Գուրգեն Եղիազարյանը՝ Բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների դեպքերի մասին. «Մատուցե՞լ ենք այդ այլանդակությունները պատանուն, նա կվերադարձնի դրանք Բանակում»
Այսօր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:
Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
168.am-ը քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ինքնասպանություն որակվող դեպքերը, ըստ նրա ՝շատացե՞լ են բանակում ինքնասպանության դեպքերը, դրանց լուսաբանո՞ւմն է ակտիվացել, թե՞ սպանությունները որպես ինքնասպանություն են ներկայացվում: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ իմանալով բանակում տիրող իրավիճակը՝ պետք է ցանկացած ինքնասպանություն բազմակողմանի հետաքննվի, հակառակ դեպքում չենք կարող ձերբազատվել նման դեպքերից. «Դրանք ուղղակի պետք է տաքացրած երկաթով խարանվի և հանվի բանակի միջից: Կարծում եմ՝ ցանկացած ինքնասպանության դեպքում պետք է կասկածենք, որ սպանություն էր»:
Հարցին՝ հնարավոր չե՞ք համարում, որ այնպիսի իրավիճակ է այսօր բանակում, որ զինվորների նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրում ու դրդում ինքնասպանության, Գ. Եղիազարյանն այսպես պատասխանեց.
«Բնական է, ավելի շատ հակված եմ նրան, որ դրդում են ինքնասպանության: Իսկ թե որո՞նք են պատճառները, պատճառները մի քանիսն են: Առաջինը, ես համարում եմ՝ այն է, որ մենք լրջագույնս պետականորեն պետք է վերանայենք, թե ինչ բան է հայրենասիրությունը, ինչպես է հայրենասիրությունը մատուցվում պատանուն, ինչ որակներով: Այդ անորակ սերիալներով, գողականը բարձրացնելով, գովաբանելով՝ մենք նման արդյունք ենք ստանում, ու այդ պատանին դառնում է անհանդուրժող, տարվում է այդ երևակայական «քաջությամբ», որովհետև այդ գողական կոչվածը երբեք ասպետություն չէ: Այնպես որ, պետք է վերանայենք մեր գրականությունը, թատրոնը, կինոն, պոետները պետք է լրջագույնս զբաղվեն հայրենասիրական բանաստեղծություններ գրելով, և պետք է դա մատուցվի ժողովրդին: Դա ես առաջնահերթ եմ համարում»:
Գ. Եղիազարյանը երկրորդ կարևորագույն խնդիրը համարում է այն, որ լրջագույն օղակներում նմանատիպ դեպքերը կապում են «չարաճճիության» հետ, բայց, ըստ նրա՝ դա «չարաճճիություն» չէ, դա ուղղակի «հանցագործություն» է. «Մենք ինչ տվել ենք պատանուն, այն էլ նա բանակում մեզ հետ է վերադարձնում՝ առանց մտածելու, առանց ուղեղներիս զարկ տալու՝ գիշեր ու զօր մատուցե՞լ ենք այդ այլանդակությունները, նա կվերադարձնի դրանք»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ բանակում անգամ շատ ավելի լուրջ է, քան բանտերում: Նրա խոսքով՝ բանակում գողական բարքեր են տիրում. «Այդ գողական լեքսիկոնը մինչև հիմա հանված չէ բանակից, էլի հանցագործ աշխարհի բարբառ են օգտագործում»:
Խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է կանգնեցնել այս ամեն ինչը և ինչ ժամկետներում, Գ. Եղիազարյանն ասաց, որ դա կարելի է անել մի քանի ամսվա ընթացքում. «Սպանությունները, «ինքնասպանությունները» կարելի է կրճատել մի քանի ամսում կիսով չափ, իսկ մի քանի տարում լրջագույն արդյունքի կարելի է հասնել, որ ամեն օր, ամեն շաբաթ դրա մասին թերթում չկարդանք, ու ամեն շաբաթ ողբացող ծնող չունենանք: Խաղաղ պայմաններում որդեկորույս մայրերն իրենց ողջ կյանքում անպատված են զգում՝ ցավի հետ մեկտեղ, և տեսեք, այդ մայրերը, որոնք արդարություն են պահանջում, մինչև օրս կանգնած են իրավապահ մարմինների դռներին ու այդպես էլ արդարության չեն հասնում»:
Ըստ մեր զրուցակցի՝ առաջին հերթին՝ պետք է լրջագույն հետախուզական միջոցառումների ողջ շղթա անցկացնել և բանակում վերականգնել հատուկ բաժինները, որոնք ուղիղ կզբաղվեն բանակայինների շրջանում օպերատիվ գործունեությամբ, և նախապես կիմանանք, թե ինչով են շնչում ներսում, ինչ է կատարվում ծխարաններում, և ինչպես են դավեր նյութում գրագետ զինծառայողների նկատմամբ գիշերը. «Հենց այդ տիրող վարքերի շուրջ ինֆորմացիային տիրապետեն, հավատացնում եմ ձեզ, «ինքնասպանությունները», չեմ կարող ասել՝ ընդհանրապես արմատախիլ կարվեն, բայց մենք կստանանք այլ պատկեր»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ չե՞ն արվում այդ կանխարգելիչ միջոցառումները նման դեպքերից խուսափելու համար, և ինչո՞ւ չեն արվում, Գ. Եղիազարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, որ ընդհանրապես չեն արվում, եթե այդ միջոցառումներն արդյունք չեն տալիս, ուրեմն՝ պետք է վերանայեն իրենց մոտեցումները: