Եթե աշխարհի 83 երկրներ հարստացնում են ալյուրը և դա բարիք են համարում, ապա դեմ արտահայտվողները հիմարություններ են դուրս տալիս. ակադեմիկոս Թուտելյան

Մեր զրուցակիցն է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի սննդի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Վիկտոր Թուտելյանը:

 

 

Պարոն Թուտելյան, ի՞նչ կարծիք ունեք ֆոլաթթվով ու երկաթով ալյուրի հարստացման մասին, արդյոք դա անհրաժե՞շտ է:

Կարդացեք նաև

– Գիտակից և անգիտակից կերպով Ռուսաստանում և ԽՍՀՄ երկրներում ալյուրը հարստացվում էր, մինչև 1991թ. մենք բոլորս՝ և´ Երևանում, և´ Մոսկվայում, ուտում էինք հացամթերք՝ պատրաստված B խմբի վիտամիններով և երկաթով հարստացված ալյուրից:

Իսկ դա վտանգավոր չէ՞, քաղցկեղ չի՞ առաջացնում:

– Հասկանում եք, եթե աշխարհի 83 երկրներ հարստացնում են ալյուրը և դա բարիք են համարում, ու դա ապացուցված փաստ է, ապա դեմ արտահայտվողները հիմարություններ են դուրս տալիս: Ես չգիտեմ ինչն է խնդիրը, հավանաբար, ոմանք որևէ շահ ունեն դրան ընդդիմանալու, չգիտեմ, թե ինչպիսի: Պարտադիր չէ ամբողջ ալյուրը, բայց բավարար չափաքանակ պետք է հարստացված լինի, որպեսզի մենք և երեխաները, հատկապես կանայք, երաշխավորված ստանանք այդ հաշվարկային քանակի բացարձակ դեֆիցիտ B խմբի վիտամիններն ու երկաթը: Մենք պետք է հասկանանք, որ մենք սիրում ենք հաց, հատկապես՝ Հայաստանում, բարձրորակ ալյուրից, սպիտակ հաց և ոչ թե ամբողջական ցորենից կոշտ աղացված ալյուրից: Բարձրորակ ալյուրից ստացման գործընթացում ամբողջ օգտակար մասը թափվում է, այսինքն՝ դեն են նետվում սննդային մանրաթելը, երկաթը և B խմբի վիտամինները, որոնք գտնվում են ցորենի կեղևում: Իսկ հենց ցորենի հատիկում այդ ամենը չկա, դրա համար բարձր որակի ալյուրը դեֆիցիտային է: Եվ մենք ավելի քիչ ենք ստանում, ինչը նույնպես ապացուցված փաստ է, որ բնակչության կեսի մոտ վիտամինների դեֆիցիտ է, հատկապես՝ կանանց և երեխաների մոտ  դա երկաթի դեֆիցիտ է, որ արտահայտվում է անեմիայով՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Դրա համար ամբողջ աշխարում գտել են, որ ամենաարդյունավետ միջոցը, այդ դեֆիցիտի վերացման երաշխավորող ուղին զանգվածային մթերքների հարստացումն է: Երկաթի, ֆոլաթթվի և B խմբի վիտամինների համար ամենահարմար մթերքը հացն է, իսկ յոդի համար՝ աղը: Ահա այդպես այդ խնդիրը լոծվում է ամբողջ աշխարհում, և այդ գործընթացին աջակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և դա երաշխավորված կերպով անվտանգ է բոլոր չափաքանակների դեպքում, և երաշխավորված կերպով դրական արդյունք է տալիս:

Այստեղ տարբեր փորձագետներ և մասնագետներ պնդում են, որ երկաթի ավելցուկը հանգեցնում է տարբեր հիվանդությունների առաջացման:

– Երկաթի ավելցուկ չկա և չի կարող լինել, որովհետև այն չափաքանակը, որ խորհուրդ է տրվում հարստացման համար, դա երաշխավորում է միայն դեֆիցիտի որոշակի տոկոսի լրացում, որ կա, և դրա գոյությունն ապացուցված է: Այսինքն, հասկանո՞ւմ եք, դա ստուգված փորձ է տասնյակ միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում: Դրա համար առողջ սննդի պետական քաղաքականությունը պարտադիր հաշվի է առնում այդ հանգամանքները:

Իսկ հարստացված ալյուրն ինչպե՞ս է ազդում տղամարդկանց վրա:

– Ոչ մի կերպ չի ազդում: Այնտեղ այնպիսի դոզաներ են, որ գործնականում չի կարող հանգեցնել նրան, ինչից դուք վախենում եք:

Այսինքն՝ սերունդ ունենալու ունակության վրա դա չի՞ ազդում:

– Ոչ, իհարկե ոչ, դա զառանցանք է: Ոչ մի նման ազդեցություն չկա: Փորձում են վախեցնել ինչ-ինչ պատճառներով, հավանաբար պետք է փող փնտրել, այստեղ ինչ-որ մեկը ինչ-որ բանում շահագրգիռ է: Սա համաշխարհային պրակտիկա է, ինչ-որ մի փորձ չէ որևէ առանձին երկրի կամ առանձին գիտնականի կամ ինստիտուտի: Դա ողջ աշխարհի գիտական հանրությունը, առողջապահությունն է ասում, դա գլխավոր խորհուրդն է՝ ստուգված տասնամյակներով:

– Բայց Ռուսաստանում ներկայումս չեն հարստացնում ալյուրը:

– Դանդաղորեն, բայց արդեն սկսում են: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում և Կանադայում 100%-ով հարստացնում  են:

Ձեր կարծիքով՝ պետք է հարստացնել ամբո՞ղջ ալյուրը, թե որոշ չափ թողնել, որպեսզի սպառողն ընտրություն ունենա:

– Ես ամեն դեպքում ինչ-որ մի տոկոս կթողնեի չհարստացված: Մարդը պետք է իրավունք ունենա ընտրության: Եթե ինչ-որ պատճառներով, օրինակ՝ կրոնական, կամ այլ, ինքը չի ուզում, ապա պետք չէ պարտադրել ուժով: Բայց կազմակերպված կոլեկտիվները՝ մանկապարտեզները, դպրոցները, բանակը, նրանք պետք է ստանան դա, քանի որ դա նրանց առողջության և պաշտպանվածության երաշխիքն է: Որո՞նք են այսօրվա 2 գլոբալ մարտահրավերները՝ մի կողմից դա ճարպակալումն է, գերակալորիական սնունդը, որը հանգեցնում է ճարպակալման: Եթե դիտարկենք յուրաքանչյուր վայրում հասարակության անդամներին, ապա նրանց կեսից ավելին ունի մարմնի ավելորդ զանգված: Օրինակ՝ Երևանում երիտասարդ տղաներներն ու աղջիկները շատ գեղեցիկ և բարեկազմ են, իսկ հետո, երբ անցնում են 30 տարեկանը, նրանց կեսն արդեն, հատկապես կանայք, կորցնում են կազմվածքը, դառնում են ավելի քիչ գրավիչ: Ինչի՞ց է դա՝ սննդի գերօգտագործումից: Միաժամանակ նվազում է աշխատունակությունը, քնկոտություն է առաջանում, ավելի ընկալունակ են դառնում ինֆեկցիաների հանդեպ, դժվարությամբ են տանում էկոլոգիական, հոգեկան կամ ֆիզիկական բազմապիսի ծանրաբեռնվածությունները, իսկ դա կապված է միկրոնուտրիենտների (վիտամիններ, հանքային նյութեր և միկրոտարրեր) պակասի հետ: Դա առաջին հերթին վիտամիններն են, որոշ հանքային տարրերը, մասնավորապես՝ երկաթը և կենսաբանական ակտիվ միացությունների պակասը: Եվ այժմ ամբողջ աշխարհը գնում է այն ուղիով, որ՝

1) 21-րդ դարում ավանդական մթերքով սնվելը,

2) գենետիկորեն ձևափոխված սննդի աղբյուրները, որտեղ խթանում են բնությունը և այն դարձնում ավելի հարմարեցված մեր կարիքներին,

3) տեխնոլոգիական մոդիֆիկացիան՝ մթերքի հարստացումը կամ մասնագիտացված մթերքները, որ հստակ սահմանված քիմիական բաղադրություն ունեն, այսինքն՝ հանված է այն, ինչ պետք չէ, և ավելացված է անհրաժեշտ բաղադրիչը, օրինակ՝ ավելացվել է վիտամիններ, բայց հանվել է ճարպը՝ խոլեստերինը:

Եվ վերջապես 4-րդ բաղադրիչը՝ կենսաբանորեն ակտիվ հավելումներն են սննդին, դա բնական նյութերի կոնցենտրատներն են, մեզ կենսական անհրաժեշտ տարրերը՝ վիտամիններ, որոշ կենսաբանական միացություններ հաբերի կամ կապսուլաների, դրաժեների տեսքով, որ առավոտյան կուլ տվեցիր և դեֆիցիտի խնդիրը լուծեցիր: Սակայն մենք պետք է հասկանանք, որ միկրոնուտրիենտների պակասը և´ զարգացած երկրների խնդիր է, և´ հարուստ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և, իհարկե, Հայաստանի: Ինչի՞ համար ենք մենք այսպես վճարում, որովհետև մենք ստացել ենք քաղաքակրթության բարիքները: Մենք դիլեմմայի առաջ ենք. եթե մենք ձեզ հետ ուտեինք 3500-3600 կկալ, որը շատ մեծ ծավալ է, ապա մենք կստանայինք այդ միկրոնուտրիենտները, բայց այսօր կանայք պետք է ուտեն 1800-2000 կկալ, տղամարդիկ՝ 2200 կկալ, այսիքն՝ էներգածախսին համապատասխան: Եթե մենք ավելին ուտենք, ապա կգիրանանք, քանի որ քաղաքակրթության բարիքների արդյունքում էներգիայի ծախսը նվազել է, տանը գազ կա, էլեկտրաէներգիա, տաք ջուր, մեքենաներ, վերելակներ և այլն: Իսկ այդ պայմաններում, եթե մենք պարզապես բնական մթերք օգտագործենք, ապա վիտամինների և այլ միկրոտարրերի 20-25% պակասի հիմք ենք դնում: Իսկ եթե հավելենք, որ մինչև մթերքը պահպանվում է, ճանապարհ է անցնում, արտադրությունում է զրկվում օգտակար մասերից, տանն էլ ապուրը պատրաստում ենք 2-3 օրվա համար, տաքացնում ու սառեցնում ենք, ահա ստացվում է, որ մենք քայքայում ենք և վիտամինների դեֆիցիտը կազմում է 30-40% գրեթե ամբողջ բնակչության մոտ: Դրա համար պետք է ուղիներ փնտրել այդ խնդիրը լուծելու համար և դրանցից մեկը մթերքի հարստացումն է:

Այսինքն՝ այստեղ դավադրություն փնտրելու կարիք չկա՞:

– Ոչ, իհարկե, հակառակը, դա բարիք է և պետք է շնորհակալություն հայտնել ձեր խելացի առողջապահության նախարարությանը, նախարարին և փոխնախարարներին, որոնք հոգ են տանում ձեր մասին և գումար են գտնում այդ ծրագիրն իրագործելու համար:

Պարոն Թուտելյան, որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի որոշ մարզերի 1-4-րդ դասարանում սովորող 50 հազար երեխաների վրա գիտափորձ է կատարվել և նրանց կերակրել են հարստացված ալյուրով: Դուք ի՞նչ կարծիքի եք նման գաղտնի գիտափորձերի մասին:

– Ես չեմ կարծում, որ դա համապատասխանում է իրականությանը, ինչ-որ մեկը կրկին փաստերն աղավաղում է: Չի կարող դա լինել, առանց առողջապահության նախարարության ոչ մի երկիր, այդ թվում և Հայաստանը, չի կարող որևէ գաղտնի բան անել: Ես դրանում լիարժեք համոզված եմ: Հակառակը, պետք է բաց ու թափանցիկ մարդկանց բացատրել: Մենք՝ ես և Դուք պատասխանատու ենք ժողովրդի առաջ, քանի որ ես գիտեմ ինչ է հարկավոր, իսկ Դուք կարող եք տեղ հասցնել մարդկանց և պետք է ձեռք-ձեռքի տված օգնենք: Հասարակության կրթությունը կարևոր է, պետք է բացատրել, որ առանց վիտամինների ապրելն անհնար է, վիտամինների պակասը նշանակում է օրգանիզմի ադապտացիոն հնարավորությունների նվազում: Ես ամեն օր ընդունում եմ ինչ-որ մի վիտամինա-հանքային կոմպլեքս, քանի որ ես գիտեմ, որ ես դրա քիչ չափաքանակ եմ ստանում: Օրինակ՝ ատամները լավանալիս լնդերից արյուն հոսելը նշանակում է C վիտամինի պակաս՝ բոլոր բացասական հետևանքներով: Երկաթի պակասը երեխաների ու մայրերի մոտ անեմիա է առաջացնում, որը հանգեցնում է իմունադիմադրողականության անբավարարության, այսինքն՝ մարդն ընկալունակ է դառնում ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ, մեկը փռշտում է և երեխան արդեն հիվանդ է: Ո՞վ է պատասխանատու՝ մայրն ու հայրը, որոնք չգիտեն, որ հարկավոր է տալ երկաթ և հարստացված մթերք: Դա 100%-անոց օգուտ է և 0% վնաս:

Տեսանյութեր

Լրահոս