Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է ամենաբարձր քաղաքական օղակներով. ՆԱՏՕ-ի պաշտոնյա
«ՀՀ-ՆԱՏO համագործակցությունն արժեքավոր է»,- այսօր «ՆԱՏՕ-Հայաստան. հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը` ներկայացնելով Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական օրակարգը: Նա տեղեկացրեց, որ ՆԱՏՕ-ն արդեն պատրաստվում է Վարշավայում մեկուկես տարի անց կայանալիք գագաթաժողովին:
Ըստ նրա` աշխարհը ներկայումս լարված է, ու չի բացառվում, որ մյուս տարվա կեսերին Վարշավալում կայանալիք գագաթաժողովի ժամանակ իրավիճակն աշխարհում շատ ավելի լարված լինի: Դոկտոր Նեուսի խոսքով` ուկրաինական ճգնաժամի և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պայմաններում կայուն եվրոպական հարևանության համար երկար ժամանակ է պետք:
Նրա համոզմամբ` համերաշխության կարիքն ակնհայտ է, սակայն դրան ձեռնոց է նետվել արտաքին սուբյեկտների կողմից: «Նախագահ Պուտինի նպտակներից մեկն է՝ թուլացնել ՆԱՏՕ-ն, մինչ այս պահը մեծ հաջողություն չկա այդ ոլորտում, պատժամիջոցների միջոցով մենք ջանացել ենք բարձրացնել մեր անվտանգությունը: Ուելսում միասնականորեն քննարկեցինք, որ մարտահրավերներ են ծառացած մեր առջև, բայց հասկացանք նաև, որ Արևելքից և Հարավից եկող անվտանգության սպառնալիքի կարևորության ընկալումը տարբեր է` տարբեր երկրների դեպքում, այսինքն` այս պահին դիրքորոշումների համաձայնեցումը մեր ամենաառաջին մարտահրավերն է:
ՆԱՏՕ-ն գործառնական նշանակություն պետք ունենա բոլոր թատերաբեմերում: Մենք չպետք է քննարկենք, թե որ սպառնալիքն է առավել հրատապ, քանի որ երկուսն էլ հրատապ և լուրջ են` որպես մարտահրավեր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ շքեղություն` մտածել, թե այդ երկուսից որն է հրատապ: Զուգահեռաբար պետք է գործել:
ՌԴ-ն Ուկրաինայում ՆԱՏO-ի համար ևս սպառնալիք, վտանգավոր սուբյեկտ է, ՆԱՏՕ-ի օրակարգում դա նշանակալի տեղ է զբաղեցնում, հատկապես, երբ այդ սպառնալիքը մեր սահմանների մոտ է: Ուկրաինական ճգնաժամը դեռ կշարունակվի, քանի որ Ռուսաստանի նպատակը ոչ թե վերահսկողությունն է Դոնբասի, այլ Կիևի նկատմամբ: Ընդհանուր պատկերի միայն մեկ մասն է այս ճգնաժամը»,- նշեց ՆԱՏՕ-ի դիվանագետը` շարունակելով, որ ՌԴ-ն որոշել է ուժի սպառնալիք գործադրելով՝ հասնել իր ռազմավարական նպատակներին:
Իսկ այդ մարտավարությունը, դոկտոր Նեուսի համոզմամբ, սպառնալիք է բոլոր երկրների համար: «Եթե գործողությունները սասանում են իրավունքահեն համակարգը, մենք չենք կրող նայել և անտարբեր մնալ: ՆԱՏՕ-ն հաստատակամ է, մենք մեր բոլոր դաշնակիցներին պաշտպանելու ենք վտանգից: Պետք է պաշտպանվենք նաև հիբրիդային պատերազմից և հարձակումներից»,- նկատեց Նեուսը: Վերջինիս փոխանցմամբ, այս մարտահրավերներն են լինելու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի օրակարգում: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Ուկրաինան ավելի ուժեղ և դիմադրունակ լինի:
«Ուելսում պայմանավորվածություն ձեռք բերվեց հավատարմագրային ֆոնդերի ստեղծման մասին՝ հրամանատարային հսկողության, թիկունքի ծառայությունների, բանակային բուժծառայությունների համար, ունենք խորհրդատուներ, որոնք Ուկրաինայի ՊՆ-ի հետ են աշխատում, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գրասենյակն ուժեղացրել ենք, համալրել նոր, ավելի պատրաստված կադրերով»,- տեղեկացրեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Վերջինս նաև ասաց, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է շարունակել իր հանձնառությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Հավատարիմ ենք ՀՀ-ի հետ համագործակցությանը: ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկերն է ՀՀ-ն՝ ամենաբարձր քաղաքական օղակներում, բարձր ենք գնահատում Աֆղանստանում, Կոսովոյում հայաստանյան ուժերի առաքելությունը, հայ զինվորների արհեստավարժությամբ կարող եք հպարտանալ: Հայ կադրերն արժեքավոր վերապատրաստում են ստացել Ձեր իսկ խաղաղապահ կարողությունները զարգացնելու նպատակով: Բարեփոխումների թեմայով ևս երկխոսության մեջ ենք: ՆԱՏՕ-ն կաջակցի այս հարցում ևս»,- ասաց Գերլինդա Նեուսը: