Պատգամավորները բողոքում են կառավարության՝ 24-ժամյա ռեժիմով խորհրդարան բերած թվով 25 նախագծերի դեմ
Այսօր ԱԺ արտահերթ նիստում բոլոր պատգամավորները բողոքեցին, որ ՀՀ կառավարությունը 24-ժամյա ռեժիմով խորհրդարան է բերել թվով 25 նախագիծ, որոնք մանրամասն քննարկման կարիք ունեն:
«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ամենակարևոր նախագծերը բերվում են արտահերթ նիստով: Նրա խոսքով՝ այս «պրեսինգն» անընդունելի է և իրենք պահանջում են հնարավորություն տալ ըստ պատշաճի ծանոթանալ նախագծերին:
«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ներկայացված նախագծերի շուրջ անգամ լսումների կարիք կա, օրինակ՝ պոչամբարների օրինագծի հետ կապված, քանի որ փորձ չունեցող ընկերությանը վստահվելու է բացել պոչամբարը և թունավոր նյոււթերով մշակել այդ թունավոր պոչերը ու նոր պոչանք առաջացնել:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինիասյանը դժգոհեց արտաքին պարտքի և ակցիզների մասին օրինագծերից. «Երկուսն էլ բացասական սպասումներ են ձևավորելու և բացասական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա: Դրանք լուրջ քննարկման կարիք ունեն»:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ հանձնաժողովը չի կարողացել այս փաթեթները քննարկել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորների տեսակետներն ի գիտություն կընդունեն և ցանկացած օրինագիծ քնարկելու ժամանակ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետը կարող է հայտնել, և կառավարութունն էլ կտեղեկանա նրանց տեսակետներին:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին դժգոհեց, որ թեև կառավարությունն արտահերթ նիստ գումարելու իրավունք ունի, բայց շարունակվում է հին կառավարության ավանդույթը՝ 25 նախագծեր մեկ նիստի ընթացքում ընդունում են և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ ընթերցմամբ: Ջհանգիրյանը նաև դժգոհեց, որ հիմա էլ ընդմիջումներն են կրճատել, հատկապես մեծ ընդմիջումը, որի ժամանակ գոնե պատգամավորները կարող էին ծանոթանալ նախագծերին. «Այս տեմպով ոչ մի նախագիծ չի կարող որակյալ քննարկվել ու ընդունվել: Սա անհնարին ռեժիմ է: Ծայրահեղությունների չպետք է հասցնենք»:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ իր հանձնաժողովում քիչ առաջ ավարտել են նիստը, այդ թվում՝ արտաքին պարտքի հարցն են քննարկել, և իր կարծիքով, որ կարող են հարցերը տեղափոխել լիագումար նիստ:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ հունիսի 12-ին կայացած լսումների ընթացքոմ շատ կարևոր ադյունքի հանգեցին՝ փաստացի ապացուցվեց, որ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու կարիք ընդհանրապես չկա. «Ընթացիկ բարձրացումով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը…»: Ն. Փաշինյանը չավարտեց խոսքը: Գ.Սահակյանը հայտարարեց, որ նման հարց օրակարգում չկա:
«Գուցե Ձեր օրակարգում նման հարց չկա, բայց ՀՀ քաղաքացիների օրակարգում դա առաջին տեղում է գտնվում»,- հակադարձեց Ն. Փաշինյանը:
Այնուամենայնիվ ԱԺ նախագահը կարգադրեց անջատել նրա խոսափողն ու թույլ չտվեց շարունակել:
Նիստերի դահլիճը լքող պատգամավորներին Գալուստ Սահակյանը դիմեց տերյանական խոսքերով՝ «հուշիկ քայլերով» դուրս գնացեք, ու նշեց, որ նախ պատգամավորները բողոքում են, թե նախագծերը քննարկելու ժամանակ չի եղել, ապա դեռ քվեարկությունը չավարտված հեռանում են նիստից: