«Միշտ պետք է գիտակցել, որ գործ ունես մարդկային կյանքի ողբերգիկ այս կամ այն դրվագների հետ, որոնք շատ դեպքերում լայն հասարակության համար չեն». Վահրամ Մխիթարյան

Հայաստանի բարձրադիր լեռներում՝ Վայոց Ձորի Եղեգիս գյուղում է ապրում ռեժիսոր, օպերատոր Վահրամ Մխիթարյանի դոկումենտալ վերջին ֆիլմի հերոսը՝ կույր հովիվ Խաչիկը, ում ողբերգական կյանքի պատմության մանրամասներին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալու այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ընթացքում՝ «Հովվի երգը» ֆիլմի պրեմիերային: Ֆիլմը հայ-լեհական առաջին համատեղ արտադրությունն է՝ նկարահանված լեհական Վայդա Ստուդիայի և հայկական Արթսայթ ստուդիայի հետ համատեղ: Ֆիլմի ռեժիսորը տարվա հիմնական մասն անցկացնում է Լեհաստանում և արդեն մի քանի օրից կվերադառնա այնտեղ՝ շարունակելու դասախոսական աշխատանքները: Ու քանի դեռ նա այստեղ է 168.am-ը հանդիպեց նրա հետ.

–  Վահրամ, գիտեմ, հաճախ ես բացակայում Հայաստանից: Որտե՞ղ ես լինում, ինչո՞վ ես զբաղվում Հայաստանից դուրս:

–  Իմ հիմնական ուղղությունները նույնն են՝ Լեհաստան, Լեհաստանից՝ Հայաստան: Երջանիկ եմ այնքանով, որ քանի Հայաստանում էի, անընդհատ մտածում էի այսպիսի կարգավիճակի մասին, որ ինձ հրավիրեն դրսում՝ ինչ-որ տեղ աշխատելու, որ կարողանայի պարբերաբար դուրս ու ներս անեի ու դրա համար չվճարեի: Ինչպես ասում են ՝ երազանքներն իրականանում են, նույնիսկ Հայաստան հրավերով եմ գալիս: Լեհաստանում եմ անցկացնում ժամանակիս մեծ մասը, այնտեղ զբաղվում եմ հիմանակնում ուսանողների հետ աշխատանքով՝ դասավանդում եմ:

Ֆիլմ անելն ինչ-որ տեղ սպեկուլյացիա է, որովհետև այդ ընթացքում կարող ես այցելել այն վայրերը, ուր վաղուց ուզում էիր կամ նախատեսել էիր լինել:

Կարդացեք նաև

–  Ինչ լավ է, որ դու դա բարձրաձայն խոստովանում ես, որովհետև շատերն այդ մասին լռում են:

–  Դե, իրականությունն է այդպիսին, ես ի՞նչ անեմ: Օրինակ, վերջերս որոշել էի դադար վերցնել ուղևորություններից, ինձ նվիրել գործին, բայց հրավիրել են Իտալիա՝ Վերոնայում կինոփառատոնում ներկայացնելու «Կաթնեղբայր» ֆիլմը, ես էլ վաղուց ուզում էի Վենետիկում լինել, ուրեմն՝ կմեկնեմ: Մյուս կողմից՝ փառատոներն օգտակար բացահայտումների համար լավ տեղ են, մանավանդ, եթե ֆիլմի ցուցադրումներից հետո հանդիսատեսի հետ կենդանի շփման, բաց քննարկումների հնարավորություն կա: Դա ինձ համար շատ կարևոր է:

–  Ո՞րն էր Հայաստան վերադառնալու առիթը:

–  Այս անգամ եկա «Հովվի երգը» ֆիլմով, որը մասնակցում էր «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին: Ի դեպ, այստեղ գալուց առաջ էլ հարցրեցի փառատոնի կազմակերպիչներին՝ արդյոք քննարկումներ սպասվո՞ւմ են հանդիսատեսի հետ, ասացին՝ գաս՝ կքննարկենք: Այս ֆիլմն ընդգրկված էր փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Գիտե՞ս, ես նկատել եմ, որ կայացած երկրներում ազգային մրցույթը եթե նույն հարթության վրա էլ չի, ապա նույնիսկ մի աստիճան բարձր դիրքերում է փառատոնային մնացած ծրագրերի նկատմամբ: Չգիտես ինչի՞ ՝ մեզ մոտ հակառակն է, մենք շատ ենք նվիրվում՝ հասկանալու աշխարհին՝ չհասցնելով հասկանալ ինքներս մեզ:

–  Կարծում եմ՝ մեզ մոտ շատ հարցերում են այդ դիրքորոշումը որդեգրել:

–  Եթե նկատել ես, մենք միջին չափանիշ չունենք՝ անընդհատ ծայրահեղությունների մեջ ենք: Կարծում եմ՝ դա փոքրաթիվ ազգին բնորոշ կոմպլեքս է: Երբ դրսից հայկական հեռուստաընկերություն եմ միացնում, տպավորություն է, թե մենք մարդկային քաղաքակրթության կենտրոնն ենք, հետո կողքերդ ես նայում ու հասկանում ես, որ դա այնքան էլ այդպես չէ:

–  Թեև ժամանակագրական առումով «Հովվի երգը» ֆիլմդ ավելի ուշ ես նկարել, բայց կարծեմ դու դա ես համարում քո դեբյուտը ֆիլմում: Ինչո՞ւ:

–  Այո, այդ ֆիլմի ստեղծման աշխատանքներն ավելի շուտ եմ սկսել, պարզապես նկարահանումներն են երկար տևել` 2009-2014թթ.: Սա իմ առաջին անկախ ֆիլմն է, որն ինձ համար բարդ էր մի քանի առումներով. նախ, որ անընդհատ գնում-գալիս էի, արանքներում նկարահանումներ էի իրականացնում, հետո շատ աշխատանքներ միայնակ եմ արել՝ օպերատորը նույնպես ես էի, ֆիլմը փոքր բյուջեով էր նկարահանվում, և այլն: Ի պատիվ «Ոսկե Ծիրանի» և, ի ուրախություն ինձ՝ պետք է ասեմ, որ այս ֆիլմի ստեղծման աշխատանքները մեկնարկեցին փառատոնի շրջանակներում անցկացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրում ստացած ֆինանսական աջակցության շնորհիվ: Ի սկզբանե ես գիտեի՝ ինչ ֆորմատով եմ ֆիլմը նկարահանելու, գիտեի, որ համատեղ արտադրություն եմ ուզում, սակայն այդ ժամանակ այդքան փորձ ու գիտելիքներ չունեի: Արդյունքում՝ ֆիլմը նկարահանվեց Լեհաստանի հետ համատեղ արտադրության արդյունքում: Ի դեպ, թե´ «Հովվի երգը», թե´ «Կաթնեղբայրը» հայ-լեհական համատեղ արտադրության արդյունքում նկարահանված առաջին հաջողված ֆիլմերն են, թեև ես գիտեմ, որ սրանցից առաջ ևս նման փորձեր եղել են, որոնք ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել իրագործել: Ի վերջո, այս ֆիլմը կարող էր բոլորովին այլ կերպ լինել, պարզապես մենք տեղավորվեցինք համեստ ֆինանսավորման չափերի մեջ:

–  Ֆիլմը, կարծեմ, նկարահանվել է Վահան Իշխանյանի հեղինակած գրական ստեղծագործության հիման վրա, չէ՞:

–  Այո, թեև ֆիլմում գրական հիմքից գրեթե ոչինչ չի մնացել: Կարդացի Վահան Իշխանյանի հոդվածը, ոգևորվեցի ու գնացի գտա հովիվ Խաչիկին, ով կույր է ու ապրում է Վայոց Ձորի Եղեգիս գյուղում: Երբ տեսա նրան, հասկացա, որ ոգևորությունս տեղին էր, նրա հետ շփումը նպաստեց նրան, որ ամրանա հավատս, հասկացա, որ կարող եմ ֆիլմը գլուխ բերել:

–  Խաչիկն արա՞գ կոնտակտի մեջ մտավ քեզ հետ, հեշտությա՞մբ համաձայնեց նկարահանվել ֆիլմում:

–  Ոչ այնքան, ամեն դեպքում փոխադարձ վստահության խնդիր կար, որը պետք էր հաղթահարել: Դոկումենտալ ֆիլմի պարագայում վստահության մթնոլորտ ստեղծելը երկար ժամանակ պահանջող պրոցես է, միաժամանակ՝ ֆիլմի ստեղծման համար շատ կարևոր բաղադրիչ: Դժվարությունները կայանում էին նաև նրանում, որ ինքը մոլի հավատացյալ է, ու իր ցանկացած միտք կամ խոսք անմիջականորեն կապվում էր աստվածաշնչյան ցիտատների հետ: Հավատքով մարդկանց մոտ, կարծում եմ, սա դոմինանտ ու բնական կենսակերպ է: Եվ վերջապես, պետք է հաշվի առնել, որ մեզ մոտ տղամարդիկ էմոցիոնալ առումով շատ ավելի փակ են:

–  Փաստորեն, քեզ հաջողվեց շահել կույր հովվի վստահությունը, և ինչպե՞ս ես դու՝ որպես վավերագրող ռեժիսոր, գծում հաջողված ֆիլմի ու մարդկային գործոնի սահմանները:

Vahram Mxitaryan (2)

–  Գիտե՞ս, դոկումենտալ ֆիլմը քեզ անընդհատ դնում է այն պայմանների մեջ, երբ դու հերոսի հետ շփման արդյունքում ստացած, շատ դեպքերում՝ խիստ անձնական բնույթի ինֆորմացիան ֆիլմում ներառելով ու հասարակայնացնելով՝ նրան կարող ես և´օգնել, և´ վնասել: Օրինակ, երբ մենք իրար հետ զրուցում էինք իր անձնական սիրային կյանքի պատմության մասին, մինչև վերջ էլ ինքը խնդրում էր, որ դրանք հանկարծ ֆիլմի մեջ չօգտագործեմ, ասում էր՝ եթե այս պատմածներս ֆիլմում դրեցիր, իմացի՝ կնոջս հետ կվիճենք, և այլն: Շատ են պատահում նման իրավիճակներ, մանավանդ այս ֆիլմի դեպքում, երբ նկարահանումները տարիներ էին ձգվում, և այդ տարիների հետ իմ ու Խաչիկի մտերմությունն անխուսափելիորեն ջերմանում էր: Պարզապես միշտ պետք է գիտակցել, որ դու գործ ունես փոքր մասշտաբի, բայց մարդկային կյանքի ողբերգիկ այս կամ այն դրվագների հետ, որոնք իրականում շատ դեպքերում լայն հասարակության համար չեն: Այդ սահմանն իրականում ռեժիսորն է որոշում՝ երևի հաշվի նստելով սեփական խղճի և ներքին բարոյականության հետ՝ անել ավելի ազդեցիկ ֆի՞լմ, թե՞ պահպանել մարդկային հարաբերություններն ու վստահությունը հերոսի հետ:

–  Եվ դու ո՞ր տարբերակն ընտրեցիր այդ պարագայում:

–  Ես ուրախ եմ, որ մենք մնացինք լավ ընկերներ: Իրենք ներկա էին ֆիլմի երևանյան պրեմիերային, մենք միասին նայեցինք ֆիլմը: Գիտես, ինձ համար երանելի վիճակ է, երբ իմ հերոսի կողքին նստած կինոթատրոնի աստիճաններին միասին նայում էինք մի կյանքի պատմություն, մի ժամանակահատված, որը միասին եք կերտել՝ ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում: Հետո ֆիլմի վերջում նայում ենք իրար ու ժպտում ենք, որովհետև հասկանում ենք, որ շատ-շատ ավելին կար՝ կադրի հետևում թողած, ու այն, ինչը որ մնացել էր կադրից դուրս՝ մարդկային առումով շատ ավելի թանկ է եղել…

–  Հանդիսատեսն ինչպե՞ս ընկալեց քո հերոսին:

–  Ես զարմացա, երբ «Ոսկե Ծիրանի» ժյուրիի անդամներից մեկն ինձ ասաց, որ իր մոտ խղճահարություն է առաջացել: Ինձ համար դա շատ օտար մի բան էր, որովհետև ֆիլմում ես ճիշտ հակառակն էի բացահայտում հերոսի կերպարում: Հետո ես շատ անգամներ լսեցի այն կարծիքը, որ սա ծանր ֆիլմ էր, ու հասկացա, որ այս ամենը ոչ միայն ինձ համար էր փորձություն՝ նկարահանել այսպիսի ողբերգական ճակատագիր կրող մի ընտանիքի պատմություն, այլև հանդիսատեսի համար: Ես հասկացա, որ Խաչիկի կյանքը, այս ֆիլմը, ես ու հանդիսատեսը համատեղ փորձության ճանապարհով ենք անցնում: Ես ստեղծագործական որոշակի չափանիշներ ունեմ՝ ինձ համար արվեստը ուտոպիստական, անհասանելիին հասնելու դրդապատճառ պետք է կրի, այն չի կարող լինել մատչելի՝ հեշտ ընկալման տեսակետից, այլապես հետաքրքիր չի լինի ո´չ ստեղծած գործդ, ո´չ դրանով զբաղվելը: Ես իմ առաջ հարցեր եմ դնում ու փորձում եմ դրանց հետևից գնալ, չգիտեմ նույնիսկ՝ ինչե՞ր կբացահայտեմ այդ ճանապարհին:

–  Այսինքն, դու ստեղծում ես արվեստ, որտեղ կան հարցեր, բայց չկա՞ն այդ հարցերի պատասխանները:

–  Ես խուսափում եմ կոնկրետ պատասխաններ առաջարկելուց: Ես երկար տարիներ աշխատել եմ սոցիալական գովազդի բնագավառում, երբ այդ կարճ ֆորմատի վերջում մի ֆրազով կամ նախադասությամբ ամփոփվում է ասելիքը, օրինակ՝ «Արա լավ գործ՝ հենց այնպես», կամ «Եղիր մրցունակ»: Ամեն դեպքում աշխատում եմ իմ ֆիլմերում հեռու մնալ նմանօրինակ պլակատային ճշմարտություններից: Այս առումով ինձ համար իդեալական արվեստի տեսակ է երաժշտությունը, որ լսում ենք, բայց կոնկրետ ոչ մի, այսպես ասած՝ «մեսիջ» չենք ստանում դրանից: Դա քեզ կլանում, տանում է իր աշխարհը, ու դու այնտեղ քո սեփական բացահայտումներն ես անում կամ չես անում: Ինձ համար կինոն այդպիսի մի բան է՝ ընկալման ցանկացած սահմանափակում, իմ կարծիքով, պարզունակ մոտեցում է:

Vahram Mxitaryan (1)

–  Կարծում եմ, վերջին ֆիլմիդ համար դու բավական ուժեղ հերոս էիր գտել, նկատի ունեմ՝ հոգևոր առումով ուժեղ:

–  «Հովվի երգը» ֆիլմի նպատակներից մեկն էլ հենց դա էր՝ ցույց տալ, թե մարդն ինչքան կարող է դիմակայել կյանքի ծանր բեռին, բայց չկորցնել մարդկային դեմքը, հավատը: Ֆիլմում Խաչիկի կյանքի ողբերգությունը շերտերով է բացահայտվում, թե ինչպես է ինքը կորցնում տեսողությունը, հետո հասկանում ենք, որ նրա քույրն ու կինն էլ են կույր, նրանք վախենում են երեխաներ ունենալու մտքից, որովհետև մեծ է վտանգը, որ նրանք էլ նույն հիվանդությամբ կծնվեն, ինչ ունի կինը և, ի վերջո, այդպես էլ լինում է՝ չորս երեխաներից երկուսը ունեն այդ խնդիրը: Բայց Խաչիկը շարունակում է ապրել գյուղական ծանր կենցաղային առօրյայով, նա հովիվ է, կույր լինելով հանդերձ՝ քաջ ծանոթ է գյուղի ու հարակից տեղանքի ամեն ծակ ու ծուկին: Վերջապես նա այդ սարերի մեջ հաղորդակցվում է Աստծո հետ ու հավատում, որ Աստված իրենց կարող է ազատել այդ անեծքից, որովհետև ինքն այն համոզման է, որ իրենց ընտանիքին պատուհասած այդ աղետն անեծքի արդյունք է: Ի վերջո, Խաչիկի ողբերգությունը միայն կույր լինելու մեջ չէ՝ նա կորցրել է երկիր ու տուն… բայց դա ֆիլմում չկա, որ նա փախստական է։

–  Այդ ամենն իսկական ողբերգություն է…

–  Բայց իմ նկարած նյութից կարող էր նաև շատ իրոնիկ կոմեդիա դառնալ, թե ինչպես գյուղի մեծամասնությունը՝ հանրապետական (ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ.- Ն.Մ.) գյուղապետի գլխավորությամբ՝ չի հավատում, որ Խաչիկն իսկապես կույր է, ու ցավալին այն է, որ նրանց ընտանիքի նկատմամբ վերաբերմունքն ինչ-որ առումով պայմանավորված է նաև գյուղում տարածված այս թյուր կարծիքով, որովհետև Խաչիկն այնքան կենսունակ ու ուժեղ կամքի տեր մարդ է, որ բնության հետ ու սեփական ցավի դեմ շարունակ պայքարելով՝ հասել է նրան, որ անարգելք յուրացրել է գյուղի ողջ տեղանքն ու հիմա վազում է սարերով, ոչխարի ու այծերի հոտ է արածացնում, իսկ երբ միասին քայլում էինք, մի պահ ինձ ասաց՝ զգույշ, այստեղ ճյուղ կա: Ես ապշած էի մնացել: Դոկումենտալ ֆիլմի վատը գիտե՞ս որն է՝ որ դու գնում, գտնում ես քո արդեն պատրաստի հերոսին ու հնարավորություն չունես ժամանակի մեջ հետ գնալու, որ ցույց տաս, թե նա ինչպիսի գերմարդկային կամքի կամ հավատի միջով է հասել դրան:

Vahram Mxitaryan (3)

–  Վահրամ, ինչո՞ւ որոշեցիր, այնուամենայնիվ, նման ծանր թեմայի մեջ մնալ տարիներ շարունակ: Ի վերջո, այս ֆիլմի ստեղծման աշխատանքները քո կյանքից ուղիղ հինգ տարի են խլել:

–  Իմ կյանքում շատ լուրջ պատճառ կար՝ անդրադառնալու կույրերի թեմային, որովհետև քույրս էլ նման խնդիր ունի, և ես կյանքի ու հանգամանքների բերումով հաճախ եմ առիթ ունեցել շփվելու այս խնդիրն ունեցող տարբեր մարդկանց հետ:

–  Նկարահանումներն արդեն ավարտվել են, ու ֆիլմը կարծես սկսել է ինքնուրույն փառատոնային կյանքով ապրել: Իսկ ձեր հարաբերությունները Խաչիկի և իր ընտանիքի հետ շարունակվո՞ւմ են:

–  Այո, վերջին անգամ մենք հանդիպեցինք այստեղ՝ Երևանում՝ փառատոնի ընթացքում, ֆիլմի երևանյան պրեմիերային, բայցի այդ` UNDP-ի ( Միավորված Ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր) Հայաստանյան ներկայացուցչության հետ անընդհատ քննարկում ենք Եղեգիս գյուղում կույր երեխաների համար նախատեսված ամառային ճամբար հիմնելու հարցը, որտեղ Խաչիկն այդ երեխաներին կփոխանցի էկո համակարգի և բնության հետ շփման իր փորձը: Տեսնենք՝ ինչպես կստացվի, որովհետև ծրագիրը դեռ քննարկումների փուլում է: Առհասարակ, ես անընդհատ մտածում եմ՝ ի՞նչ կարող եմ անել նրա համար, ինչպե՞ս կարող եմ Խաչիկին ինչ-որ չափով դուրս բերել կենցաղային ծանր բեռի տակից, որովհետև իրականում ինքը շատ հետաքրքիր ու ստեղծագործ մարդ է

Տեսանյութեր

Լրահոս