«Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ». Գալուստ Սահակյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորների ու Թևան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրինագիծն այսօր էլ հանգիստ չտվեց պատգամավորներին: Երեկ օրինագծի քննարկումների ժամանակ կրքերի թեժացումը շարունակվեց այսօր:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ, քանի որ որոշակի առաջընթաց կա նախկին օրենքի համեմատ: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կրկին հայտարարեց, որ ID քարտերով ընտրություններ են եղել ամենուր:

Նա կոչ արեց գործընկերներին ուշադիր լսել, հետո անցնել կոռեկտության սահմանները: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, թե քանի որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի օր է, իսկ մինչ օրս «առ սիրով էպիստոլյար ժանրը», որ նամակներ են գրվում, հետո ընթերցվում, նամակագիրն իր հիացմունքն է հայտնում կառավարությանը՝ իր վերաբերմունքի համար, ինքը ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել հարց ուղղել.

«Հորդորում եմ Ձեզ, եթե հնարավոր է, խնդրեք, որ այդ մարդիկ, Աստված տվել չի խնայել՝ բոլորը հեռուստաընկերություններ ունեն, բացեք հաղորդաշար «Խրճիթ» ընթերցասրահ, տարեք ձեր նամակները կարդացեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ID քարտերով ընտրությունը հանցագործություն չէ ու հավելեց, որ 2/5 հարաբերակցությամբ է հարց տրվել և հիմնականում ընդդիմադիրներն են գրավոր հարցեր ուղղում ու կարդում:
Հ.Բիշարյանը փորձեց պաշտպանել կուսակիցներին, քանի որ հիմնականում ՕԵԿ-ականներն են գրավոր հարցեր ուղղում ու կարդում, հայտաարեց, որ 131 պատգամավոր ընտրվել են ժողովրդի կողմից և պետք է աշխատեն ու կոչ արեց պիտակավորումներ չկպցնել.

«Եթե նման ոճով պետք է խոսեն, դահլիճից դուրս տեղ կա, կարող են չափվել ով՝ ինչ կարող է իրար ասել»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց հերոսացման փորձերը դադարեցնել, բայց խոսքը տալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, հայտարարեց՝ «հերոսացումը շարունակվում է»:

«Դե, ձեզնից էն կողմ էլ ինչ հերոս»,- հակադարձեց Զուրաբյանն ու արձանագրեց, որ 4 խմբակցությունների կողմից առաջարկների չընդունումը նշանակում է, որ Հայաստանում կկայանա ևս մի հակաժողովրդական հանրաքվե, որ այսօրվանից կարելի է ոչ լեգիտիմ համարել, բայց իրենք ամեն ինչ կանեն, որ այն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերածեն:

Օրինագծի համահեղինակ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ քննարկել են ներկայացված բոլոր 13 առաջարկությունները, որից 8-ն ընդունվել է, 5-ը պետք է քննարկել ընտրական օրենսգրքի շրջանակներում:

Գ.Սահակյանը փորձեց հանդարտեցնել դահլիճում առաջացած աղմուկը՝ «պատերազմը դադարեցրեք»: Ըստ նրա՝ միշտ ընդդիմություն-իշխանությունն են կռվել, իսկ այսօր ընդդիմությունն իրար հետ է կռվում. «Մեզ հետ կռվեք, գործ չունեք իրար հետ»:

Ի վերջո, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին 74 կողմ, 11 դեմ և 20 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ օրինագիծը նախատեսում է հավասար հնարավորություններ տրամադրել հանրաքվեի դրված հարցերին դեմ և կողմ քվեարկելու քարոզչության համար։ Հաշվի առնելով, որ համաժողովրդական հանրաքվե է հայտարարում իշխանությունը, ապա ցանկացած շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժ հակաքարոզչության հնարավորություն պետք է ունենա։

Տեսանյութեր

Լրահոս