«Ժառանգության» հայտարարությունը հալեպահայության օրհասական վիճակի առնչությամբ
1896-1923թթ. Ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը կանգնած է մի նոր լրջագույն մարտահրավերի առջեւ: Սիրիայում արյունալի իրադարձությունների հետեւանքով այդ երկրի հայ համայնքի գերակշիռ մեծամասնությունն արդեն լքել է ռազմական գործողությունների գոտին: Սակայն ISIS իսլամ ծայրահեղական ռազմականացված կազմակերպության գործողությունների արդյունքում Սիրիայում դեռ մնացող շուրջ 20 հազար հայերին եւ հատկապես՝ Հալեպում կենտրոնացած շուրջ 13 հազար մարդու գլխավերեւում կախված է լիակատար բնաջնջման վտանգը: Նույնը սպառնում է նաեւ մյուս քրիստոնյա եւ եզդի փոքրամասնությանը:
Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ՀՀ իշխանություններն անկարող ու անպատրաստ եղան ապահովելու Սիրիայի հայ համայնքի համակարգված եւ կազմակերպված տարհանումը Հայաստան, այդ թվում՝ Արցախ: Մինչդեռ հայ ժողովուրդը, ի տարբերություն 20-րդ դարասկզբի ցեղասպանության տարիների, արդեն ունի իր անկախ պետականությունը, որի ուղղակի պարտականությունն է ապահովել, որպեսզի այլեւս երբեք հայ ժողովրդի ցեղասպանություն տեղի չունենա:
Ավելին՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ պետք է յուրահատուկ առաքելություն ստանձնի միջազգային ասպարեզում՝ պայքարելու նաեւ ցանկացած այլ ժողովրդի, էթնիկ կամ կրոնական խմբի դեմ նորանոր ցեղասպանությունների կանխման համար:
Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը տարածաշրջանում քաղաքական եւ կրոնական խնդիրները՝ նորանոր ցեղասպանությունների, էթնիկ զտումների եւ արտաքսումների միջոցով «լուծելու» պատճառներից մեկն է: Իսկ մարդատյաց այս մարտավարության կրողների եւ նրանց հովանավորների գործողությունները սպառնում են կայունությանը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում:
Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է լցված Սիրիայի արաբ ժողովրդի հանդեպ՝ նախորդ դարասկզբին թուրքական յաթաղանից մազապուրծ հազարավոր հայերին ապաստան տալու համար: Սակայն այսօր թե՛ հալեպահայությունը եւ թե՛ ինքը՝ Սիրիայի արաբ ժողովուրդը, կարիք ունեն այնպիսի լուծումների, որոնք կբացառեն խաղաղ բնակչությանը՝ որպես ահաբեկիչների դեմ կենդանի պատվար, օգտագործելու մարտավարությունը:
«Ժառանգությունը» Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանություններից եւ համահայկական կառույցներից պահանջում է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ:
Մենք նաեւ կոչ ենք անում շահագրգիռ ուժերին՝ քաղաքական կուսակցություններից մինչեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հնարավորինս սեղմ ժամկետներում հավաքվել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել սիրիահայությանը պատուհասած օրհասական իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը:
«Ժառանգություն» կուսակցություն
11 հունիսի 2015
Երեւան