«Աղքատության բացակայությունն» ու աղքատ ընտանիքները
Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայությունը դեռեւս աղքատության մասին հետազոտություն չունի, ինչը չի նշանակում, որ Ղարաբաղում աղքատություն չկա։
Աշխեն Դանիելյանը ցերեկով հանգցնում է մեկսենյականոց բնակարանի լույսը, ցույց տալու, թե ինչպես կլինի տունը, եթե չմիացնեն էլեկտրականությունը։
Կիսախավարի մեջ միայն ինչ- որ մարդիկ են երեւում, այդ պահին դրսից Աշխենի թոռնիկը վազելով մտավ սենյակ՝ փաթաթվելով ոտքերիս սկսեց մայրիկ կանչել։
Մեկսենյականոց բնակարանում ապրում են 5 հոգով, շուտով իրենց է միանալու նաեւ թոռը, ով դեռեւս բանակում է։
Աշխենը նստել է եղած-չեղած միակ անկողնու վրա, սենյակն այնքան փոքր է, որ բազմոցի, փոքրիկ սեղանի շուրջը մի կերպ կարելի է քայլել։ Ոչ մի պատուհան չկա։
«Գիշեր-ցերեկ ստիպված ենք լինում լույսը վառել, որպեսզի իրար տեսնենք։ Առանց պատուհանների այս տանը արդեն 35-ից ավելի տարի է ապրում եմ։ Գիշերը խեղդվում ենք, օդ չկա շնչելու, իսկ, երբ բացում ենք դուռը՝ առնետներն էլ են մեր տան բնակիչները դառնում»։
5 հոգանոց ընտանիքի միակ եկամուտը Աշխենի աշխատավարձն է 60 հազար դրամ։
Սպառած էլեկտրաէներգիայի համար ամեն ամիս վճարում են 24-26 հազար դրամ։ Աշխենը պատմում է, որ գիշերները փողոցներն է ավլում, իսկ ցերեկները անտառներից, սարերից կանաչիներ է քաղում, փունջը 100 դրամով տալիս վաճառականներին։
«Երեխաներս մոռացել են մսի համը․ գնում ենք այն, ինչ հնարավոր է այդ աշխատավարձով գնել՝ մակառոնեղեն, պոմիդոր»։
Խոսելով թոռնիկների մասին Աշխեն տատը նշում է, որ անցած օրը տեսնելով թե ինչպես են հարեւանները փչովի լողավազանում լողում, թոռնիկներն էլ լողավազան ուզեցին։
«Բայց ի՞նչ անեմ, որտեղից գնեմ, հնարավորություն չունեմ»։
Երեխաները լողալ, ավելի շուտ լողանալ կարող են միայն իրենց միակ սենյակում՝ լողանալու տաշտակի մեջ, բաղնիք չունեն։
Աշխենի հարսը՝ Արմինեն դադարել է հավատալ թե՛ լրագրողներին, ովքեր հաճախ են այցելում իրենց թաղամաս, եւ թե՛ քաղաքական գործիչներին, ովքեր ընտրություններից ընտրություններ են հիշում իրենց մասին։ Արմինեն չի աշխատում, երեխաներին է խնամում։
«2014թ. դեկտեմբերի վերջի դրությամբ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության բաժնում հաշվառման են կանգնել 1679 չզբաղված քաղաքացիներ, որոնց 91.4 տոկոսը ստացել են գործազուրկի կարգավիճակ: Չզբաղված քաղաքացիների թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 41.3 տոկոսով:
2014թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ կանայք կազմում են պաշտոնապես գրանցված գործազուրկ քաղաքացիների 98.6 տոկոսը: Գործազուրկ կանանց մեծամասնությունն ունի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն՝ 64.3 տոկոս եւ պատկանում է 30-50 տարիքային խմբի՝ 42.7 տոկոս,- գրում է ԼՂՀ վիճակագրության ծառայության կայքը։
Սա չի կարելի համարել Ղարաբաղում զբաղվածության խնդիր ունեցող մարդկանց լիարժեք թիվը, քանի որ քաղաքացիներից շատեը կամ տեղյակ չեն, որ պետք է գրանցվեն գործազրկության համար կամ պարզապես չեն գրանցվում, մտածելով, որ չարժե հույս դնել դրա վրա։
55 հազար դրամ աշխատավարձ է ստանում Արմիդա Խաչատրյանը, նա եւս այս թաղամասում է ապրում։
Վարձով է ապրոմ, տան համար վճարում է 30 հազար դրամ։
36 տարեկան Արմիդան 3 անչափահաս երեխա ունի՝ Վահագն, Նարինե, Արման։
Իմ այցելության ժամին տանը երկուսով էին Արմանը եւ Արմիդան։ Տունը, փոքրիկ տուն է, ոչ մի բանով աչքի չնկնող, միակ իրը, որ զարմանալի էր տեսնել, կիթառն էր։
«Արմանն էր նվագում, բայց հիմա լարերը կտրվել են, հնարավորություն չունի նվագելու»։
Ստեփանակերտի ռեստորաններից մեկում սպասք է լվանում Արմիդան, սակայն այս աշխատանքն էլ ժամանակավոր է՝ մինչեւ սեպտեմբեր, դրանից հետո․․․հետո տխուր ժպտում է ու պատասխանում, որ չգիտի որտեղ պետք է աշխատի։
3 տարի առաջ հագուստ էր գնել խանութից՝ երեխաների համար, մինչ այսօր չի կարողանում վճարել։
«Արդեն 5 ամիս է չեմ կարողանում տան վարձը տալ։ Լավն այն է, որ տանտերը հասկանում է, գիտի, որ երբ գումար եմ ունենում անպայման վճարում եմ»։
Երեխաները ստիպված են իրենց շենքի, մնացած բնակիչների «տխուր կինոն» նայել…հեռուստացույց չունեն։
Անկախ սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը՝ հղում կատարելով միջազգային չափանիշների վրա, նշում է, որ օրական մարդուն միջինում հասնում է 8 դոլլար՝ չհաշված այն, որ հաճախակի գնաճի ենք հանդիպում, եւ այս թիվը կարող է ավելանալ։
Սոցիալոգի նշած թվերը մեկ շնչին հասնող գումարն է, իսկ Ղարաբաղում ամսեկան նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ ։
Դանիելյանների եւ Խաչատրյանների ընտանիքում 6 եւ 4 հոգով գոյատեւում են մեկ շնչին հասնող գումարով։
Թաղամասը, որտեղ ապրում են այս ընտանիքները կոչվում է «Բանվորների թաղամաս», այն Ստեփանակերտի կենտրոնական փողոցի հարեւանությամբ է։ Սրանից մի քանի տարի առաջ նույն վթարայի պայմաններում եւս 2 շենք կար, երբ սկսեցին ապամոնտաժել այս շենքերը եւ նորը կառուցել, բնակիչների մոտ հույս արթնացավ, որ իրենցն էլ կքանդեն։
Վարչապետ Արայիկ Հարությունյանը 2014թ. հայտարարել էր, որ վթարային շենքերի բնակիչներին բնակարան կտրամադրեն, այժմ ուսումնասիրություններ են ընթանում։
Այս վթարային շենքերում ապրող, մի կերպ աշխատավարձով գոյատեւող բնակիչները իրենց երազանքներն ունեն։
«Գուցե կյանքիս վերջին տարիներին նորմալ տան ապրեմ, ես էլ ինձ մարդ զգամ»,- խոր շունչ քաշելով ասում է Աշխենը։
Հոդվածը պատրաստվել է «Go Group»-ի կովկասյան հեղինակային կուրսի շրջանակներում: