Մեր Երևանի գլխին միշտ էլ սարքել են, բայց այդ սարքողները հիմնականում մանր-մունր մարդիկ են եղել. Էդուարդ Զորիկյան
168.am-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը: Նրա հետ զրուցեցինք էլեկտրաէներգիայի սակագնի ապասվող թանկացումից, ստեղծագործողին հուզող խնդիրներից:
– Պարոն Զորիկյան, դուք Երևանին նվիրված բազմաթիվ երգերի հեղինակ եք: Ինչպիսի՞ն է այսօր Երևանը՝ ձեր աչքերով:
– Մեր Երևանի գլխին միշտ էլ սարքել են, բայց այդ սարքողները, հիմնականում, մանր-մունր մարդիկ են եղել, իսկ Երևանը Երևանն է: Երգերիցս մեկում ասում եմ. «Երևան, իմ սեր անհուն, իմ փոքրիկ աղավնատուն, տես չվել են, հեռացել աղավնիներդ, բայց գիտեմ ես, անպայման դեռ պիտի վերադառնան քո երկինքն ու քեզ լքած թևերը»:
– Ի՞նչ դիրորոշում ունեք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Արդյոք թանկացումն արդարացվա՞ծ է:
– Շատ զարմացա, երբ իմացա, որ հասարակական հնչեղություն ստացած այդ կարևորագույն հարցը պատրաստվում էին Աժ-ում քննարկել դռնփակ և առանց տեսախցիկների: Չգիտեմ, իրո՞ք այդպես արեցին, թե՞ ոչ, բայց ՀՀԿ խոսնակի կողմից նման բան հայտարարելն արդեն տարօրինակ էր: Ես էլ, ինչպես հասարակության մեծ մասը, պարտքի մեջ խրված եմ ու եթե ժամանակին չմարեմ պարտքս, համապատասխան մարմինները կգան և կբռնագրավեն գույքս: Ինչո՞ւ իշխանությունները նման կերպ չեն վարվում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության հետ:
– Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիա է կազմակերպվելու: Ի՞նչ եք կարծում, մարդիկ պատրա՞ստ են ավելի շատ վճարել էլեկտրաէնեգիայի համար, թե՞ կմիանան պայքարին:
– Իհարկե, պատրաստ չեն, և, իհարկե, բողոքի ալիք լինելու է: Բայց խնդիրը այդքան թանկանալ-չթանկանալը չէ, որքան մեր վարչական չինովնիկների կեցվածքը: Ինձ համար զարմանալի էր, երբ վարչապետը մինչև խորհրդարանական լսումները հայտարարեց, որ հոսանքը թանկանալու է՝ հեգնելով թե ԱԺ-ին, թե ժողովրդին: Մենք ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունելուց ի վեր մինչ օրս սպասում ենք, թե երբ պիտի Հայաստանն անկախանա: Հռչակագիրն ընդունվեց, բայց Հայաստանը, ցավոք, չանկախացավ:
-Ըստ ձեզ՝ ի՞նչն է պաշտոնյաների` հասարակական-սոցիալական խնդիրների նկատմամբ նման անտարբեր կեցվածքի պատճառը:
– Միշտ էլ թելադրում է ընտրողը կամ նշանակողը: Այն, որ նրանք ընտրված չեն՝ գաղտնիք չէ: Հետևաբար, նրանք կատարում են նշանակողի կամքը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքացիական խմբերին, որոնք փորձում են պայքարի այդ եղանակով հաջողությունների հասնել:
-Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև, ում համար Ազատությունը գերագույն արժեք է:
-Որպես ստեղծագործող` ի՞նչ խնդիրների են այսօր բախվում երգիչները, ազատ ստեղծագործողները:
– Ազատ ստեղծագործողի համար ոչ մի կաղապար չկա, բայց դրա համար դու պիտի իրոք ազատ ստեղծագործող լինես: Կաղապարը՝ պատվեր կատարողի համար է և պատվիրատուն է քեզ դնում կաղապարի մեջ: Մի խոսքով, կան ազատ ստեղծագործողներ, կան ճաղերի ետևում ստեղծագործողներ և կան կրկեսի արենայում ստեղծագործողներ: Իհարկե, հնարավոր է ազատ ստեղծագործել նաև կրկեսի արենայում, բայց համաձայնվիր, որ այդ շրջանակը մտքի թռիչքի համար բավականին նեղ է: Եթե ազատ ստեղծագործող ես` էլ ի՞նչ փակ դռների մասին է խոսքը: Երբ երգդ սիրվել է և երգվում է ժողովրդի կողմից, այդ մեծ դահլիճները այնքան փոքր են դառնում, որ նմանվում են վանդակների:
-Ասում են՝ հասարակությունը դարձել է անտարբեր, համամի՞տ եք այդ կարծիքին, թե՞ ավելի շատ հիասթափված է
– Մեր հասարակությու նը, ի տարբերություն մեր վարչակազմի, ազատ է և ինչ կուզի՝ կանի:
-Այսչափ մեծ ծավալի արտագաղթը ինչի՞ հետևանք է:
-Դ ա էլ է ազատության դրսևորում: Խորհրդային տարիներին, եթե նույսիսկ ուզեիր, չէիր կարող վանդակից դուրս գալ: Իհարկե, ցավալի է, որ արտագաղթում են երկրից, բայց երբ երկիրդ երկիր չէ` ուրիշ ի՞նչ պիտի անեն: Արտագաղթելն էլ է կեցվածք ու դիրքորոշում: Մարդիկ փնտրում են այն վայրը, ուր կա արդարություն, իրավական հավասարություն, և իզուր չէ, որ մերոնք դրսում միանգամից հարստանում են, կայանում են, լուծում` առաջին հայացքից անլուծելին: Սա է արտագաղթի պատճառը: Իհարկե, հետևանքն ահավոր է՝ երկիրը դատարկվում է: Մարդիկ ձգտում են արդարության, իրավական հավասարության, տնտեսական մրցակցության, այսինքն` այն ամենին, ինչն այսօր Հայաստանում չկա:
– Պարոն Զորիկյան ներկայումս կա՞ արդյոք որևէ քաղաքական ուժ, որին կարող եք հավատալ, որին կվստահեք:
– Ժամանակին` Աշոտ Նավասարդյանի օրոք, հենց ՀՀԿ-ի հետ էի հույսեր կապում: Ճիշտն ասած, այսօր վախենում եմ որևէ կուսակցության անունը տալ, բայց կարծում եմ, որ պիտի լինեն՝ ՄԱՐԴԻԿ:
ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Լուսանկարները Էդուարդ Զորիկյանի ֆեսբուքյան էջից: