
Ընտրություններից մոտ 50 օր է անցել, բայց Թուրքիան առ այսօր կառավարիչ չունի. թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ՝ ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ խառը , իսկ դրան զուգահեռ՝ պետությունը բախվում է նաև արտաքին քաղաքական հիմնախնդիրների. «Երկուսի լուծումն էլ բավականին դժվար է: Երկրի նախագահ Էրդողանը հանդես է գալիս որպես կուսակցության առաջնորդ և կարծես չի ուզում, որ կուսակցությունը կորցնի միանձնյա իշխանությունը: Ընտրություններից մոտ 50 օր է անցել, բայց առ այսօր երկիրը կառավարիչ չունի և երկրի առջև ծառացել են ներքին և արտաքին քաղաքական լուրջ խնդիրներ»,- այսօրվա ասուլիսում ասաց Հ. Չաքրյանը:
Թուրքագետը նշեց, որ վերջին տարիներին Թուրքիան հովանավորել, մարզել, ֆինանսավորել, զինել Իսլամական պետություն խմբավորմանը և հանկարծ որոշեց միանալ այդ կազմակերպության դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ կազմավորված կոալիցիային. «Բնական է, որ կզայրանային և հարցը սահմանային բախումներով չի վերջանա: Վերջերս իմացա, որ Թուրքիայում կա 10 հազար ջիհադական ահաբեկիչ. 12 հազար էր գնացել Սիրիա՝ կռվելու և վերադարձել է 10 հազարը, իսկ 2 հազարը դեռ շարունակում է կռվել»:
«Արդեն 5-րդ օրն է, ինչ Թուրքիայի 39 նահանգներում տեղի են ունենում համատարած ձերբակալություններ: Ձերբակալվածների գերակշռող մասը ոչ թե ջիհադականներն են, այլ իբր PKK-ին անդամակցելու պատճառով ձերբակալված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ և Քաղաքացիական հասարակություն կազմակերպության ակտիվիստներ»,-ասաց նա: