Ընդդիմությունը «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի առաջնորդում՝ Կրեմլին չբարկացնելու համա՞ր

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է՝ եթե զանգվածները դուրս են գալիս փողոց, ու չկան նրանց առաջնորդող քաղաքական կուսակցություններ, նշանակում է, որ այդ կուսակցություններին պետք չեն այդ ընտրազանգվածները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը, խոսելով այն մասին, թե ինչու քաղաքական կուսակցությունները չեն առաջնորդում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քաղաքացիական շարժումը, ասաց, թե կուսակցությունները հասկանում են, որ ընտրություններին իրենք ձայներ են շահելու ոչ ընտրազանգվածների շնորհիվ, այլ Կրեմլի:

«Պատճառն այն է, որ այս էլեկտրացանցերը ռուսական են, և դուրս գալ այդ էլեկտրացանցերի դեմ և նրանց արած հանցագործությունների դեմ, նշանակում է՝ դուրս գալ Ռուսաստանի դեմ: Այսօր քաղաքական կուսակցությունները շատ լավ հասկանում են, որ շուտով ընտրություններ են, և ԱԺ կազմը որոշելու են ոչ թե՝ ընտրողները, այլ դա որոշվելու է Կրեմլում: Դրա համար նրանք, Կրեմլին չբարկացնելու համար, խելոք սպասում են, թե արդյունքում ինչ կլինի»,- ասաց Ա. Ենոքյանը:

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, սակայն, մասամբ կիսում է Ա. Ենոքյանի կարծիքը, թե կուսակցությունները չեն միանում քաղաքացիական շարժմանը, որովհետև դրանում ռուսական քաղաքական բաղադրիչ կա:

Նա նկատեց, որ ՀԷՑ-ը սնանկ է և սնանկ է դարձել 2013 թվականին: Նրա խոսքով՝ դեռևս 2013 թվականին ձևավորվել է ֆինանսական իրավիճակ, որն ամփոփվել է 2014 թվականի փետրվարի 14-ին՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականից մի քանի շաբաթ առաջ, երբ հայտնի է դարձել, որ ՀԷՑ-ը սնանկ ընկերություն է:

Կարդացեք նաև

«Տեսանելի է, որ Հանրապետական կուսակցությունն այնպես է անում, որ պահի այդ սնանկ ընկերությունը: Տեսնում ենք, որ Շարմազանովը հայտարարում է, որ այդ փողը պետք է ժողովրդի գրպանից դուրս գա: Ձևավորվել է այն քաղաքական իրավիճակը, երբ իշխող կուսակցությունը գերադասում է ժողովրդից կորզել գումար՝ ռուսական ընկերությունը փրկելու համար: Այսինքն՝ մատուցվում են ծառայություններ Ռուսաստանին՝ ժողովրդի հաշվին»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական այս շարժումը նորություն չէ, քանի որ այդ պրոցեսները եղել են նաև 2013-14 թվականներին: Ըստ նրա՝ կուսակցությունները երբեք չեն եղել այդ գործընթացների մասնակից. «Նրանք ի սկզբանե իրազեկված են եղել այս իրավիճակին՝ դեռևս 2013 թվականին, և այն փաստը, որ ՀԷՑ-ը սնանկ է, ոչ մեկի համար նորություն չէ, դա հանրության համար է նորություն: Ոչ ոք չի ուզում հայտնվել քաղաքական մի իրավիճակի մեջ, երբ Սերժ Սարգսյանը կարողանա Կրեմլին ասել՝ «այ, տեսեք, սրանք խանգարում են», և այլն, որովհետև կուսակցությունների մեծամասնությունը փոխկապակցված շահեր ունեն Ռուսաստանի հետ կապված»:

 

Տեսանյութեր

Լրահոս