«Նույնիսկ լինելով ԵՏՄ կազմում՝ ՀՀ-ն կարող է կայացնել քաղաքական որոշում և ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրել»

Հարցազրույց Չեխիայի փոխվարչապետ (2002-2004թթ.), Արտաքին գործերի նախարար
(2002-2006թթ), ներկայումս Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր և
Պրահայի առաջատար բուհերի դասախոս Կիրիլ Սվոբոդայի հետ

– Պարոն Սվոբոդա, 2013թ. վիլնյուսյան ձախողումներից հետո առաջին անգամ Ռիգան հյուրընկալեց «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որը, մի շարք միջազգայնագետների պնդմամբ, պետք է լուրջ ձեռքբերումներով առանձնանար, այնինչ արդյունքները, որոշ փորձագետների գնահատմամբ, հիասթափեցնող էին, ոմանց գնահատմամբ էլ` համարժեք ԵՄ հարևանության տարածքում առկա իրողություններին։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում ԱլԳ Ռիգայի գագաթաժողովի արդյունքները։ Ձեր կարծիքով` ի՞նչն էր նշանակալի այս գագաթաժողովում։

– Բնականաբար, այս գագաթաժողովը և դրա արդյունքները կարևոր էին հասկանալու համար` ինչ ասել է` ԵՄ Հարևանության քաղաքականություն այն պայմաններում, երբ կա ուկրաինական հակամարտություն։ Այս թեման էր գլխավորում գագաթաժողովի քննարկումներում։ Ուշագրավն այն է, որ ԵՄ-ն շարունակում է հետաքրքրված մնալ պրոյեկտի շարունակականությամբ, իր գործընկերներին աջակցություն, իսկ դրանից հետո` ԵՄ անդամակցության հեռանկար տրամադրելու հարցով։ Սակայն այսօր ուկրաինական պատերազմը կարևոր հենակետ է դարձել այս քաղաքականության համար, մասնավորապես այն, թե ինչ սահմաններով կարող է շարունակել իր ապագան ԵՄ Հարևանության քաղաքականությունը` հաշվի առնելով նաև ԵՄ-ի առանցքային դերակատարությունն ուկրաինական ճգնաժամում։

Գագաթաժողովի արդյունքները վերլուծության ենթարկելով` կարող ենք ասել, որ ԱլԳ ապագան կախված է նրանից, թե երբ և ինչպես կկարգավորվի ուկրաինական ճգնաժամը, որն իր հերթին` ճգնաժամի է հանգեցրել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները։

– Ուկրաինայում ծավալված ողբերգական իրադարձություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ անդամ երկրների համար ԱլԳ ծրագիրն այնքան կարևոր չէ, որքան այդ պատերազմից առաջ էր, քանի որ ուկրաինական պատերազմի, ՌԴ-Արևմուտք առճակատման, տարաձայնությունների պայմաններում ռիսկային է առաջ մղել այն նախագիծը, որը հենց խնդրահարույց տարածաշրջանին է վերաբերում։ Ձեր կարծիքով` պահպանվել է այս ծրագրի նկատմամբ ԵՄ-ի հետաքրքրությո՞ւնը, թե՞ գիտակցում կա, որ այս երկրներին անհնար է վերջնականապես ինտեգրել եվրոպական տիրույթին` ռուսական գործոնի պատճառով։

– ԵՄ-ի համար «Արևելյան գործընկերությունը» կարևոր է, քանի որ ԵՄ-ն ցանկանում է ունենալ անվտանգ, կայուն, խաղաղ հարևանություն և սերտ հարաբերություններ իր հարևանների հետ, եթե նրանք են դա ցանկանում։ Սա այն պարզ բանաձևն է, որն այս պրոյեկտը ԵՄ-ի համար կարևոր է դարձնում, հենց այդ պատճառով էլ այս պրոյեկտը հիմնվեց տարիներ առաջ։ Պարզապես առաջին հերթին` Ուկրաինայի, ապա նաև մեր` ԵՄ, ԱլԳ երկրների բարօրության համար պետք է հասնենք ուկրաինական հակամարտության կարգավորմանը, պատերազմի դադարեցմանը։ Մեզ համար կարևոր է ցույց տալ մեր բոլոր գործընկերներին, որ մենք Ռուսաստանի հետ կարողացանք կարգավորել Ուկրաինայի հարցը։ Դա բոլորին համարձակություն կներշնչի։

– Նույնիսկ ուկրաինական ճգնաժամի կարգավորումից հետո, Ձեր կարծիքով, ԱլԳ-ն իր ներկայիս ձևաչափով ունի՞ ապագա։ Խնդիրն այն է, որ արդեն իսկ ասոցիացված Վրաստանը, Մոլդավան և Ուկրաինան կարծում են, որ չասոցիացված և ԵՄ-ի հետ անորոշ հարաբերություններ ունեցող իրենց ԱլԳ մյուս գործընկերները դանդաղեցնում են իրենց ինտեգրացիան ԵՄ-ի հետ, այս երկրները խոչընդոտ են, ուստի պահանջում են պրոյեկտի ձևաչափի փոփոխություն։ Ըստ Ձեզ` սա ճի՞շտ մոտեցում կլինի։

– Ես համաձայն եմ խմբավորման անհրաժեշտության մասին հնչող կարծիքներին։ Բայց ես պրագմատիկ եմ։ ԱլԳ երկրների քաղաքացիների համար ամենակարևորն այն է, որ նրանք զգան այդ պրոյեկտի կոնկրետ ձեռքբերումները, օգուտները։ Նորից Ուկրաինան այս հարցում խոչընդոտող բաղադրիչ է, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ԵՄ-ն աջակցելու է այս ծրագրի անդամ երկրներին, այնպես, ինչպես նախկինում, այսինքն` ԵՄ-ն աջակցելու է այս վեց երկրներին, բայց ես ուզում եմ տեսնել կոնկրետ արդյունքներ։ Սա է քաղաքացիների համար գլխավոր փաստարկը, որպեսզի նրանք հասկանան, որ ԵՄ քաղաքականությունը քաղաքականություն չէ քաղաքականության համար, այլ ինչ-որ հստակ ծրագիր է, հստակ առաջարկներով և աջակցությամբ։ Իսկ այս նպատակին կարելի է հասնել նաև մեկ ձևաչափով` յուրաքանչյուր երկրին ցուցաբերվող առանձնահատուկ մոտեցմամբ։

ԱլԳ երկրները պետք է բարեփոխումներ իրականացնեն և ոչ` ԵՄ-ի պատճառով, այլ սա յուրաքանչյուր երկրի գլխավոր հետաքրքրությունն ու շահը պետք է լինի։ Քաղաքացիական հասարակությունը, երկրի բոլոր համակարգերը պետք է ազատականացվեն, բարգավաճեն։ ԵՄ-ն դաստիարակ չէ, որ ասի` ինչպես դա անել, մենք կարող ենք այդ երկրներին միայն օգնել այդ ճանապարհին, չենք կարող պարտադրել։ ԵՄ Հարևանության քաղաքականությունը նախատեսված է հարևանության այն երկրներին աջակցելու համար, որոնք ցանկանում են դա և ունեն դրա կարիքը։ Իսկ այս գործընթացները հենց այդ երկրների ձեռքերում են, մենք միայն օգնում ենք։

– Ձեզ հայտնի է ՀՀ արտաքին քաղաքական բևեռի ընտրության պատմությունը։ Ռիգայում ՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվեցին ապագայում աշխատել նոր համաձայնագրի վրա, որը կփոխարինի ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրին։ Կա՞ն երաշխիքներ, որ Հայաստանը կկարողանա ստորագրել ապագա այդ փաստաթուղթը։

– Հայաստանի դեպքում ևս Հայաստանի ձեռքում է, Հայաստանը պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան, զարգացումը, տեսքը։ ԵՄ-ն չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ ԵՄ-ն հետաքրքրված է, ցուցադրել է այդ հետաքրքրվածությունը։ Այսինքն` ԵՄ-ն կարող է օգտակար լինել Հայաստանին, աջակցել Հայաստանին, սակայն քաղաքական որոշումը պետք է լինի Հայաստանինը։ Այո, Հայաստանն ունի խնդիրներ, բայց Հայաստանը կարող է կայացնել իր որոշումը` նույնիսկ ԵՏՄ կազմում լինելով։

– Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Պրահայում էր, որտեղ հանդիպեց իր չեխ պաշտոնակցին։ Չեխիայի վարչապետը խոսել էր այն մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և Չեխիայի, ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Որքանո՞վ են իրատեսական այս ցանկությունները, երբ ԵՄ-ն ու ԵՏՄ-ն, ի դեմս Ռուսաստանի, միմյանց դեմ շարունակում են պատժամիջոցներ կիրառել։

– Ես ստիպված եմ չհամաձայնել մեր երկրի վարչապետի արտահայտած մոտեցումների հետ։ Ես չեմ հավատում, որ որևէ երկիր, այդ թվում` Հայաստանը, կարող է կամրջի դերակատարություն ստանձնել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, Ռուսաստանի և այլ երկրների միջև։ Այդ խնդիրները կարգավորվում են ԵԱՀԿ Մինսկի խաղաղ գործընթացի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, այդ շրջանակում, և դա լավագույն ձևաչափն է։ Ես կարծում եմ, որ կամուրջների կարիք չկա նույնիսկ իմ երկրի պարագայում։ Սա մի շրջանակ է, որտեղ այլ երկիր չպետք է մուտք գործի, իսկ քանի դեռ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն այսպիսին են, պետք է գործի Մինսկի խաղաղ գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս