Սերժ Սարգսյանը կանգնած է նույն խնդրի առջև, ինչ առաջին և երկրորդ նախագահները

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով` գործող Սահմանադրությունը Հայաստանին ժողովրդավարական և իրավական պետություն դառնալու հեռանկար չի տալիս: Այս մասին նա ասաց այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Գործող Սահմանադրությամբ ամբողջ գործադիր իշխանությունը կազմավորվում է նախագահի կողմից, իհարկե, վարչապետի համաձյանությամբ և այլն, և այլն: Բայց Ոստիկանության և Ազգային անվտանգության համակարգերն ուղիղ ենթարկվում են նախագահին, նույնիսկ կառավարության կազմի մեջ չեն մտնում, և նրանց պետերին, տեղակալներին նշանակում և առանց որևէ բացատրության հանում է Հանրապետության նախագահը: Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ղեկավարներին և տեղակալներին, առանց որևէ բացատրության, հանում և նշանակում է Հանրապետության նախագահը: Գլխավոր դատախազը նրա թեկնածուն է, իհարկե, անցնում է պառլամենտով, այսպես ասենք, բայց տեղակալներին նույնպես նշանակում է ինքը: Բոլոր դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը: Ի՞նչ իրավական պետության մասին կարող է խոսք լինել, և եթե որևէ բան, ընտրությունը կեղծվում է, ո՞ւր պետք է դիմես, այդ մակարդակներով պետք է դիմես և ինչ-որ արդարության հասնես, երբ այնտեղ ամեն ինչ այդպես է որոշվում»,- ասաց Ավետիք Իշխանյանը` նշելով, որ գործող սահմանադրությամբ իշխող կուսակցությունը միշտ կարող է վերարտադրվել` իր թեկնածուին դարձնելով նախագահ:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ չկա վստահություն, մենք գիտենք, որ այս իշխանությունը չի գնա փոփոխությունների` իշխանության տարանջատման. «Այսինքն` այս փոփոխությունների իմաստն էլի վերատադրվելն է: Ի՞նչ իմաստով: Իմ համոզմամբ` որպեսզի Սերժ Սարգսյանը պահի իր իշխանությունը: Տեսեք` ինչ հետաքրքիր համակարգ է մեր համակարգը: Եթե 2 անգամից ավելի չես կարող ընտրվել նախագահի պաշտոնում, ունես ամեն ինչ: 8 տարի անց, երբ ժամանակը լրանում է, դու դառնում ես ոչինչ, և սկսում ես մտածել` ինչպես կորցրիր իշխանությունը և երազում ես իշխանության վերադառնալու մասին: Առաջին և երկրորդ նախագահների օրինակը ձեզ: Եվ հիմա այդ նույն խնդրի առաջ կանգնած է Սերժ Սարգսյանը, և նա, ունենալով առաջին երկուսի օրինակը, ինքն էլ չուզենալով կարցնել իշխանությունը, փորձում է կատարել այդ փոփոխությունը` ինքն իրեն վերատադրելու համար»:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ ընդամենը հռչակագրային դրույթներ են Սահմանադրության այն կետերը, որոնք հռչակում են, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին. «Ես Սահմանադրության առաջին, երկրորդ գլուխները կպատռեմ, կգցեմ մի կողմ: Ինձ հետաքրքրում է` ինչպես է ձևավորվում իշխանությունը, կա՞ իրական տարանջատում, թե ոչ: Իսկ այդ հռչակագրային դրույթները, չեմ ուզում վիրավորական ասել, մեծ արժեք չունեն, որովհետև դրանք ցանակացած ժամանակ ոտնատակ են արվում, այդ թվում նաև ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս