Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին

Էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հնարավորություն չկա, սակայն սոցիալապես անապահով խավերին կհատկացվի փոխհատուցում: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա արտահերթ կարգով նիստի օրակարգում ներառեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու համար սոցիալապես անապահով խավին աջակցելու մասին նախագիծը: Ըստ Հ.Աբրահամյանի՝ հաշվարկները ցույց են տվել, որ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը միայն էլէներգիայի սպառման համար կկազմի մոտ 1400 դրամ:

Վարչապետի խոսքով՝ խորհրդակցել են ՀՀ նախագահի հետ և նախապատրաստել են որոշում, որով 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների նպաստի չափը կբարձրացվի տարեկան 24 հազար դրամով: Ըստ նրա, այդպիսով, հոսանքի թանկացման հետևանքը մեղմելու համար կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ:

Միաժամանակ վարչապետը հավաստիացրեց, որ կառավարության մտահոգության առարկան միայն սոցիալապես անապահով խավերը չեն, այլ բոլոր քաղաքացիները: Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն պետք է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահի և թույլ չտա սակագնի բարձրացման պատրվակով սպառողական շուկայում գների անհիմն բարձրացում. «Որևէ կառավարություն, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի թանկացում:

Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից: Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է Բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած՝ թալանով:

Ես չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են, բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչ չափերի չարաշահումներ կարող են լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:

Օրինակ՝ հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում ուսումնասիրում է ընկերության բոլոր գնումները և շուկայական գներից ցանկացած շեղում հայտնաբերելու դեպքում, կրճատում է այդ ծախսերը՝ թույլ չտալով, որ ընկերությունն այդ բեռը բարդի սպառողի ուսերին: Միայն 2007 թ-ից առ այսօր հանձնաժողովի կողմից այդ հիմքով չընդունված գումարը կազմել է ավելի քան 22 մլրդ դրամ կամ ընկերության կողմից կատարված ներդրումների 20 տոկոսը»,- ասաց վարչապետը:

Հ.Աբրահամյանը նշեց, որ վատ կառավարման արդյունքում թույլ տրված չարաշահումներից տուժել է ոչ թե սպառողը, այլ ընկերության սեփականատերը, որովհետև նվազել է նրա շահույթը, իսկ շահույթի նվազումը երբեք չի դրվել սակագնի հաշվարկման հիմքում: Խոսելով ՀԷՑ-ի վճարած անհիմն բարձր աշխատավարձների, վարձակալած ճոխ բնակարանների ու ավտոմեքենաների մասին, վարչապետը հայտարարեց, որ այս դեպքում հանձնաժողովը մշտապես կրճատել է բոլոր նման ծախսերը և դրանք սակագնում ներառված չեն, օրինակ՝ առանձնատների և բնկարանների վարձակալության գումարը սակագնում հաշվարկվել է 0 դրամով, իսկ մեքենաների վրա կատարված ծախսը՝ նվազել է 3 անգամ:
Հ.Աբրահամյանն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման օբյեկտիվ պատճառններին, նշելով, որ դրանք 3-ն են՝ սակավաջրությունը, Ատոմակայանի երկար կանգը և դոլար-դրամ փոխարժեքի տատնումը:

Ըստ նրա՝ որքան էլ անցանկալի լինի, համակարգն ունի վնանսեր, որոնք պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով.

«Ընդունված է, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված վնասները փոխհատուցում են սակագնի փոփոխության կամ պետական սուբսիդիայի միջոցով: Մենք հնարավոր չենք համարել համատարած սուբսիդիայի տարբերակը, համարելով, որ այն կարող է օգտագործվել միայն թիրախային սոցիալապես անապահով խմբերի համար»:

Հ,Աբրահամյանը նշեց, որ եթե այս օբյեկտիվ պատճառներով առաջացած վնասները չփոխհատուցվեն, ապա ընկերությունը չի վճարի արտադրող կայաններին, ինչը կհանգեցնի շղթայական ռեակցիայի և դա տնտեսության վրա անդառնալի հետևանքներ կունենա, մասնավորապես՝ անցյալում մնացած հովհարային անջատումները շատ արագ կդառնան մեր առօրյայի մաս: Նա պատասխանատվության կոչ արեց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս