Բաժիններ՝

«Ազգային արխիվում արդեն թվայնացված փաստաթղթերի թիվը հասնում է մոտ 100.000-ի». Ամատունի Վիրաբյան

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ: Քննարկման թեման արխիվային նյութերի թվայնացման գործընթացն էր, Հայաստանի Ազգային արխիվի վերջին ձեռքբերումները, ապագա ծրագրերն ու անելիքները: Կառույցի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ծրագրերի՝ դրանք են՝ գրքերի պատրաստումը, փաստաթղթերի հրատարակումը, արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը և այլն:

Ամատունի Վիրաբյանն առանձնահատուկ ընդգծեց նոր՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ՝ առցանց թանգարանի ստեղծման ծրագիրը. «Թանգարանը նվիրվում է Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցությանը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության թեմային: Ֆրանս-հայկական կապերի վերանայման տեսակետից սա մեծ աշխատանք է, որի շնորհանդեսը երկու շաբաթ առաջ եղավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Ֆրանսիական կողմի ֆինանսավորմամբ և մեր կողմից մարդկային ռեսուրսների ներգրավմամբ՝ մենք կարողացանք այսպիսի աշխատանքի հիմք դնել»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը: Նա ընդգծեց մի քանի թեմաներ, որոնք արդեն տեղադրված են թանգարանի վեբ կայքում՝ Հայերի մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմին, Հայերը արևմտյան և Կովկասյան ռազմաճակատում, Հայոց ցեղասպանություն, ֆրանսիական օգնություն, միջազգային պայմանագրերի, և այն ամենի, ինչ կապված է 1914-18 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Արխիվի տնօրենն անդրադարձավ նաև իրենց համար շատ կարևոր մի ծրագրի՝ Արևմտյան Հայաստանում՝ մասնավորապես, և Օսմանյան Թուրքիայում՝ ընդհանրապես, Հայոց եղեկեցու կալվածքների և գույքի խնդրին. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն արդեն հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի կաթողիկոսությունը հետ վերադարձնելու գործով, և այս առումով հետաքրքրությունը թեմայի վերաբերյալ մեծանում է: Օսմաներեն լեզվով և դրանց հայերեն թարգմանությամբ աշնանը պատրաստում ենք հրատարակել հայ եկեղեցու գույքերի մասին լուսաբանող իրավական մի շարք կարևոր փաստաթղթեր: Դրանք մեր արխիվում պահպանված, այլ կերպ ասած՝ սեփականության վկայականներ են, որ փաստում են կոնկրետ տվյալներ Օսմանյան կայսրության տարածքում հայկական եկեղեցիների, կալվածքների, հողերի, ունեցվածքների վերաբերյալ»:

Արխիվի տնօրենն անդրադարձավ նաև այս տարի նախատեսված եկեղեցական արարողակարգի՝ Մյուռոնօրհնեքի արարողությանը, որ տեղի է ունենում ամեն 7 տարին մեկ անգամ. «Մենք որոշեցինք մոտ 600 էջանոց մեծ ծավալով գրքի տեսքով հրապարակել Հայոց եկեղեցու այս գլխավոր արարողություններից մեկի հետ կապված՝ մեզ մոտ պահպանվող բոլոր փաստաթղթերը: Գրքում կընդգրկվեն այս արարողակարգի հետ կապված արխիվային առաջին փաստաթղթերը, որ թվագրվում են 1807 թ., ինչպես նաև տարբեր տարիներին մյուռոնի պատրաստման բաղադրատոմսերը, ծաղիկների, յուղերի անունները, և այլն»: Գիրքը նախատեսվում է հրատարակել մինչև սեպտեմբեր ամիսը, նախքան Մյուռոնօրհնեքի արարողությունը:

Կարդացեք նաև

Թվայնացման աշխատանքների հետ կապված՝ Ամատունի Վիրաբյանն ասաց, որ դա տարիների երկար աշխատանք է և, որ պարտադիր չէ թվայնացնել արխիվում պահպանվող բացառապես բոլոր փաստաթղթերը. «Կան փաստաթղթեր, որ 50 տարին մեկ անգամ են օգտագործվում, ի՞նչ կարիք կա դրանք թվայնացնելու: Այս պատճառով՝   առաջին հերթին՝ թվայնացման են ենթարկվում առավել մեծ պահանջարկ և հետաքրքրություն վայելող փաստաթղթերը, դրանք ո՛չ քաղաքական, և ո՛չ միաջազգային փաստաթղթեր են, այլ մարդկանց ծագման, տոհմածառի հետ կապված փաստաթղթեր, մարդահամարների տվյալներ, եկեղեցու չափաբերական մատյաններ, որտեղ գրանցված են մարդու կացության հետ կապված հարցեր՝ ծնունդ, կնունք, պսակ, մահվան տվյալներ և այլն»: Ազգային արխիվի տնօրենն ընդգծեց, որ արդեն թվայնացված փաստաթղթերի թիվը հասնում է մոտ 100.000-ի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս