Անի Բոշյանի գործով դիմում-բողոք է ներկայացվել առաջին ատյանի դատարան
Անի Բոշյանի ներկայացուցիչներ՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը, 2015թ.-ի հունիսի 3-ին դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով: Անի Բոշյանը և նրա հայր՝ Հակոբ Բոշյանը տուժել են ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցների ապօրինություններից:
Ոստիկանության աշխատակիցները Անի Բոշյանին անօրինական կերպով զրկել են ազատությունից, նրա նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել արժանապատվությունը, նրան համոզել են ու ցուցմունքներ կորզել, որի արդյունքում Անի Բոշյանը ինքնասպանության փորձ է կատարել: Անի Բոշյանի հորը՝ Հակոբ Բոշյանին, ոստիկանության աշխատակիցները հայհոյել են և սպառնացել ծեծել և ապօրինի պահել են ոստիկանությունում: Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը 2014 թվականի նոյեմբերի 26-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն քաղաքացի Անի Բոշյանի և նրա հոր՝ Հակոբ Բոշյանի իրավունքների խախտման փաստի հիման վրա:
2014թ. դեկտեմբերի 12-ին Անի Բոշյանի դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, մինչդեռ ոչ պատշաճ կերպով նախաքննություն վարելուց հետո ՀՀ ՀՔԾ-ն որոշում է կայացրել ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծանր հետևանք պատճառելու և ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքերով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով և վարույթը կարճել: Գործի շրջանակներում ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունենալով ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ Բոշյանների ցուցմունքները, անհասկանալի պատճառներով, հիմնավոր է համարել ոստիկանների տված ցուցմունքները և անհիմն՝ Բոշյանների տված ցուցմունքները:
ՀՔԾ-ն, ոչ լիարժեք նախաքննություն վարելով, որոշել է, որ ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից Անի Բոշյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, նրա արժանապատվությունը նսեմացնելու, նրան համոզելու և ցուցմունքներ կորզելու հանգամանքները հիմնավորող միակ ապացույցը շահագրգռված կողմի՝ Անի Բոշյանի ցուցմունքն է: Այնինչ գործի նախաքննության փուլում նախաքննություն վարող մարմինը չի նշանակել համապատասխան հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություններ՝ պարզելու համար, թե Անի Բոշյանի մոտ իսկապես կան վախի, տագնապի կամ թերարժեքության զգացում:
Արդյունքում՝ ՀՔԾ-ն, իր սխալ համոզմամբ, վերլուծելով ու գնահատելով այլ փաստական տվյալներ՝ արձանագրել է, որ քննության արդյունքում ի հայտ չեն եկել այնպիսի հիմնավոր փաստեր ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու առթիվ, ինչպիսիք անհրաժեշտ են քրեական գործ հարուցելու համար: ՀՔԾ-ն չի անդրադարձել այն հանգամանքին, որ Անի Բոշյանը 2014թ.-ի նեյոմբերի 11-ին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 18:00-ին և այնտեղից դուրս է եկել միայն գիշերը ժամը 03:00-ին:
Մինչեռ, ըստ օրենքի՝ գիշերային ժամերին չի թույլատրվում քննչական գործողություններ իրականացնել և միայն խիստ անհրաժեշտության դեպքերում կարող են իրականացնել: Իսկ թե արդյոք նման անհրաժեշտության կար այս դեպքում, ՀՔԾ-ն նույնպես չի անդրադարձել: Կամ այն, որ Անի Բոշյանը 2015թ.-ի նոյեմբերի 18-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ժամը 18:00-ին և նրան հարցաքննել են մինչև 23:30-ը ևս անօրինական է, հարցաքննության համար օրենքով սահմանված է ոչ ավել քան 4 ժամ: Անդրադառնալով Հակոբ Բոշյանին ոստիկանությունում ապօրինի պահելու հանգամանքին, ՀՔԾ-ն այն ևս գնահատել է անհիմն, պատճառաբանելով, որ ոստիկանների ցուցմունքներից պարզ է դարձել, որ Հակոբ Բոշյանը ոստիկանության բաժնում մնացել է իր կամքով, համեմատելով ոստիկանությունը ժամանցի վայրի հետ, ուր քաղաքացիները գնում են և որքան ուզում մնում են:
Նախաքննություն իրականցնող մարմինը, նախաքննության շրջանակներում թերանալով, չի հարցաքննել Բոշյանների տանը խուզարկության ժամանակ ներկա գտնված ընթերականերին, որոնք կարող էին ցուցմունք տալ Անի Բոշյանին ոստիկանություն տանելու մանրամասների վերաբերյալ: ՀՔԾ-ն գործի նախաքննության փուլում չի առգրավել և վերծանել Վանաձոր քաղաքի Տարոնի բաժանմունքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնք կարող էին հիմնավորել տուժածների ցուցմունքների որոշ հանգամանքներ:
Հիմնվելով այս և մի շարք այլ հանգամանքների վրա՝ Անի Բոշյանի ներկայացուցիչներ՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով դիմում բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ով որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Այնուհետև Անի Բոշյանի ներկայացուցիչները, վերոնշյալ մի շարք հիմնավորումներով հերթական դիմում-բողոքն են ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ