«Սերը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում…». Վահրամ Մարտիրոսյան
Հունիսի 11-ին, ժամը 17:30-ին «Վերնիսաժ» սրճարանում կկայանա գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի նոր՝ «Սերը Մոսկվայում» գրքի շնորհանդեսը: Վեպն առանձնահատուկ է ոչ միայն ժանրային նորամուծությամբ, որովհետև, ըստ էության, առաջին սիրավեպերից է հայ գրականության պատմության մեջ, այլ նաև երկար տարիների աշխատանք է: Հեղինակը պատմում է Երևանից Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած հայ երիտասարդի դրամատիկ սիրային պատմության մասին, որտեղ հերոսը փորձում է կոտրել կարծրատիպերը, սիրում ու երջանիկ է, մինչև այն պահը, երբ ներս է թափանցում իրականությունը…
Շնորհանդեսին ընդառաջ՝ 168.am-ը զրուցել է սիրավեպի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանի հետ.
– Պարոն Մարտիրոսյան, որքանով տեղյակ եմ՝ սա Ձեր առաջին գործն է սիրավեպի ժանրում:
– Այո։ Ըստ գրքի ծանոթագրության՝ «Կարող է զարմանալի թվալ, բայց… հայ արձակում սիրավեպեր չկան: Կամ այնքան հազվադեպ են, որ դժվար է միանգամից հիշել: Վահրամ Մարտիրոսյանի նոր վեպի վերնագրի հեգնական երանգը հուշում է՝ սերը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է։ Վեպի հերոսները սիրահարվում են իրար և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը, երեկ՝ աշխարհակալ-միաձույլ, այսօր՝ ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը»:
– «Սերը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում…» Ինչո՞ւ, Մոսկվան սիրելուն չի՞ տրամադրում:
– Դա պետք է որ հայտնի լինի դեռ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմից։ Բայց սովետական տարիների համեմատ՝ կյանքը շատ ավելի բարդ, զբաղված, նույնիսկ վտանգավոր է դարձել Մոսկվայում։
– Սիրավեպի գաղափարը մեր օրերում ավելի շատ ժամանակի պահա՞նջ է, ընթերցող գրավելու, գրքին մոտեցնելու քա՞յլ, թե՞ Ձեր՝ որպես գրողի, այս պահի ամենահարմար ձևաչափ:
– Առաջին հերթին՝ անսպասելի բռնկված զգացմունքի պատմություն, որին դրամատիզմ են հաղորդում հերոսների արժեքային ավանդույթների, ինքնության, տարիքի տարբերությունները։ Այլապես՝ մեր երկրում որևէ ժանր առանձնահատուկ պահանջարկ չունի, կամ ես դրանից տեղյակ չեմ։
– Հայտնի է, որ վեպի հերոսը հայ է՝ Հայաստանից Մոսկվա մեկնած մաչո: Տիպիկ հայկական իրականությա՞ն եք անդրադարձել այս պատմության մեջ:
– Տեղ-տեղ՝ տիպիկ, տեղ-տեղ՝ ոչ, քանի որ հերոսը փորձում է կոտրել իրեն ճնշող կարծրատիպերը։
– Փաստորեն, կարծրատիպերն այս դեպքում հերոսին խանգարում են… Սովորաբար Մոսկվա արտագնա աշխատանքի մեկնած հայ տղաները կարծրատիպերով ապրում են, ավելի ճիշտ՝ կարծրատիպերն են իրենց ապրեցնում:
– Միջավայրում ներգրավվելու կամ առանձնանալու տարբեր միտումներ են բնորոշ Ռուսաստան մեկնող հայերին: «Սերը Մոսկվայում» վեպի հերոսը կարիք ունի հոգեբանորեն «հայաթափվելու», բայց բախվում է օտարատյաց, անհարմարավետ, անդեմ ու անտաշ մի քաղաքի։
– Գիտեմ, որ այս գրքի վրա երկար եք աշխատել՝ մի քանի տարի: Աշխատատա՞ր էր:
– Այո, 5-6 տարի։ Բարդ է սիրո, հատկապես երջանկության շրջանի պատմությունը հետաքրքիր դարձնել ընթերցողի համար։ Պատահական չեն Տոլստոյի խոսքերը՝ բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար։ Բացի այդ, զարմանալի ձևով, ինչքան մոտ ես քո ժամանակին, իրականությանը, էնքան նյութը դժվար է տրվում գեղարվեստականացման, մոդելավորման, ընդհանրացման… Եվ ամենակարևորը՝ հեղինակը պետք է կարողանա նույնանալ իր գլխավոր հերոսի հետ, բայց թույլ չտա իր անձական թարմ ապրումները խառնվեն՝ սենտիմենտալ ուղերձի վերածելով նոր մի աշխարհ ստեղծելու կոչված վեպը։
– Վեպում արտագաղթի թեմա կա՞, թե՞ պարզապես իրավիճակն եք նկարագրել:
– Ոչ, արտագաղթը ֆոնային թեմա է։