Բաղրամյան պողոտայի շարժման պահանջները կփոխվե՞ն
Հունիսի 28-ին, երբ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը տեղափոխվեց Ազատության հրապարակ, Բաղրամյան պողոտայում ցուցարարները մնացին առանց նախաձեռնող խմբի։ Իսկ հունիսի 30-ին ձևավորվեցին քաղաքացիների համակարգող խմբեր։
Ցուցարարները նախ կազմավորեցին 10 հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են ցույցի հետ կապված տարբեր ոլորտներ, այդ թվում` արագ արձագանքման, ֆինանսատնտեսական, հասարակայնության հետ կապերի, տեխնիկական, իրավաբանական և այլն։ Այնուհետև այդ խմբերից ներկայացուցիչներ ընտրվեցին, ովքեր միասին կազմեցին նոր նախաձեռնող խումբը։ Նախաձեռնող խմբում ընդգրկված են Նարեկ Այվազյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից), Դավիթ Սանասարյանը («Ժառանգությունից»), Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը։
Ինչպես երևում է, նոր նախաձեռնող խմբի մեջ ներգրավված են նաև կուսակցական ակտիվիստներ։ Նախքան այս նոր նախաձեռնող խմբի ձևավորումը` արդեն իսկ մտավախություն կար, որ քաղաքացիական շարժումը վերածվում է քաղաքական շարժման, քանի որ տարբեր քաղաքական ուժեր փորձում են իրենց ձեռքը վերցնել քաղաքացիական այս շարժումն ու փոխել շարժման ուղղությունը։ Այժմ արդեն կուսակցական ակտիվիստների ներգրավումը այս շարժման համակարգող խմբի մեջ` ակնհայտորեն միտում ունի շարժման ուղղությունը և պահանջները փոխելու։
Մեզ հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրենց կուսակցության երիտթևի նախագահի ընդգրկումը շարժման համակարգող խմբում նշանակո՞ւմ է, որ իրենց կուսակցությունն էլ է կանգնած այս շարժման հետևում, ասաց, որ սա գաղտնի շարժում չէ, որ ինչ-որ մեկը կանգնի դրա հետևում։ «Հայաստանում ինչքան մարդ կա, սակագնի վերաբերյալ խնդիրը կանգնած է այդ մարդկանց առջև, և այդ բոլոր մարդիկ կրելու են դրա հետևանքները։
Ուրիշ բան է, որ «Ազատ դեմոկրատները» հետևողականորեն ամենասկզբից մատնանշում է այդ սակագնի գնագոյացման խնդիրը։ Պատճառը ոչ միայն Հայաստանի իշխանությունների վատ մենեջմենթն է, այլև այն, որ Ռուսաստանն իր ռազմական դաշնակցին` Հայաստանին, ավելի թանկ է վաճառում գազը, որից և գոյանում է այդ էլեկտրաէներգիան, քան, ասենք, Ուկրաինային, որի հետ նա պատերազմում է, և այդ դիսոնանսը դառնում է քննարկման քաղաքական հարց։ Շարժումը միավորել է բոլորին, որովհետև դա բոլորին վերաբերող խնդիր է»։
Մեր դիտարկմանը` կարծիք կա, որ կուսակցական ակտիվիստների ներգրավումն այդ համակարգող խմբի մեջ շարժումը դարձնում է քաղաքական, ինչը կարող է բացասաբար ազդել շարժման հետագա ընթացքի վրա, Ա. Սեդրակյանը չհամաձայնեց` ասելով, որ դա թյուրըմբռնում է. «Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, և դա առաջին և որոշիչ խնդիրն է պետականության անվտանգության հարցերի մեջ, որովհետև, երբ օրհասական խնդիր է լինում ինչ-որ տեղ, ոչ ոք չի հարցնում` ով որտեղից է, բոլորը միասին գնում են կռվելու, սա յուրատեսակ մարտադաշտ է, որը վերաբերում է ռազմական անվտանգությանը, որովհետև վառելիքի անհրաժեշտ սպառման գնի, ինչպես նաև հացի սպառման գնի հետ կապված յուրաքանչյուր հարց, դա արդեն անվտանգության հարց է»:
Մեր հարցին` բայց հնարավո՞ր է` կուսակցական ակտիվիստների ներգրավմամբ` շարժման պահանջները փոխվեն, ասենք, եթե մարդիկ հավաքվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարելու, արդեն սկսեն պահանջել իշխանափոխություն, նախագահի հրաժարական և այլն, Ա. Սեդրակյանը պատասխանեց, որ այդ պահանջները պարբերաբար են առաջ քաշվում` անկախ այդ պահանջներն առաջ քաշող մարդկանց կուսակցական պատկանելությունից։
Մեր ճշտող հարցին` այսինքն` հնարավո՞ր եք համարում պահանջների փոփոխությունը, Ա. Սեդրակյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, դրանք քաղաքական ենթադրությունների շարքից են, ընդ որում, ձեր ենթադրությունների։ Ես նման բան չեմ ասում, ես ընդամենն ասում եմ, որ ներկա պահին սակագինը կախված է բոլորից»։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հենց սկզբից այն համոզմանն է եղել, որ այս շարժումը քաղաքական է, քանի որ սա համընդհանուր սոցիալական հարց է, որի հետ կապված պահանջներն ուղղված են նախագահին։ Միաժամանակ, նա նշեց, որ սա կուսակցական շարժում չէ, քանի որ կուսակցություններն աջակցություն հայտնելով հանդերձ` որոշում կայացնողներ չեն։
Խոսելով այն մասին` արդյոք կուսակցական երիտասարդների ներգրավումը շարժման մեջ կարո՞ղ է շեղել շարժման ուղղությունը, թե՞ ոչ` նա նշեց, որ նախկինում էլ ակտիվիստների մեջ կային կուսակցականներ.
«Այնպես որ, կուսակցական լինելը որևէ խնդիր չի հարուցում, առավել ևս, «Ժառանգության» անդամ լինելը, որոնք ավելի շատ անձնական կարծիքներ են արտահայտում, քան կուսակցական միասնական դիրքորոշում։ Այս դեպքում` Դավիթ Սանասարյանն ընդամենն այդ շրջանակում է գործելու։
Այսինքն` չկա որևէ կուսակցական հանձնարարություն, չկա որևէ կուսակցական որոշում, որ այս կամ այն անձը պետք է մասնակցի, կամ ինչ չափով պետք է մասնակցի, կամ ինչ-որ խնդիր պետք է լուծի։ Ուստի ինքն ամբողջովին գտնվում է քաղաքացու իր գործառույթների մեջ»։ Խոսելով կուսակցական ակտիվիստների առկայության պարագայում շարժման պահանջների փոխման հավանականության մասին` Ա. Մարտիրոսյանն ասաց, թե հնարավոր է, որ պահանջները փոխվեն, բայց դա կախված չէ կուսակցական ակտիվիստների այնտեղ գտնվելու հանգամանքից, քանի որ նախկինում էլ են եղել կուսակցական ակտիվիստներ շարժման մեջ. «Պահանջները փոխվում են` ըստ գործընթացի։ Պահանջները կարող են մեղմանալ, կամ կարող են խստանալ` նայած, թե ինչ է արվում»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հենց ակտիվիստներն արդեն քաղաքացիական շարժումը վերաձևում են քաղաքական շարժման, որը «լիովին» փոխում է շարժման ամբողջ բովանդակությունը և ընթացքը։ «Հիմա դա լիովին ցույց է տալիս, թե իրականում որ ուժերն են այդ շարժումն իրենց ձեռքում վերցրել։ Ե՛վ «Ազատ դեմոկրատները», և՛ «Ժառանգությունն» ԱՄՆ-ի պրոյեկտներն են և հովանավորվող կուսակցություններ են։ Այսինքն` այդտեղից հետևություն, որ աստիճանաբար այդ շարժումը նրանք տանում են դեպի մայդանացման։ Արդեն բացեիբաց նշմարվում են այն «ականջները», որոնք կանգնած են այս ամենի հետևում, իսկ այս ամենի հետևում, իրոք, կանգնած են համապատասխան ուժերը` ի դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների»,- ասաց Գ. Համբարյանը։
Քաղաքագետն այդ շարժումն արդեն քաղաքացիական չի համարում, ըստ նրա` այն արդեն քաղաքական շարժում է. «Հիմա դուք մտածում եք, որ Սերժ Սարգսյանը կանգնելու էր ասեր` «այո, ես պարտություն եմ կրում և ընդունո՞ւմ եմ ամբողջությամբ քաղաքացիական շարժման ներկայացրած պահանջները»։ Եթե ինքն այդպիսի բան աներ, ինքը պետք է նաև հրաժարական տար, որովհետև դա նշանակում էր նախագահի սարսափելի թույլ լինելու հանգամանքը։ Որպեսզի այդ ամենն այդպես չմատուցվի հանրությանը և միջազգային հանրությանը ևս, նախագահը շատ դիվանագիտական տարբերակ ընտրեց։ Ինքը հասկացրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացում տեղի չի ունենալու, ժամանակավորապես տեղի է ունենալու աուդիտ ՀԷՑ-ում, որը կպարզի` իրականությանը համապատասխանո՞ւմ են ՀԷՑ-ի ներկայացրած պահանջները, որ բարձրանա էլեկտրաէներգիայի գինը»։
Քաղաքագետը «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների քայլը ճիշտ է համարում և «կոպիտ սխալ» է համարում այն կուսակցականների փորձը, որոնք այս ամենը դարձրեցին «քաղաքական պայքար»։