«Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում պատահական մարդու հայտնվելը լավ հետևանքների չի բերի». Նազարեթ Կարոյան
Վաղը՝ հունիսի 12-ին, Ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա: Մշակույթի նախարարությունում տնօրենի պաշտոնի համար կմրցեն երեք հավանական թեկնածուներ, որոնց անունները, սակայն, գերատեսչությունը մինչև վաղը գաղտնի կպահի: Օրեր առաջ 168.am-ին հայտնի էին դարձել հավանական թեկնածուների անունները՝ Արման Ծատուրյան, Արթուր Ավագյան, Սաթենիկ Վարդանյան:
Մինչ երկրի խոշորագույն մշակութային հաստատություններից մեկի՝ Ազգային պատկերասրահի նոր տնօրենը հայտնի կդառնա՝ 168.am-ը հանդիպում նախաձեռնեց արվեստաբան, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի համահիմնադիր, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանի հետ՝ քննարկելու մի քանի հարցեր, որոնք անմիջական կապ ունեն ինչպես՝ վաղվա ընտրությունների ընթացքի հետ, այնպես էլ՝ արտացոլում են երկրի մշակութային կյանքի ընդհանուր նկարագիրը:
– Նազարեթ, վաղն Ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա, սակայն ովքե՞ր են հավակնում այդ պաշտոնին, պաշտոնապես հայտնի չէ: Մշակույթի նախարարությունը հետևողականորեն գաղտնի է պահում նրանց անունները: Հայտնի չէ նաև, թե ինչ հանձնաժողովի որոշմամբ է ընտրվելու նրանցից որևէ մեկը: Արվեստի օջախներում տնօրեններ նշանակելու միջազգային կարգ կամ պրակտիկա գոյություն ունի՞:
– Սովորաբար դա տեղի է ունենում համապատասխան ժամանակահատվածում համապատասխան հայտարարությունների միջոցով, այսինքն՝ պրոցեդուրայի մեջ առավել կարևոր ֆակտորը տեղեկատվության տարածումն է, ինչը թույլ է տալիս որակյալ առաջարկներ ստանալ պոտենցիալ թեկնածուներից: Տարբեր երկրներ տարբեր ավանդույթներ ունեն՝ կապված պրոցեդուրային հարցերի հետ, սակայն ակնհայտ է, որ, այսպես թե այնպես, թղթապանակները, առաջարկները պետք է դիտարկվեն կոմպետենտ հանձնաժողովի կողմից: Բնական է, որ դեմոկրատական պայմաններում ընտրությունները կարող են անցնել այս կամ այն թեկնածուների շուրջ բանավեճերի բռնկումներով, որովհետև յուրաքանչյուրն անցած որոշակի ճանապարհ ունի, այս կամ այն պաշտոնում իրեն դրսևորած որակներ: Թեկնածուների ընտրությունը համեմատության մեջ գնահատվում է մասնագետների շահառու շրջանակների կողմից:
Այնպես որ, այդ ընտրությունը տեղի պետք է ունենա իսկապես մի եղանակով, որը թույլ չի տա կարևոր մշակութային հաստատություններում պատահական առաջխաղացումների զարգացմանը, որովհետև այնպիսի կարևոր հաստատության, ինչպիսին Ազգային պատկերասրահն է, տնօրենի պաշտոնում պատահական մարդու հայտնվելը լավ հետևանքների չի բերի: Մեզ մոտ կա ձևավորված ուրիշ ավանդույթ. մշակութային դաշտը միակ ասպարեզն է, որտեղ խորհրդային շրջանից միչև այսօր ոչինչ չի փոխվել՝ թե´ պրոցեդուրաների, թե´ ընտրությունների իմաստով:
Ընտրությունները տեղի են ունենում վարչական ադմինիստրատիվ ճանապարհով, որը բնականաբար, ենթադրում է փակ ձևաչափ: Լավ կլիներ՝ սովետական ավանդույթների վերանայման նախադեպեր լինեին մշակութային դաշտում՝ մանավանդ այնպիսի դեպքերում, ինչպիսին կարևոր մշակութային օջախներում տնօրենների նշանակումն է:
Սակայն փոփոխություններ կարելի է ենթադրել միայն հստակ որոշումներ ու քաղաքական կամք դրսևորելու դեպքում: Ընդհանրապես նորություն չի, որ այս երկրում մշակույթը բարեփոխումների մեծ կարիք ունի ՝ սկսած ֆինանսավորման սխեմաներից, կառավարման ձևերից, վերջացրած բուն հաստատությունների վարած քաղաքականությունով:
– Հիմա ի՞նչ իրավիճակ ունենք Ազգային պատկերասրահի հետ կապված:
– Միանշանակ, ցավալի ու տխուր իրավիճակ, բայց թե ի՞նչ է հնարավոր անել՝ ես չգիտեմ: Օրինակ, ես տեղյակ չէի նույնիսկ, որ մրցույթ էր հայտարարված: Կարող էի ենթադրել, որ մրցույթի միջոցով է տեղի ունենալու ընտրությունը, ամիսներ առաջ լսել էի, որ նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը պաշտոնը թողել է, բայց ես չեմ տեղեկացվել՝ երբ է եղել համապատասխան պաշտոնական հայտարարություն թափուր պաշտոնի համար, չգիտեմ էլ՝ ո՞վ է կարդացել այդ մրցույթի մասին, և ընդհանրապես ո՞նց են իրազեկում այդպիսի մրցույթների մասին:
– Մշակույթի նախարարությունն իր պաշտոնական կայքում համապատասխան բովանդակությամբ հայտարարություն է տարածում:
– Էնպես չի, որ ես Միրզոյանի պաշտոնանկությունից հետո, ամեն օր, հետևողականորեն հետևել եմ այդ գերատեսչության կայքի բովանդակությանը:
– Չե՞ք կարծում, որ, օրինակ, Դուք՝ որպես արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի համահիմնադիր, կամ Ձեր կոլեգաները՝ դաշտում գործող առաջատար արվեստաբանները, պետք է որևէ կերպ մասնակցություն ունենան այդօրինակ կառույցներում ղեկավար պաշտոնների ընտրման պրոցեսներում՝ նախընտրական փուլերում կամ խորհրդատվական կարգով:
– Ցավալի է, բայց դա նույնպես ընդհանուր բարձիթողի իրավիճակի մի մասն է՝ այն, որ չկան մշտական գործող հարթակներ, որտեղ էքսպերտային հանրությունը կարծիք կհայտնի այս կամ այն խնդրի շուրջ: Սա նույնպես գալիս է վկայելու՝ մշակութային դաշտում՝ ընդհանրապես, և արվեստում՝ մասնավորապես, տիրող իրադարձությունների անհեթեթ լինելը: Իհարկե, ես վստահ եմ, որ նրանք, ովքեր իրենց թեկնածությունն առաջադրել են, Մշակույթի նախարարության կայքից չէ, որ տեղեկացվել են, որովհետև վստահ եմ՝ նրանք էլ ինձ նման ամեն օր չեն նստել հետևել, թե երբ և ինչ հայտարարություն է լինելու: Կարծում եմ՝ նրանց ինչ-որ մեկը գլխի է գցել:Այս իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան բարձիթողի վիճակում է մեր մշակույթը, որտեղ ընդհանրապես չկա տեսլական, չկան նորմալ հարաբերություններ:
– Չե՞ք կարծում, որ դա շատ բարենպաստ միջավայր է հենց Մշակույթի նախարարության համար՝ հարմարեցված իրենց գործելաոճին՝ անելու այն, ինչ իրենք են ուզում, դաշտը վերահսկել այնքանով, որքանով իրենց է պետք:
– Իրականում այդպես էլ կա, ու դրա պատճառները բազմաթիվ են: Կարևոր պատճառներից մեկը հանրային իշխանությունների, տվյալ դեպքում՝ Մշակույթի նախարարության և շահառուների՝ արվեստի գործիչների միջև կապերի, հարաբերությունների բացակայությունն է : Տպավորություն է, թե ադմինիստրացիան, Կառավարությունը, նախարարությունները գործում են իրենք իրենց համար: Այսինքն՝ իրենք իրենց միջից են հանում մտածելու, ծրագիր ստեղծելու ռեսուրսները փնտրելու և իրականացնելու մեխանիզմները, իսկ Մշակույթի նախարարությունից դուրս մղված դաշտն այս ամենին մասնակցում է այնքանով, որքանով կարող է որոշակի միջոցառումների վրա հիմնված ծրագրերի մասնակցել, որը ցույց է տալիս դաշտի ընդամենը միջոցառումային բնույթը:
Կապը ձևական առումով կա մի քանի միջազգային հեղինակություն ձեռք բերած փառատոների հետ միայն, որոնց կողքին նախարարությունը սիրով դնում է իր անունը:
– Դուք երբևէ որևէ ծրագրով դիմե՞լ եք Մշակույթի նախարարությանը:
– Այո, բազմիցս, երբ դեռ Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի տնօրեն էի: Եթե մի դեպքը չհաշվենք, որ իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ապա մնացած բոլոր դեպքերում նախարարությունը հետաքրքրված չի եղել մեզնով՝ կամ մերժել է, կամ, լավագույն դեպքում, համակարգի զարգացմանը նպաստող մի քանի նախագիծ մնացել է այդ նախարարության չգիտեմ որ վարչության պահարանների դարակներին:
– Պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած երեք թեկնածուներին ճանաչո՞ւմ եք:
– Իբրև արվեստաբան՝ նրանցից որևէ մեկի անունն ինձ ծանոթ չէ, գուցե չեմ հանդիպել, կամ չեմ կարդացել, չգիտեմ նույնիսկ՝ ինչ են գրում, եթե գրում են: Լսել եմ միայն Արման Ծատուրյանի անունը՝ որպես վարչարար՝ Կամերային երաժշտության կենտրոնի տնօրեն:
– Քանի որ, որպես առավել հավանական նոր տնօրեն՝ մամուլում շրջանառվում է Արման Ծատուրյանի անունը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ճակատագրի կարժանանա Ազգային պատկերասրահը նրա տնօրինության արդյունքում:
– Լավագույն դեպքում՝ ոչ մի բան տեղի չի ունենա ո՛չ բովանդակության, ո՛չ գործունեության կամ կառավարման տեսանկյունից, ո՛չ հավաքածուի հարստացման իմաստով, ո՛չ էլ նոր գիտական հետազոտությունների կամ միջազգային կապեր ստեղծելու կամ այդ կապերն ընդլայնելու իմաստով:
– Ինչո՞ւ եք այդպես կարծում:
– Որովհետև նմանօրինակ պատասխանատու պաշտոններին նշանակվում են մարդիկ, ովքեր հարուստ փորձ, անցած ճանապարհ ու միջազգային համբավ ունեն: Ես վստահ չեմ, որ, օրինակ, Ծատուրյանն այդպիսի զորավոր համբավ ունի: Լավագույն դեպքում, տեխնիկական իմաստով, գուցե, նորացումներ լինեն: Երիտասարդ է, գուցե տեխնիկապես վերազինի Պատկերասրահը, բայց…
– Ցավով եք խոսում, պարոն Կարոյան…
– Ցավը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել, որոշակի հեղինակություն ունեն, փորձագետներ են դաշտում, իրենց խոսքը որևէ քաշ չունի:
– Ինչո՞ւ:
– Արժեքային համակարգն է փոխվել:
– Իսկ ի՞նչն է հիմա համարվում արժեքավոր:
– Արժեքավոր է՝ բարեհաջող կերպով տեղավորվել իշխանության շարժվող մեքենայի մեջ: Սա երիտասարդ սերնդին է վերաբերում, իսկ նրանք այդպիսին դարձան ավագ սերնդի իշխանական դասի ցուցաբերած քաղաքական կարճատեսության կամ անձնական ագահության պատճառով: Երիտասարդները տեսան, որ արագ հաջողության հասնելու ճանապարհը միայն այդ ճանապարհն է, ու սկսեցին խցկվել այդ մեքենայի մեջ:
– Ո՞ւր է տանում այդ մեքենան:
– Ոչ մի տեղ: Խելագարները մարտադաշտում մնում են միայնակ զինվորի կարգավիճակով, իսկ պրագմատիկները հեռանում են արվեստի դաշտից: Կերպարվեստի մասին եմ խոսում, իսկ ընդհանուր առմամբ վիճակը տիպիկ բնորոշում է նաև մշակութային դաշտին: