայաստան բերել լավագույն աշխատատեղեր, որոնց մեջ կան այնպիսի որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր, այսպես ասած՝ ամեն ինչից հասկանում են»:

«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի նպատակն է՝ տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի հետաքրքրությունը դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաև՝ հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Ակնկալվում է, որ 500-ից ավելի տեխնիոլոգիական ընկերություններից յուրաքանչյուրն իր հովանու տակ կառնի առնվազն մեկ դպրոց, և ընդամենը մի քանի տարի անց կբազմապատկվի արդի աշխարհայացքով և հաստատակամ երիտասարդների թիվը:

Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի՝ ծրագրի շրջանակներում կարևորվում է հատկապես մարզային դպրոցների ներգրավվածությունը.

11855360_10205117826089495_318143875_n

Կարդացեք նաև

«Մենք շեշտադրումը դնում ենք հատկապես շրջանների վրա, և այսօր արդեն շրջաններում գործող ընկերություններ կան՝ Կապանում, Գորիսում, որտեղ համարյա 40 մարդ է աշխատում, Իջևանում, Վանաձորում, Գյումրիում: Մեր նպատակն այն է, որ երեխաներն ավարտելով դպրոցը՝ մնան ապրելու իրենց տարածաշրջանում: Այսինքն՝ այսպես մենք նաև արտագաղթի խնդիր ենք լուծում, որովհետև ինտերնետային ծածկույթի համար ոչ մի նշանակություն չունի՝ տարածական առումով՝ դու որտեղ ես գտնվում: Պետք է հաշվի առնել նաև, որ այսպիսով ինֆորմացիոն տեխնոլոգիաների աշխատակից հարակից ոլորտներում ստեղծվում է 2-4 աշխատատեղ, դա էլ իր հերթին՝ նպաստում է, որ շրջաններում նույնպես թափուր աշխատատեղերի հարց լուծվի: Եվ ամենակարևորը, որ այդ երեխաները սովորեն թիմային աշխատանքին, կապված լինեն իրենց հողի հետ»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, վերջիններիս ինժեներական ծրագրերի իրականացմանը մասնակից դարձնելու նպատակով: ՏՏ ոլորտի ընկերությունները ծրագրին միանալով՝ հնարավորություն են ստանում համագործակցել Հայաստանի դպրոցների հետ և դրանով իսկ բարձրացնել դպրոցականների հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ:

11846074_10205117826049494_1274419024_n

 

ՏՀՏ ընկերությունները հնարավորություն են ստանում նաև իրենց աշխատակիցներին ընտրել դեռ դպրոցական տարիքից և մասնակցել նրանց մասնագիտական ուղղորդմանը: Կարեն Վարդանյանն ասաց, որ դասընթացին մասնակցել ցանկացող երեխաների ընտրություն, որպես այդպիսին, չկա, ընդունելությունը կամավոր է, գործում է ակումբային սկզբունք, պարտադիր դասաժամ չկա:

«Երեխան դուրս է գալիս դպրոցից, և նրա շուկայական վարձատրման արժեքը մոտ 150-200 հազար դրամ է, այսինքն՝ նա դեռ համալսարան չընդունված՝ կարող է աշխատել և վարձատրվել»,- հավելեց Կարեն Վարդանյանը:

«Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագրի նպատակն է՝ ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը համապատասխանաբար կընդլայնի ՏՏ ոլորտը: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի աշխատուժի շուկայում կկուտակվի տեխնիկական հմտությունների բազա: Դպրոցներում ինժեներական խմբակների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը ներառում է 4   բաղադրիչ՝ «ՍԵՌոբ» ռոբոտկոնստրուկտոր, «Նաիրի լաբորատորիա», «Ատելյե լաբ» և «The Live Code» ծրագրավորման լեզուն: Ներդրումային նախագիծը նախատեսվում է իրականացնել փուլային մոտեցմամբ՝ 4 տարվա ընթացքում:

2015-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանի 1400 դպրոցներում նախատեսվում է ներդնել համապատասխան ենթակառուցվածք և դասախոսական կազմ: Ամփոփելով կատարված աշխատանքները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Արդեն մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ ծրագրի մասնակից երեխաներն ամբողջովին  փոխում են իրենց աշխարհայացքը, աշխարհընկալումն ընդլայնվում է, և արդեն նրանց ստեղծած խաղերն ու հավելվածները կարելի է գտնել, օրինակ, Մասաչուսեթի համալսարանի կայքում: Սա խոսում է այն մասին, որ նրանք արդեն միջազգային մակարդակ են ցույց տալիս, ինչը շատ կարևոր ձեռքբերում է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս