Բաժիններ՝

«Աշնան կարտոֆիլի գինը մոտ 10-15%-ով կբարձրանա». Հրաչ Բերբերյան

Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ հանրապետությունում երաշտային վիճակ է.

«Տեղումներ կան, բայց դրանք որևէ ազդեցություն չունեն գյուղմթերքի արտադրության վրա, և շուրջ 45 օր է, երաշտային վիճակ է: Եթե այսպես շարունակվի, ապա որոշ բերքատեսակներ կկրճատվեն: Խոսքը չոռոգելի հողերի մասին է: Օրինակ, եթե գյուղացին կարտոֆիլը ցանել է չոռոգելի հողում, ապա լուրջ խնդիր կառաջանա»:

Բանախոսը նկատեց՝ շոգը բացասաբար է ազդում պալարագոյացման վրա.

«2-3 օր առաջ ուսումնասիրություն անցկացրինք Շիրակի գոտում ու տեսանք, որ շոգն ազդել է պալարագոյացման վրա, և այնտեղ կունենանք բերքատվության մի փոքր անկում: Շիրակի մարզում ծանր է նաև ոռոգման համակարգի վիճակը: Երկու հէկ կա, որոնք ջուր են վերցնում, գյուղացուն ջուր չի հասնում, և մասսայական դժգոհություններ կային»:

Ըստ նրա՝ 2008թ. ԱԺ-ում որոշում է ընդունվել, որով ոռոգման համակարգը մոնոպոլիզացվել է, ինչի դեմ իրենք (Հայաստանի ագրարագյուղացիական միավորում.

Ռ.Մ.) պայքարում են.

«Վերջին անգամ ենք գյուղատնտեսության նախարարից պահանջում (հետո ուրիշ քայլեր էլ կանենք), որ բարեփոխումներն արագացվեն: Փաստացի կա նախագահի հանձնարարականը, որը դոփում է տեղում: Ոռոգման և հակակարկտային համակարգն ունեն բարեփոխումների կարիք»:

Այս ամենի հետ մեկտեղ, բանախոսը նշեց, որ պտղի առումով՝ տարին բարենպաստ էր.

«Այս տարի դեղձն է մի փոքր քիչ, բայց փոխարենը՝ ունենք ծիրանի հաջող բերք, խաղողը ևս առատ կլինի: Երաշտը մի փոքր կազդի ցորենի բերքատվության վրա, կունենանք կորուստներ: Բանջարաբոստանային կուլտուրաները վատ վիճակում չեն: Միայն բնակչությանը խորհուրդ կտամ ասֆալտի վրայից ձմերուկ չգնել: Ընդհանուր առմամբ՝ հետընթաց չունենք, կայուն վիճակ է:

Մեզ մտահոգում է կարտոֆիլի վիճակը: Եթե հողի ջերմաստիճանը 27-ից բարձրանում է, ապա պալարագոյացման վրա բացասաբար է ազդում: Աշնան կարտոֆիլի գինը մոտ 10-15%-ով կբարձրանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս