Բաժիններ՝

Ամեն տարի բնությունը մի խաղ խաղում է հայ գյուղացու գլխին. Հրաչ Բերբերյան

Ինչպիսի՞ն է գյուղատնտեսական մթերքների մթերման և արտահանման վիճակը, այս տարվա բերքատվությունն ինչպիսի՞ն է: Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մթերումների արդյունքները կարող ենք ամփոփել միայն հոկտմբեր-նոյեմբեր ամիսներին. «ԵՏՄ պայմանագրով՝ այդ թվերը չենք ստանում, որովհետև ընդհանուր սահմանի մեջ ենք: Այսինքն՝ արտահանումը դեռ չի երևում, բայց, բնականաբար, մենք մեր աղբյուրներն ունենք, ամբողջը կճշտենք ու հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պաշտոնապես կհայտարարենք»:

Հ. Բերբերյանի կարծիքով՝ ծիրանի դեպքում նախանցած տարվա արտահանման քանակը կապահովվի՝ մոտ 22 հազար տոննա ծիրան, մի փոքր էլ ավելի, «Նախորդ տարիների համեմատ՝ լոլիկի ցանքատարածությունները մի փոքր ավելացել են, ուղղակի այս շոգը կարող է ազդել բերքատվության վրա, որովհետև հանրապետությունում մոտ 50 օր է երաշտ է, որի մասին որևէ մեկը չի խոսում: Արարատյան դաշտում տեղումներ չենք տեսնում, ինչը կհարվածի բերքատվությանը, հատկապես՝ բանջարեղենի: Ճիշտ է, Արարատյան դաշտի հիմնական հողերը ոռոգելի են, բայց եթե մի երկու-երեք անգամ անձրև ունենայինք, ջրի պաշարներից չէինք օգտվի, բացի այդ, եթե առատ անձրև է լինում , ավելի լավ ոռոգում է լինում, քան սովորական ոռոգման դեպքում: Չնայած՝ մի կողմից էլ դա լավ է, որովհետև խաղողի այգիներում հիվանդություններ չունենք. անձրևի ժամանակ առկա է լինում սնկային հիվանդությունների վտանգ, այսօր դա չկա և սպասվում է խաղողի առատ բերք»:

Մեր զրուցակիցն ասաց, որ ինչպես և կանխատեսել էր, կարտոֆիլի 10 տոկոս թանկացում արդեն եղավ. «200 դրամը կպահպանվի մինչև խոր աշուն, գարնանը մի փոքր էլ գինը կբարձրանա: Շիրակի գոտում ունենք բերքատվության անկում, եթե Գեղարքունիքում կարտոֆիլի խնդիր չունենք, ապա Շիրակում ունենք: Ընդհանրապես, այս տարի կարտոֆիլի համար անհաջող էր: Ամեն տարի բնությունը մի խաղ խաղում է հայ գյուղացու գլխին»:

Հարցին, թե բերքի սեզոնի ավարտից հետո ի՞նչ կարող ենք արտահանել ռուսական շուկա, Հ. Բերբերյանը պատսխանեց. «Ռուսաստանյան շուկան անծայրածիր շուկա է մեզ համար, ուղղակի հետևողական աշխատանք է պետք : Մենք այսօր ծրագիր ենք մշակում Հայաստանից դեպի Ռուսաստան մոտ 10.000 տոննա կարտոֆիլի սերմացու արտահանելու համար: Մինչև հիմա պարենային կարտոֆիլ էինք արտահանում, հիմա փորձում ենք՝ կարտոֆիլի սերմացու»:

Իսկ այն հարցին, թե ռուբլու անկումը խնդիրներ չի՞ առաջացնում արտահանման ժամանակ, նա պատասխանեց, որ առաջացնում է և հատկապես՝ կաթի արտահանման հետ կապված, անցած տարվա համեմատ՝ մոտ 10 տոկոս քիչ շահույթ է ստանում գյուղացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս