«Քսան հոգին, որ կախաղան հանվեցին, իրենց արժեվորումը դեռ չեն գտել»
Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում մեկնարկել է Հնչակյան 20 գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովը:
Առաջին անգամ Հայաստանում գիտական մակարդակով քննարկվում է «Քսան կախաղաններ» անվանումը ստացած պատմական իրողությունը. 1915 թվականի հունիսի 15-ին Կոստանդնուպոլսի Բայազիտ հրապարակում Օսմանյան կայսրության ղեկավարների որոշմամբ կախաղան են հանվել Հնչակյան կուսակցության 20 ակտիվիստներ, որոնք, ըստ գիտաժողովի կազմակերպիչներից մեկի` Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ջերեջյանի, քաղաքական հեռատեսներ էին, կանխազգում էին հայ ժողովրդին սպասվող աղետը, գաղտնի գործողություններ էին նախատեսում, սակայն, մատնվելով և ձերբակալվելով 1914-ին, կախաղան հանվեցին մեկ տարի հետո, Պոլսում հայ մտավորականության ձերբակալությունից երկու ամիս անց:
Ինչպես 168.am-ին հայտնեց Եղիկ Ջերեջյանը, այն, որ ակադեմիական մակարդակով անդրադարձ է կատարվում «Քսան կախաղաններին», վկայում է այն մասին, որ հայ պատմագիտական միտքն արդեն շարժվում է տեղից, չնայած, ըստ մեր զրուցակցի, դեռևս շատ շուտ է ասել, թե հայ հասարակությունը մեծ հաշվով ծանոթ է հայոց պատմության կարևորագույն այս դեպքին, որը, ըստ մեր զրուցակցի, «անմահացրեց քսան հոգու, որոնք իրենց ժամանակաշրջանում փայլեցին աննախադեպ հերոսությամբ»:
ՍԴՀԿ-ն գիտաժողովով և տարբեր միջոցառումներով նպատակ ունի հայությանը ավելի մանրամասն ծանոթացնել կախաղան հանված հնչակյան գործիչների ձերբակալությանը, դատավարությանն ու կախաղանի որոշմանը, որը, ըստ Եղիկ Ջերեջյանի, ոչ միայն ՍԴՀԿ պատմության մեջ է կարևորագույն տեղ զբաղեցնում, այլև նրանց գործունեությամբ կարելի է ամբողջական պատկերացում կազմել մինչեղեռնյան շրջանի դեպքերի մասին:
«Դա մի շրջան է, որի մութ կողմերը մինչև այսօր անհայտ են հայ ժողովրդին` ինչո՞ւ տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, ի՞նչ էր նախորդել դրան, արդյո՞ք չկային քաղաքական գործիչներ, որոնք կարող էին կանխազգալ հայ ժողովրդին սպասվող արհավիրքը: Ինչո՞ւ Պոլսում հայ մտավորականությունը ձերբակալվեց ու սպանվեց, իսկ հնչակյան քաղաքական գործիչների ձերբակալությունից հետո երկար դատավարություն ընթացավ»,-ասում է Եղիկ Ջերեջյանը:
ՍԴՀԿ-ի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի և Սփյուռքի նախարարության կազմակերպած գիտաժողովին մասնակցում են պատմաբաններ, քաղաքական գործիչներ` Հայաստանից, Սփյուռքից և Թուրքիայից, իսկ այսօր երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ոգեկոչման արարողություն` նվիրված կախաղան հանված հնչակյան գործիչներին:
Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմաբան, քաղաքական գործիչ Եղիկ Ջերեջյանի հետ հարցազրույցի մանրամասները` «Քսան կախաղանների» մասին, կարդացեք «168 ժամ»-ի վաղվա համարում: