Հայաստանի կառավարությունը կարող է էլեկտրահարվել. բուլղարացի փորձագետ
Հայաստանում բողոքի ցույցերն ունեն սոցիալական արմատներ, ու ստեղծված իրավիճակը նման է բուլղարական սոցիալական բունտին, որը 2013թ. հանգեցրել էր կառավարության հրաժարականին, կարծում է փորձագետ Բոժիդար Բորիսվը:
REGNUM գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը կոռեկտ չէ անվանել «մայդան»:
Բորիսովը հիշեցրել է, որ 2013թ. ձմռանը, երբ միայն հունվարին Բուլղարիայում էլեկտրաէներգիայի սակագինը կրկնակի բարձրացավ, մարդիկ դուրս եկան փողոցներ՝ պահանջելով չեղյալ հայտարարել գների բարձրացման մասին որոշումը: Ակցիայի մասնակիցները պահանջել էին նաև կառավարության հրաժարականը: Այդ ժամանակ բախումների հետ ժամանակ տուժել էր ավելի քան 20 մարդ:
«Ես հասկանում եմ, որ խնդիրը նաև նրանում է, որ ի տարբերություն Բուլղարիայի, որտեղ էներգետիկ ընկերությունները երեքն են, Հայաստանում ընդամենը մեկն է: Հարկավոր է պարզել՝ արդյոք ընկերությունը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը»,-ասել է նա:
Բոժիդար Բորիսովը վստահ է, որ եթե խնդիրը չլուծվի հօգուտ բնակչության լայն շերտերի, ապա ցուցարարների թվում կառաջանան լիդերներ՝ կոնկրետ նպատակներով ու խնդիրներով, որոնք դուրս կգան սակագնային հարցի շրջանակից:
«Հարկավոր է դասեր քաղել պատմությունից, ոչ միշտ՝ սեփական փորձից, հակառակ դեպքում Հայաստանի կառավարությունը կէլեկտրահարվի»,-ընդգծել է նա: