«Պառլամենտում այս նարկոմանների տեսակարար կշիռը ավելի շատ է, քան այս երիտասարդների մեջ». Բագրատ Ասատրյան
«Հայաստանի էլեկտրացանցերում ստեղծված իրավիճակն անարդյունավետ կառավարման հետևանք է, անցած 20 տարիների ընթացքում ոչ արդյունավետ գործիքների են դիմել, և իրադությունը ծայրահեղության է հասել»,- նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա՝ 2013թ-ին հավաստիացրեցին, որ սակագինը 20%-ով բարձրացնելու դեպքում ամեն ինչ լավ կլինի, հաջորդ տարի 10%-ով բարձրացրին, հիմա էլ 30%-ով են ցանկանում բարձրացնել: Այսինքն, Բ.Ասատրյանի խոսքով, ՀԷՑ կառավարման մոդելը միայն սակագնի բարձրացման ուղղությամբ է աշխատում, իսկ արդյունավետ կառավարման, խնայողության մասին չեն մտածում: Նա նկատեց, որ համակարգի խնդիրը մյուս արտադրողները չեն, նրանց կողմից գնի բարձրացումը շատ չնիչին է եղել՝ 2 դրամ: Բ.Ասատրյանը վստահ է, որ իշխանությունը ՀԷՑ-ի հանդեպ և՛ սնանկացում պետք է կիրառի, և՛ սեփականատիրոջ փոփոխություն, բայց դա նախատեսված չէ:
Նրա կարծիքով՝ բանկային համակարգի նման խիստ վերահսկողության համակարգ էլ էներգետիկ համակարգում պետք է լինի և դա իշխանության բացթողումն է: Բ.Ասատրյանը նշեց, որ անհապաղ լուծումներ են պետք և անհրաժեշտ է ժամանակ՝ դրանք մշակելու համար, այդ թվում՝ սնանկ ճանաչելու հնարավորությունը, սեփականության իրավունքի փոփոխությունը:
«Ես միանշանակ կողմնակից եմ պահանջին, որ դրված է հրապարկում: Եթե դա չիրականացվի, հաջորդ տարի 10-20 դրամով թանկացման խնդիր է դրվելու: Պետք է կառավարությունը և սեփականատերը 5-6 ամիս բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն այս խնդիրը և ստեղծեն մոդելը, որ խնդիրները լուծեն: Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում»,- ասաց Բ.Ասատրյանը:
Ըստ նրա՝ սա Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից դրսևորովող վատ վերաբերմունքի արտահայտություն է: Նա տարօրինակ համարեց, որ ՌԴ ԱԳՆ-ն է արձագանքում ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին.
«Ի՞նչ կապ ունի ԱԳՆ-ն ՌԱՕ ԵԷՍ-ի հետ: Երբ խոսում է ԱԳՆ-ն, դա սարսափելի բան է, դա նշանակում է, որ ՀՀ-ն գաղութ է ՌԴ համար, ինչ ուզում՝ անում են: Սա փոքր երկրների բախտն է, որ ցանկացած տնտեսական շահից առաջ քաղաքական հարց է դրված»:
Նրա կարծիքով՝ այս պարագայում լուծումները լինելու են կամ վատ, կամ շատ վատ.
«Մեր խնդիրը պետք է լինի շանս տալ այս երիտասարդներին, ի վերջո այս խոււլիգանական արարքների գնահատականը ո՞վ է տալու, ո՞վ է առանց համազգեստի կարգադրել մտնել մարդկանց շարքերը, ո՞վ է նման հրաման տվել: Կամ տանում են նարկոկոնտռոլի: Սա նսեմացնելու համար է: Չի կարելի այդ երիտասարդների հետ այդ լեզվով խոսել: Ես հայտարարում եմ, որ պառլամենտում այս նարկոմանների տեսակարար կշիռը ավելի շատ է, քան այս երիտասարդների մեջ»:
Հարցին՝ ինչպե՞ս խնդիրը պետք է հանգուցալուծվի, Բ.Ասատրյանը պատասխանեց, որ սա բացառիկ հարցերից է, որ անքննարկելի իրական է պահանջը: Ըստ նրա՝ բանակցություները այս շարժումը պառակտելու միջոց են, բանակցություն՝ նշանակում է քաղաքական քայլ՝ պառլամետում երկու տեղ են տալու, կամ պաշտոն են տալու:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում վարչապետի հայտարարությունը, որ սակագինն իջեցնել չեն կարող, Բ.Ասատրյանը հարցով պատասխենց՝ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասեր վարչապետը, քանի որ սեփականտիրոջ դիրքոշումն այլ է, ՀՀ իշխանության դիրքորոշումը՝ այլ, բայց կա պետական մարմին, որ հաշվել է ու դա արդեն վճիռ է: Մեր հարցին, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, Բ.Ասատրյանը չկարողացավ միանշանակ պատասխանել. «Զարգացումները չեմ պատկերացնում:
Ամեն երեկո ես գնում եմ, անհանգիստ եմ գնում, այս իրավիճակն աննախադեպ է: Բաղրամյանում մեծ ընդվզում է եղել նախկինում, խորհրդարանի շենքը գրավեցին, բայց 10 ժամից ավելի փակ չի եղել այդ փողոցը: Հիմա արդեն երրորդ օրն է, փակ է: Անկեղծ՝ չեմ հասկանում ու անհանգիստ եմ: Իմ զավակներն էլ են այնտեղ, գիշերում են, իմ ուսանողները այնտեղ են»: