Ի՞նչ կապ կա հայրերի տարիքի և սերունդների բարեկեցության միջև
Սերունդների բարեկեցության և կենսունակության համար կարևոր է այն հանգամանքը, թե քանի տարեկան են եղել իրենց հայրերը, երբ իրենք ծնվել են: Այս մասին վստահեցնում են ռուս գիտնականները՝ իրենց բրիտանացի գործընկերների հետ կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակելով:
2014 թվականին «Газета.Ru» կայքի՝ գիտության հարցերով զբաղվող բաժինը լույս սփռեց մի շարք հետազոտությունների վրա, որոնցում խոսվում էր այն մասին, թե ինչպե՞ս է ծնողների տարիքն ազդում երեխաների բարեկեցության վրա:
Այսպես, օրինակ, պարզվեց, որ 45 և ավելի տարեկան հայրերի կողմից սաղմնավորված երեխաների մոտ աուտիզմի, շիզոֆրենիայի, հիպերակտիվության սինդրոմի և այլ հոգեկան հիվանդությունների առաջացման մեծ վտանգ կա:
Ընդ որում, հայրերի տարիքը 1 տարով ավելանալուն զուգահեռ՝ նրանց ապագա երեխաների մոտ ավելանում է 2 նոր մուտացիա, իսկ ապագա ծնողները երեխաներին են փոխանցում ոչ միայն գեները, այլև իրենց կենսափորձը:
Սակայն պետք չէ հուսահատվել: Գիտնականներն ապացուցել են նաև, որ մեծ տարիքում երեխա ունեցող հայրերի ժառանգները երկարակյացներ են:
Բավական շուտ ակնհայտ դարձավ, որ հետազոտողներին հայրերի և նրանց սերունդների հետ կապված շատ օրինաչափություններ հասանելի չեն:
Ճշմարտության փնտրտուքները շարունակվեցին, և Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Ա.Ա Խարկևիչի անվան Ինֆորմացիայի փոխանցման խնդիրների ինստիտուտի մոլեկուլյար էվոլյուցիայի բաժնի պետ Գեորգի Բազիկինի ղեկավարությամբ աշխատող ռուս-բրիտանական գիտնականների խումբն ապացուցեց, որ ծնողների տարիքն ազդում է ժառանգների առողջության և վերարտադրողականության վրա:
Հետազոտության արդյունքները հրապարակվեցին PLOS ONE ամսագրի հունիսյան համարում: Հետազոտությունը կատարելու ընթացքում գիտնականներն աշխատում էին ֆիննական եկեղեցական գրքերով: Դրանցում 1688-1899 թթ. կատարված գրառումների ուսումնասիրությամբ նրանք կարողացան տալ ամբողջական պատկերը և վերլուծել ֆիննական ընտանիքների մի քանի սերունդների ծագումնաբանությունը:
Մասնավորապես, հաջողվեց պարզել, որ այն ֆինները, որոնց հայրերը, պապերն ու նախապապերը սերունդ են տվել մինչև իրենց 30 տարեկան դառնալը, մոտավորապես 13%-ով ավելի հաճախ էին ապրում մինչ չափահաս դառնալը, քան 40-ից հետո հայր դարձող 3 սերունդների ներկայացուցիչների ժառանգները:
Սկսած 20 տարեկանից՝ ծնողի՝ մինչև երեխայի ծնունդն ապրած յուրաքանչյուր տարին իր ժառանգի մահացածության ռիսկայնությունն ավելացնում է 1%-ով: Եկեղեցական գրքերի նման փաստաթղթերի հետ աշխատելը հետազոտություն կատարելու բավականին արդյունավետ մեթոդ է:
Այսպես՝ «Газета.Ru» կայքը պատմում է, որ, ուսումնասիրելով 1867-1868 թթ. սովի ժամանակ ֆինն գյուղացիների կենդանության տվյալները, գիտնականները եկան այն եզրակացության, որ ներարգանդային զարգացման շրջանում և ծնվելուց անմիջապես հետո պտղի մոտ սննդարար նյութերի պակասը բացասականորեն է ազդում օրգանիզմի հետագա զարգացման վրա:
Եթե վերադառնանք Գեորգի Բազիկինի և նրա կոլեգաների հետազոտություններին,, ապա պետք է նկատել, որ ստացված արդյունքները համընկան այն մոտեցման հետ, որ տարիքի հետ սպերմատոզոիդների նախատիպեր համարվող սեռական բջիջների մեջ կուտակվում են ժառանգաբար փոխանցվող և սերունդների գենետիկ հարմարվողականությունը թուլացնող մուտացիաներ: Այս տեսությունն ապացուցվում է ժամանակակից մարդկանց գենետիկ հետազոտությունների տվյալներով, որոնք ցույց են տալիս, որ ուշ հայր դարձած տղամարդիկ իրենց երեխաներին ավելի շատ մուտացիաներ են փոխանցում:
Բացի դրանից՝ պարզվեց, որ հազվադեպ են ամուսնանում այն կանայք, ում տղամարդ նախնիները հայր են դարձել 30 տարեկանից հետո: Սակայն այս փաստը կարող է պայմանավորված լինել սոցիալ-տնտեսական հանգամանքներով:
«Ժամանակակից հասարակության մեջ ընդունված է երեխաների ծնունդը հետաձգել մինչև հասուն տարիքը: Բրիտանացի գիտնականների հետ մեր համատեղ աշխատանքի ընթացքում առաջին անգամ մեծաքանակ նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սերնդի կենսունակության համար շատ կարևոր է, թե որ տարիքում է նրան ունեցել հայրը, հորը՝ պապը, պապին՝ նախապապը»,- պատմում է Գեորգի Բազիկինը: «Հնարավոր է՝ այդ էֆեկտն ունի գենետիկ բնույթ. հարմարվողականությունը նվազում է մի քանի սերունդների ընթացքում կուտակված մուտացիաների պատճառով: Սակայն հարյուրավոր տարիներ առաջ ապրած մարդկանց մոտ դժվար է տարբերակել նկարագրված ֆենոմենների գենետիկ և սոցիալական պատճառները: Դրա համար էլ վերջնական պատասխանի համար անհրաժեշտ է ուսումնասիրել ժամանակակից մարդկանց ժառանգականությունը»,- ասում է նա:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ