«Աուդիտի միջոցով ՀԷՑ-ի չարաշահումները հնարավոր չէ պարզել»

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ ՀԷՑ-ում աուդիտորական ստուգման միջոցով հնարավոր չէր բացահայտել այն չարաշահումները, որոնց մասին խոսվում է:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հարցերին՝ ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին: Նա նշել էր նաև, որ, եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավելի վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար:

Երեկ մեզ հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ պարզել՝ իրականում չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, աուդիտի միջոցով հնարավոր չէ, հակառակ դեպքում՝ ցանկացած տնտեսական հանցագործություն կբացահայտվեր ոչ թե քննչական գործողությունների, այլ աուդիտ կատարելու միջոցով. «Աուդիտորը չի կարող ստուգել՝ փաստաթղթում ներկայացված թվի մեջ առկա՞ են ատկատներ, թե՞ ոչ: Աուդիտորը կարող է ստուգել միայն այդ փաստաթղթերի միջև առկա տարբերությունները: Չեմ կարծում, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն» այնպիսի կազմակերպություն է, որ անգամ տնտեսագետ չունի, որպեսզի փաստաթղթերի միջև տատանումներ չտա: Բացի այդ՝ եթե փաստաթղթում տարբերություն լիներ, ապա այդ մասին կնշվեր 2014թ. իրենց աուդիտում: 2014թ. իրենց աուդիտի մեջ գրված է միայն ոչ ճիշտ կառավարման՝ մենեջմենթի մասին միջազգային կազմակերպության կողմից, որը ստուգել է նաև կառավարման որակը:

Այստեղ հարց է ծագում՝ ոչ ճիշտ կառավարումը եղել է անփութությա՞ն, թե՞ դիտավորության արդյունքում: Դա հնարավոր չէ պարզել աուդիտի միջոցով: Դա պետք է պարզել քննչական գործողություններ կատարելու միջոցով: Այդ թվում՝ պետք է համադրել. այն կազմակերպությունը, որից իրենք ծառայություններ են ձեռք բերել, այլ կազմակերպությունների ի՞նչ գնով է իր ծառայությունները վաճառել: Եթե տեսնեն, որ ակնհայտ երևում է, որ շուկայում գործող գներից ավելի թանկ գնով են ձեռք բերել, կամ նույն կազմակերպությունը, որը ծառայություն է մատուցել իրենց, այլ կազմակերպություններին իր ծառայություններն ավելի էժան է մատուցում, նշանակում է, որ եղել են ատկատի խնդիրներ, այսինքն՝ միտումնավոր ուռճացվել է ծառայության կամ ապրանքի արժեքը, որից գումար է վերցվել, և այժմ այդ գումարը պետք է գանձվի բնակչությունից, որպեսզի ՀԷՑ-ը չսնանկանա»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ արդյոք որպես իրավաբան` քրեական գործ հարուցելու հիմքեր տեսնո՞ւմ է, Ն. Բաղդասարյանը պատասխանեց. «Երբ հիմնարկից փող են գողացել ատկատի տեսքով, պետք է այդ գումարը դնել տեղը, ամեն ինչ կգա, իր տեղը կընկնի: Ոչնչի սպասելու կարիք չկա: Քաղաքական կամքի խնդիր է, մարդկանց պատասխանատվության խնդիր է: Պետք է գողացված գումարը ետ դնեն և այսուհետ չգողանան: Չեմ կարծում, որ մեր ղեկավարությունը չի տիրապետում այդ փաստերին»:

Ինչպես հայտնի է, Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնել պահանջող քաղաքացիները որպես բարիկադներ օգտագործում են աղբամանները: «Սանիտեկ» ընկերության ներկայացուցիչը, ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, հաղորդում է ներկայացրել, որ անհայտ անձը կամ անձինք տարհանել և Բաղրամյան պողոտա են տեղափոխել Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկին» պատկանող 41 աղբամանները՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Մեր հարցին՝ արդյոք հիմքեր կայի՞ն այս հոդվածով քրեական գործ հարուցելու, Ն. Բաղդասարյանը պատասխանեց. «Ասեմ` որպես քաղաքացի, ով տեսել է այդ գույքը: Ես ինքս տեսել եմ, որ այդ գույքին էական վնաս չի պատճառվել: Օրենսդիրն օգտագործում է զգալի վնաս բառը, սահմանում է, թե ինչ է նշանակում զգալի վնաս: Զգալի վնաս չի պատճառվել, ես ինքս այդ գույքը տեսել եմ: Եթե այդ գույքին որևէ վնաս պատճառվել էլ է, ապա դա չի կարող համարվել դիտավորյալ վնաս պատճառել, այլ դրա վրա կանգնելու կամ դրա վրայով անցնելու արդյունքում է դա տեղի ունեցել, հետևաբար` այստեղ քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որովհետև դիտավորությունն ուղղված չի եղել տվյալ ընկերությանը վնաս պատճառելուն: Որպեսզի դիտավորյալ վնաս պատճառելու փաստի առթիվ քրեական գործ հարուցվի, պետք է առկա լինի հանցակազմի սուբյեկտիվ կողմը, այսինքն` վնաս պատճառողը պետք է ուղղակի կամ անուղղակի դիտավորություն ունենա տվյալ կազմակերպությանը վնաս պատճառելու: Ակնհայտ է, որ ոչ ոք նման խնդիր չի հետապնդել: Այսինքն՝ «Սանիտեկ» ընկերության հետ որևէ խնդիր չի եղել, որ նման գործողությունը որակվեր` որպես դիտավորյալ գործողություն»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք դեպքերի առնչությամբ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր կայի՞ն, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, թե չի կարող է ասել՝ ո՞ր դրվագն է դիտարկվել` որպես խուլիգանություն. «Խուլիգանությունը հասարակության դեմ ուղղված որոշակի գործողություն է, այսինքն՝ ոտնձգություն կատարող անձի գործողությունները պետք է ուղղված լինեն հասարական կարգը խախտելուն: Շատ կարևոր է տարանջատել, թե կոնկրետ որ անձն է այդ գործողությունը կատարել: Այսինքն՝ ընդհանուր ասել, որ ոչ մեկն այնտեղ խուլիգանություն չի կատարել, չեմ կարող ասել, որովհետև այդ փաստերին չեմ տիրապետում:

Բայց ընդհանուր այդ միջոցառումը՝ մարդկանց՝ երթի կամ ցույցի մասնակցելը, չի կարող դիտարկվել` որպես խուլիգանություն, որովհետև, եթե ընդհանուր վերցնենք, այդ գործողությունն ուղղված է եղել ոչ թե հասարակական կարգի դեմ, այլ իրենց իրավունքները և շահերը պաշտպանելու: Հետևաբար այս հանգամանքն արդեն բացառում է խուլիգանության հատկանիշը: Բացի դա՝ եթե մարդ պարզ տրամաբանություն ունենա, իրավաբանական գիտելիքներ չունենա, ապա կտեսնի, որ եթե այդ արարքն իր մեջ խուլիգանության հատկանիշներ է պարունակում, պետք է, որ 90-ականներից սկսած բոլոր նման դեպքերով խուլիգանության հատկանիշներով քրեական գործեր հարուցված լինեին:

Բոլոր պետությունները պետք է նման գործեր հարուցած լինեին: Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ նման դեպք երբևիցե չի եղել: Այսինքն՝ անձը, ով տվյալ փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, նկատի է ունեցել կամ առանձին դրվագ, կամ իրականում հոդվածի դիսպոզիցիային չի տիրապետում, այսինքն՝ համապատասխան իրավաբանական գիտելիքներ չի ունեցել քրեական ոլորտում»:

Փաստաբանը չբացառեց, որ այդպիսի բազմության մեջ որևէ մեկը կարող էր նման գործողություն կատարել. «Բացառված չէ, որ դա պրովոկացիա լինի համապատասխան ծառայությունների կողմից: Լինում են նման դեպքեր: Դրա մասին են վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ»:

Հունիսի 23-ին տարածած հաղորդագրության մեջ ՀՀ ոստիկանությունը հղում էր կատարել նաև «Ոստիկանության մասին» օրենքի 33-րդ հոդվածին, որի համաձայն` հավաքը դադարեցվում է, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահի անհամաչափ սահմանափակումը: Մեր հարցին` արդյոք այս իրավիճակում հանրության շահերի անհամաչափ սահմանափակում կա՞ր, փաստաբանը պատասխանեց. «Պետությունը մի կողմից` պարտավոր է ապահովել խաղաղ ցույցերի կազմակերպումը, անցկացումը, մասնակիցների անվտանգությունը, մյուս կողմից` պարտավոր է ապահովել նաև հասարակական կարգը:

Եթե չի ստացվում ապահովել հասարակական կարգը, նոր կարող է միջամտել: Այսինքն` դեմոկրատական պետությունում ժողովուրդը կարող է արտահայտել իր կամքը հենց ցույցեր, երթեր կազմակերպելու միջոցով: Չէ՞ որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եթե ժողովուրդը խաղաղ ցույցեր է կազմակերպում` առանց զինվելու, երբ Ոստիկանությունը միջամտում է, իրականում իշխանության դեմ գործողություն է կատարում, որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն այլ կերպ չի կարող ռեալիզացնել իր իշխանությունը:

Այլ հարց է, որ եթե, օրինակ, ակցիան զինված լիներ, Ոստիկանությունը ստիպված պետք է միջամտեր: Հիմա մի այլ իրավիճակ կա, երբ իրենք ռեալիզացնում են իրենց իշխանությունը, բայց դրանով սահմանափակում են այլ մարդկանց իրավունքները: Եթե այլ մարդկանց իրավունքները կարելի է վերականգնել այլ կերպ, օրինակ, այլ ճանապարհներ գտնել, և եթե Ոստիկանությունը ուժ է կիրառում, դա կատարում է ընդամենը ինչ-որ մարդկանց պատվերով:

Օրենքը պատրվակ է դարձվում, սխալ մեկնաբանում են: Նորից եմ ասում` Ոստիկանությունը պետք է փաստի, որ մյուս մարդկանց իրավունքներն այլ կերպ չէր կարող պաշտպանել՝ շրջանցիկ ճանապարհներ գտներ, և այլն»: Միևնույն ժամանակ փաստաբանն ասաց, որ եթե անձը վարչական զանցանք է թույլ տալիս, չի կարելի նրան «բռնել ծեծել, ջարդել, մարմնական վնասվածք պատճառել, ասել` ես կանխել եմ վարչական զանցանքը». «Ոստիկանությունն ընդօրինակել է խորհրդային ժամանակաշրջանի տրամաբանությունը: Կարգերը փոխվել են: Ինքը չի կարող պաշտպանել հանրապետության նախագահին, վարչապետին` ժողովրդից` ամեն կարգով:

Մեր Սահմանադրությունը դա արգելում է: Ինքը դա պետք է կատարի միայն օրենքով սահմանված ընթացակարգերով, իսկ օրենքն ասում է, որ իշխանությունը ժողովրդինն է, եթե ժողովուրդը որոշակի գործողություն է կատարում, Ոստիկանությունը պետք է համաչափ գործի: Իմ տեսածը համաչափ չէ: Ես ցավում եմ, որ նաև լրագրողները միասնական չեն: Երբ տասնյակ լրագրողների տանում են Ոստիկանություն և խոչընդոտում են իրենց գործողություններին, լրագրողները պետք է ուղղակի աղմուկ հանեն և միավորվեն իրենց իրավունքների, շահերի պաշտպանության համար, ինչը ես այսօր, ցավոք, չեմ տեսնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս