Օգուտ կտա՞ արդյոք ՀԷՑ-ի աուդիտը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ անցկացված խորհրդակցությունից հետո հայտարարեց, որ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ «մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության` Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար` փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»:
«Առաջարկում եմ` ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին` ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Եթե մինչ այդ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարողների պահանջներից մեկը հենց աուդիտի անցկացումն էր, այդ հայտարարությունից հետո սկսեցին կարծիքներ հնչել, որ աուդիտի անցկացումը աչքակապություն է և ոչինչ չի տա։ Նշվում է, որ ՀԷՑ-ի ֆինանսական աուդիտն ամեն տարի իրականացնում է աշխարհում մեծ հեղինակություն վայելող «Ernst & Young» ընկերությունը։ Ու, չնայած դրան, ՀԷՑ-ը հայտնվել է սնանկության շեմին։ Այս պնդումը միանշանակ չէ։ Բանն այն է, որ կան աուդիտի տարբեր տեսակներ` ֆինանսական, բնապահպանական, սոցիալական և այլն։
«Ernst & Young»-ը ՀԷՑ-ի համար իրականացնում է միայն ֆինանսական աուդիտ, որն ընդամենը ցույց է տալիս, թե ընկերության ֆինանսական հաշվետվությունը որքանով է արժանահավատ, որքանով է ճիշտ արտացոլում ընկերության իրական վիճակը։ Սակայն այս աուդիտը չի պարզաբանում, թե հաջողությունները կամ ձախողումներն ինչով են պայմանավորված, ինչ արդյունավետություն ունի ընկերությունը, ինչ սխալներ է թույլ տվել, ինչ կոռուպցիոն ռիսկեր կան, և այլն։
Այսինքն` ՀԷՑ-ի համար, ենթադրում ենք, որ պետք է անցկացվի արդյունավետության աուդիտ։ Իսկ դա խնդիր չի լինի։ Նման աուդիտ անցկացնելու իրավունք ունի միայն սեփականատերը, իսկ ՀԷՑ-ի սեփականատերը Ռուսաստան պետությունն է։ Համաձայնության դեպքում (որը կարծես կա) կարելի է մանրազնին կերպով ստուգել ընկերության բոլոր ցուցանիշները։
Սա՝ առաջին։
Երկրորդ կարևոր հարցն այն է, թե ինչ օգուտ կարող է տալ աուդիտը։ Ոմանք ասում են` ոչ մի։ Այսինքն` ոմանք գումարներ են կերել այնպիսի մեխանիզմներով, որ ոչ մի աուդիտի միջոցով չի երևա։ Սակայն այդպես չէ։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ՀԷՑ-ի համար կոնկրետ օրինակով ցույց է տվել, թե ինչ կարող է պարզել աուդիտը։ «Օրինակ, շահերի բախումը։ Ահա, բացում եմ ծախսերը, ճիշտ է, ՀԾԿՀ-ն տան ու տարածքի վարձակալությունը հիմնականում չի ընդունել, բայց մի քանի հատ ընդունել է։ Ընդունածների մեջ բավական մեծ թիվ է կազմում «Էներգաչափ» ՓԲԸ-ից մոտ 3200 քմ վարձակալելը` 73 միլիոն դրամով։ Հաշվի առնելով տարածքի մեծությունը` ենթադրում եմ` պետքական ու ՀԷՑ-ի կողմից օգտագործվող տարածք է։
Սա կարելի է հեշտ ստուգել։ Բայց, ՀԷՑ-ն ու «Էներգաչափը» փոխադարձ կապակցված են, «Էներգաչափը» ստուգում է հոսանքի հաշվիչները, այո, այո, մեր բնակարաններում ու տներում տեղադրված հաշվիչների անաչառ աշխատանքի պատասխանատուն նրանք են` պիտի պաշտպանեն մեր շահը ՀԷՑ-ից, ՀԷՑ-ինը` մերինից։ ՀԷՑ-ը նրանց հիմնական գործընկերն ու հաճախորդն է։ Սա համարվում է ռիսկային գործարք, ազդում է անաչառության վրա ու լրացուցիչ կախվածություն է ստեղծում։ Այն պիտի չեղյալ համարվի, ու նոր տարածք պիտի ՀԷՑ-ը գտնի։ Աուդիտը շահերի բախումից պիտի ստուգի նաև այս գործարքի իրականացման մեխանիզմները` տենդեր եղե՞լ է, թե՞ ոչ, տենդերում շահերի բախման դրույթ եղե՞լ է, թե՞ ոչ, և այլն»:
Փորձագետը նշում է, որ սա դեռ կոնկրետ այս պատմության կեսն է։ Քննության առարկա կարող է դառնալ նաև այն հարցը, թե ՀԷՑ-ին անհրաժեշտ այդ ահռելի տարածքն ինչպես է հայտնվել «Էներգաչափ» ընկերության հաշվեկշռում, որը պետական ընկերություն է եղել ու սեփականաշնորհվել է 2003-ին։ Այսինքն` գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ` սեփականաշնորհումը, ովքեր են տերերը, արդյո՞ք կա կապ տերերի ու ՀԾԿՀ-ի անդամների միջև, ի՞նչ չափանիշներով են վերջիններս այս մի վարձակալությունը թույլատրել, և այլն։
Սա ընդամենը 1 օրինակ էր, թե ինչ կարող է տալ օբյեկտիվ ու ընդգրկուն աուդիտը միայն ՀԷՑ-ի դեպքում։ Սակայն ՀՀ էներգետիկ համակարգը միայն ՀԷՑ-ից չէ կազմված։ ՀԷՑ-ն ընդամենը բաշխում է արտադրված էներգիան։ Պետք է խոշորացույցի տակ առնել նաև էներգիա արտադրողներին։ Այնտեղ պակաս չարաշահումներ չեն լինում, պարզապես հասարակությունը դրանց վրա չի կենտրոնանում, քանի որ էլեկտրաէներգիան գնում է ոչ թե անմիջապես արտադրող կայաններից, այլ ՀԷՑ-ից։
Օրինակ` «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ Ատոմակայանից «լևի» գիծ են քաշում մի քանի օլիգարխ-գեներալներ օբյեկտներն աշխատեցնելու համար։ Այս դեպքում ՀԷՑ-ը կապ չունի։ Այս դեպքում ոմանք հոսանք են գողանում ԱԷԿ-ից։ Սա նշանակում է, որ ԱԷԿ-ն այդ գողոնը փաթաթում է բարեխիղճ սպառողների վզին։ Չգողանային` ԱԷԿ-ի կողմից մատակարարվող հոսանքի ինքնարժեքն ավելի ցածր կլիներ։ Հետևաբար` ՀԷՑ-ը կարող էր ավելի էժան գնով էներգիա վաճառել։ Սա մի պարզ օրինակ է, որը ցույց է տալիս, որ խոշորացույցի տակ պետք է առնվի ոչ միայն ՀԷՑ-ը, այլն էներգետիկ ողջ համակարգը։
Իհարկե, «լևի գծի» առկայությունն աուդիտով չես պարզի, սակայն այս օրինակը բերեցինք` ցույց տալու համար, որ այստեղ նույնպես աշխատելու մեծ «ֆրոնտ» կա։
Քանի որ ՀՀ էներգետիկ համակարգը գրեթե ամբողջությամբ պատկանում է ռուսական կապիտալին, կարող է թվալ, որ ստուգման է ենթարկվում Ռուսաստանը։ Իրականում այդպես չէ (թեպետ, եթե այդպես լիներ, դարձյալ որևէ արտառոց բան դրանում չէր լինի)։ Ռուսները կարող են նեղվել։ Սակայն իրականում ճիշտ հակառակն է` ռուսներն իրենք պետք է առաջին հերթին շահագրգռված լինեն` պարզելու համար, թե ինչ է կատարվում իրենց պատկանող օբյեկտներում։ Ո՞ր մի սեփականատերը կհանդուրժի, որ իր մոտ գողություն լինի։
Հենց այս միտքը պետք է տեղ հասցնել, որ` պարոնայք, ձեր մենեջերները ոչ միայն մեզանից են գողանում, այլև ձեզանից։ Ու ոչ միայն նյութական վնաս են պատճառում, այլև նրանց պատճառով փչանում են հայ-ռուսական հարաբերությունները։
Աուդիտին զուգահեռ` պետք է նաև գործին միջամտեն իրավապահները։ Երևի սա ամենասպասված ասպեկտն է հասարակության կողմից։ Պետք է ջրի երես հանել այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ յուրացրել են էներգետիկ համակարգի գումարները։ Ոչ միայն բռնագրավել, այլև քրեական պատասխանատվության ենթարկել մերօրյա կորեյկոներին։ Ընդ որում, կորեյկոներին գտնելն այսօր որևէ խնդիր չի ներկայացնում: Ի տարբերություն իրենց նախատիպի` մերօրյա կորեյկոներն ամենևին էլ չեն թաքցնում, որ միլիոններ են կուտակել։ Ավելին`ամեն կերպ դա ի ցույց են դնում` շքեղ մեքենաների և այլ ճոխությունների միջոցով։
Մի խոսքով, համակարգը կարգի բերելու համար լուրջ աշխատանք է պետք կատարել։ Նախ` պետք է ճիշտ ախտորոշումը տալ` որոշել հիվանդությունների տեսակներն ու խոցված կետերը, հետո սկսել ինտենսիվ բուժման կուրս։ Այս ամենը լուրջ ռեսուրսներ ու ժամանակ է պահանջում։ Սակայն այդ ռեսուրսներն անհամեմատելի են այն կորուստների հետ, որոնք առաջանում են այդ հիվանդությունների պատճառով։
Ռեսուրսից ավելի կարևոր գործոն է այս ամենն իրականացնելու անկեղծ ցանկությունն ու կամքը, որովհետև շատերի ոտքը հարկ կլինի տրորել։