Հայաստանի համար աշխարհաքաղաքական խաղի հսկայական դաշտ է ստեղծվել. Դավիթ Շահնազարյան

«Ադրբեջանը Ռուսաստանի թիվ մեկ գործընկերն է»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Նա նախ անդրադառնալով տեղեկություններին, թե ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանին տրամադրել «Իսկանդեր-Մ» տեսակի սպառազինություն, ասաց, որ այդ տեղեկությունները ոչ այլ ինչ են, քան ռուսական քարոզչություն: Շահնազարյանը հիշեցրեց 2013թ., երբ սկսվեցին խոսակցությունները ՌԴ-Ադրբեջան զենքի գործարքների մասին, շրջանառության մեջ դրվեց նույն այդ տեղեկությունը: Նույնը, նրա համոզմամբ, տեղի ունեցավ նաև երկրորդ անգամ: Շահնազարյանի կարծիքով՝ ՌԴ-ն ՀՀ-ին «Իսկանդեր-Մ» չի տրամադրի: «Իսկանդեր ունենալու համար պետք է դրա սպասարկման շատ լուրջ անձնակազմ ունենալ, ստորաբաժանումներ: Եթե ՌԴ-ն դա փորձի տեղակայել իր ռազմական բազայում, դա ահավոր կլինի, ՀՀ-ն կդառնա թիրախ Արևմուտքի և Թուրքիայի համար: ՌԴ-ն զգում է, որ ՀՀ հասարակությունը հերթական անգամ ալիք է բարձրացնում ռուսական քաղաքականության դեմ, ուստի ՀՀ-ում գցում է այս միտքը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ՀՀ-ն փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգությունը, քանի որ ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Տոնոյանը տարբեր այցերով լինում է Իրանում, Վրաստանում և ԱՄՆ-ում, ասաց, որ տեսնում է նման քաղաքականության նշույլներ: Սակայն, ըստ նրա՝ դա շատ քիչ է: «Ադրբեջանն ինքն իրեն անընդհատ մեկուսացնում է, այնքան ապացույցներ կան դրա համար: ԵԽ-ում բանաձևից դուրս մնաց այն հատվածը, որը վերաբերում էր ԼՂ-ին, և դուրս մնաց այն պատճառով, որ Ադրբեջանի ներքին քաղաքականությունն անընդհատ հետընթաց է ապրում:

Այսօր Ադրբեջանը ՌԴ-ի համար թիվ մեկ գործընկերն է, որովհետև նույն որակի հակաժողովրդավարական ռեժիմ է իրենից ներկայացնում և նույն ուղղությամբ է շարժվում»,- նշեց Դավիթ Շահնազարյանը: Անդրադառնալով Իրանի դերին Հարավային Կովկասում` նա ասաց, որ Իրանի դերը տարածաշրջանում, աշխարհում օր օրի է աճում: Ավելին, Շահնազարյանի վստահեցմամբ, Իրանը խիստ շահագրգռված է թե՛ հաղորդակցության, թե՛ էներգետիկ բոլոր նախագծերի իրականացմամբ իր հյուսիսային ուղղությամբ, այսինքն` Հարավային Կովկասում: «Այն մասին, որ դա ՀՀ շահերից է բխում, շատ է խոսվել: ՀՀ-ն այլ քայլեր կարող է անել` օգտագործելով հայկական Սփյուռքի ներուժը: Երեք մակարդակի պատժամիջոցներ կան Իրանի նկատմաբ` ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի:

Կարդացեք նաև

Ամենախնդրահարույցն ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցն է, հայկական լոբբիստական կազմակերպությունները կարող են Վաշինգտոնում համապատասխան աշխատանք տանել, որպեսզի օրենսդիրները վերացնեն պատժամիջոցները, քանի որ Իրանի ամբողջական ապաշրջափակումն էական ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա»,- ասաց նա:

Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրն ավարտին հասցնելու իրատեսականության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ երկաթգծի հետ կապված տեխնիկական, ինժեներական խնդիներին տեղյակ է: «Բայց սա հարյուր տոկոսանոց քաղաքական նախագիծ է, երկաթգծով ավելի շատ քաղաքականություն է գնալու, քան ապրանքներ: Նախիջևանի երկաթգծի հետ կապված՝ այս նախագծերը Բաքվում և ՌԴ-ում արդեն նևրոզի են հասցրել իշխանություններին, Թեհրանը հետևողականորեն շարունակում է այդ մասին խոսել, այս նախագծում շահագրգռված են այլ երկրներ ևս, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը:

Դա էապես փոխելու է տարածաշրջանի պատկերը և շատ լուրջ խորհելու հիմք է տալու Բաքվին, Անկարային: Հիշեցնեմ, որ 1993թ. նոյեմբերի կամ հոկտեմբերի վերջին ՀՀ Կառավարությունը մի հայտարարությամբ է հանդես եկել, որ ՀՀ բոլոր հաղորդակցության ուղիները բաց են Նախիջևանի համար, և ՀՀ-ն երաշխավորում է բոլոր փոխադրումների անվտանգությունը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Ապա նա նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանին շատ մեծ հնարավորություններ են տվել: «Պետք է շատ ակտիվ խաղալ, փորձեր կան, բայց շատ քիչ են: Հսկայական դաշտ կա, չխաղալը նշանակում է՝ չօգտվել այս ամենից: Սպառնալիքներն ավելացել են, ինչպես նաև՝ հնարավորությունները»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս