Գիտական լուծում՝ քաղաքական հարցերին. Հայաստանը ճանաչվել է՝ որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) Հայաստանը ճանաչել է՝ որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, «Հայաստանը՝ որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի նախաձեռնող և ղեկավար Արեգ Միքայելյանը։ Շատ շուտով Բյուրականում բացվելու է մշտապես գործող տարածաշրջանային գրասենյակ՝ իր չորս աշխատատեղերով, ստեղծվելու է տարածաշրջանային հանձնաժողով, հաստատվելու է այն երկրների ցանկը, որոնք պետք է զարգացնեն իրենց գործունեությունն այս կենտրոնի շրջանակներում, առաջիկա տարիների համար կազմելու են բիզնես ծրագիր:
Տնօրենի խոսքով`Բյուրականի աստղադիտարանը վերջին տարիներին հասել է երկու մեծ հաջողության.
1. Ճանաչվել է ազգային արժեք,
2. Դարձել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն:
«Բյուրականի աստղադիտարանն իր ստեղծման օրվանից ունեցել է միջազգային մոտեցում՝ շնորհիվ աստղագիտության միջազգային բնույթի։ Դրա «մեղավորը» Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է` Վ․Համբարձումյանը։ Այսօր էլ Բյուրականում շարունակվում են համբարձումյանական ավանդույթները»,- ասաց Հ. Հարությունյանը։
ՄԱՄ-ն աստղագիտության զարգացման ռազմավարական ծրագիր է ընդունել և աշխարհը բաժանում է տարածաշրջանների, որոնցից յուրաքանչյուրում պետք է ընտրվի մեկ երկիր՝ որպես տարածաշրջանի աստղագիտական կենտրոն: Մեր տարածաշրջանում Հայաստանն է ընտրվել, և առաջիկա հինգ տարիների ընթացքում «Աստղագիտությունը զարգացման համար» կենտրոնը կհամակարգի տարածաշրջանի աստղագիտությունը պրոֆեսիոնալ, կրթական և հանրային ոլորտներում:
Արեգ Միքայելյանի խոսքով` սա նաև խոշոր քաղաքական իրադարձություն է։ Հայտնի է, որ մեր հասարակությունում գիտությունը և գիտնականն իրենց դիրքերը զիջել են։ Շատերը չեն էլ պատկերացնում, որ գիտությունը կամ գիտնականները կարող են քաղաքական հարցերի լուծման մեջ դեր խաղալ։
«Քանի որ մենք գտնվում ենք կոնֆլիկտային տարածաշրջանում, հարևան երկրներից չէին համաձայնում աջակցության նամակ տրամադրել, որը ՄԱՄ-ի պարտադիր պայմաններից էր։ Ի վերջո, Վրաստանից և Իրանից ստացանք այդ համաձայնության նամակները: Եվ, այնուամենայնիվ, մեր հիմնավորումներն այնքան ուժեղ էին, որ ՄԱՄ-ը, նույնիսկ՝ առանց լրացուցիչ պայմանների, մեզ ճանաչեց տարածաշրջանային կենտրոն»,- ասաց Ա. Միքայելյանը:
Ա. Միքայելյանը և Հ. Հարությունյանը հավելեցին, որ ակնկալում են Հայաստանի իշխանություններից հետևողականություն և օժանդակություն։
Իսկ այն հարցին, թե հետագայում արդյոք Հայաստանը կարո՞ղ է կորցնել այս կարգավիճակը, Արեգ Միքայելյանը պատասխանեց. «Սա 5-ամյա ծրագիր է, եթե մենք ձախողենք այն, ապա հինգ տարի անց գուցե մեր հարևան երկրներից մեկը դառնա աստղագիտական կենտրոն։ Պատվի հարց է՝ պահել այս գրասենյակը»։
ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆ