Բաժիններ՝

«Կոնսերվատորիայում սովորելը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկ հաճույք է»

Այսօր հրավիրված ասուլիսում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն ու Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն անդրադարձան Կոնսերվատորիայի վերջին տարիների դիմելիության վիճակագրությանը, ինչպես նաև ժողովրդական նվագարանների բաժիններում առկա խնդիրներին, որոնք, ըստ ասուլիս հրավիրող կողմի ձևակերպման՝ վերացման կամ ձուլման վտանգի տակ են:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանին ի սկզբանե զարմացրեց նման ձևակերպումը, ըստ որի՝ ժողովրդական նվագարանների բաժիններում առկա խնդիրներն այնքան հրատապ են, որի արդյունքում դրանք վերացման կամ ձուլման վտանգիտակ են հայտնվել. «Ես չգիտեմ՝ որտեղից կամ ովքեր են տարածում այդ լուրերը, որոնք, ինչպես և Կոնսերվատորիայի շենքի վաճառքի մասին լուրերը՝ մտացածին են: Այդ բաժիններում դիմորդների քանակը երբեք շատ չի եղել, ինչը ունի իր օբեկտիվ բացատրությունը՝ եվրոպական շուկայում այդ գործիքների կիրառմամբ աշխատանք գտնելու հեռանկարը շատ քիչ է:

Դրանց, այսպես ասած, հետագա սպառումը, ենթադրվում է բացառապես Հայաստանի սահմաններում: Այսինքն՝ ի սկզբանե այդ բաժիններ դիմող ուսանողները մտածում են իրենց հետագա աշխատանքի մասին, ինչը ես չեմ ասի, օրինակ, դուդուկի վերաբերյալ:

Այս բաժնում դիմորդները միշտ շատ են եղել: Դա կապված է այդ գործիքի նկատմամբ աշխարհում եղած մեծ հետաքրքրության հետ»,- ասաց պարոն Շահինյանը:

Ռեկտորը հավելեց, որ 2015 թ. ընունելության քանակական պատկերը դեռևս առաջին փուլի տվյալներով գրանցել է 113 դիմորդ, թե նրանցից քանիսը կանցնի երկրորդ փուլի շեմը և կդառնա Կոնսերվատորիայի ուսանող՝ այս պահին դեռ պարզ չէ: Խոսելով բուհում ուսման համար սահմանված բարձր գների մասին, ռեկտորը նշեց, որ Կոնսերվատորիայում սովորելը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թանկ հաճույք է, որը պայմանավորված է անհատական ուսուցման համակարգով:

Այսինքն՝ բուհը տվյալ դեպքում ստիպված է պահել մոտավոր այնքան թվով դասախոս, որքան ուսանողների քանակն է: Այս պահի դրությամբ Երևանի Կոնսերվատորիայում, ըստ ռեկտորի տրամադրած տվյալների՝ աշխատում է մոտավոր հաշվարկով 560 դասախոս, ներառյալ վարչական աշխատողների թիվը, իսկ ուսանողները՝ 970 են:

Համեմատության կարգով ռեկտորը նշեց, որ օրինակ Բեռլինի, Ամստերդամի կամ Փարիզի Կոնսերվատորիաների պրոֆեսորադասախոսական կազմը չի գերազանցում 180 աշխատակիցը:

168.am-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առհասարակ բուհական համակարգում Կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ցածր աշխատավարձների չափը, պարոն Շահինյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, կա նման խնդիր, իսկ դրա պատճառները երկուսն են՝ ժամանակին ֆինանսական առումով սխալ հաշվարկման սիստեմ է գործել, երկրորդ պատճառն արդեն նշվեց՝ դասախոսների հսկայական քանակությունն է»:

Կոնսերվատորիայի անձնակազմի օպտիմալ քանակության հարցը, ռեկտորի պարզաբանմամբ, այս պահին էլ դեռ լուծված համարել չի կարելի, բայց փոխարենը վերջին մի քանի տարիների ընթացքում ունեն մի շարք ձեռքբերումներ, որնցից առավել կարևորը պատպատվերով սովորող ուսանողների քանակի ավելացումն է: Կոնսերվատորիան իր առջև խնդիր է դրել հնրավորինս աջակցել տաղանդավոր երաժիշտների ակադեմաիական կրթություն ապահովման հարցը:

Ասուլիսի հաջորդ բանախոսը՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն այն կարծիքին է, որ տաղանդավորները հիմնականում բացահայտվում են ուսումը ավարտելուց հետո: Պարոն Սաթյանը ողջունելի է համարում այն, որ այսօր Կոնսերվատորիան ավարտած հայ երաժիշտները շատ արագ ինտեգրվում են եվրոպական համապատասխան կառույցների մեջ, շարունակում են ուսումը եվրոպական հեղինակավոր բուհերի ասպիրանտուրաներում, դառնում են միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Բանախոսը, սակայն, մեծ խնդիր է տեսնում մեր երկրում երաժշտական ագենտների բացակա ինստիտուտի և դրա հետևանքների միջև: Նա հույս հայտնեց, որ վերջերս ֆրանսիական ՄԻԴԵՄ-ում հայ երաժիշտների ու Կոմպոզիտորների միության ձեռք բերած մի շարք գործնական պայմանավորվածությունների արդյունքում գուցե ինչ-որ չափով լրացվի այս բացը: Առհասարակ պարոն Սաթյանը կասկածի տակ չի դնում ո´չ տեղական երաժշտական դպրոցի բարձրակարգ ավանդույթները, ո´չ համաշխարհային մակարդակով հայ երաժիշտների հեղինակավոր համբավը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս